Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա «Վեոլիա Ջրի» ցանկությունը, առավել եւս քմահաճույքը չէ». ընկերությունը` ջրի սակագնի բարձրացման մասին

Օգոստոս 16,2017 19:45

Ի՞նչ հիմնավորմամբ է «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրի սակագնի բարձրացման առաջարկ անում: Այն հայտարարությունից հետո, թե ընկերությունը ջրի սակագինը 14 դրամով թանկացնելու առաջարկով է հանդես գալու` սակագինը 180 դրամից 194 դարձնելու համար, հանրությանը հիմնականում այս հարցն է հետաքրքրում:

Aravot.am-ի գրավոր հարցմանը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից պարզաբանեցին. «Իրոք, օրերս «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ջրամատակարարման, ջրահեռացման մատուցվող ծառայությունների գործող սակագների ճշգրտման հայտ է ներկայացրել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Նշենք, որ դա Վեոլիա Ջրի ցանկությունը չէ, առավել եւս քմահաճույքը, այլ իր գործունեության համար հիմք հանդիսացող եւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից տրված Լիցենզիայի հստակ պահանջ է եւ ունի լուրջ տնտեսական հիմնավորում: Ներկայումս գործող սակագները նախատեսված են միայն վարձակալության պայմանագրի առաջին տարվա համար: Դրանք ձեւավորվել են հայկական կողմի հայտարարած միջազգային մրցույթի մասնակից ֆրանսիական Վեոլիա Գրուպ ընկերության ու ՀՀ Կառավարության միջեւ բանակցությունների արդյունքում ու ընդունվել են ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից:

Իսկ ահա մեր գործունեության բոլոր հաջորդ տարիներից յուրաքանչյուրի համար սակագները ձեւավորվում են որոշակի մեթոդաբանությամբ, որի հիմքը Պայմանագրի բոլոր 15 տարիների համար նախատեսված Բազիսային սակագներն են ու դրանց ճշգրտման բանաձեւը: Սակագնի վրա ազդող գործոններից մեկը` մանրածախ ջրամատակարարման ծավալն է, 2-րդը` էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունը և 3-րդ` սղաճը: Դրա համար սահմանված ժամկետներում մենք դիմել ենք նշված Հանձնաժողովին համապատասխան հայտով ու այն հիմնավորող փաստաթղթերով:

Ուրիշ է, որ ՀՀ ՀԾԿՀ-ն կարող է համաձայնվել մեր փաստարկների հետ կամ`ոչ: Դա նրա իրավասությունն է, որի շրջանակներում կարող են նաեւ լրացուցիչ ստուգումներ իրականացվել, ճշգրտվել որոշ ցուցանիշներ, ինչի արդյունքում եւ կկայացվի վերջնական որոշումը»:

Մեր այն հիշեցմանը, թե Սպառողների խորհրդատվության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի պնդմամբ, երբ 2005-ին պայմանագիր կնքվեց Երևանի ջրամատակարարման սպասարկման ակնկալիքով, այն ժամանակ ջրի սակագինը 90 դրամ էր: Պայմանագրում գրված էր, որ հինգ տարի անընդհատ սակագինը կբարձրանա և վեցերորդ տարին կսկսի իջնել: Մինչդեռ հիմա հակառակն ենք տեսնում և հարցին ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը և ինչո՞ւ չեն պահպանվում պայմանագրում նշված կետերը, ընկերությունից գրավոր պարզաբանեցին. «Վեոլիա Ջուր» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2017 թվականի հունվարի 1-ից և պատասխանատվություն չի կրում նախորդ տարիների ջրամատակարար կազմակերպությունների գործողությունների համար:

Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ 2006-2016 թթ Երևանի ջրամատակարարման համակարգը կառավարող` Երևան Ջուր ՓԲԸ ևս հիմնադրվել էր ֆրանսիական Վեոլիա Գրուպ-ի կողմից, հավանաբար դուք այդ շրջանը նկատի ունեք, ասենք, որ ընկերությունը 2006թ.սկսել է աշխատել 172,8 դրամ/խմ սակագնով, 10 տարի անց՝ 2016թ. մայիսի 31-ին ավարտել է իր գործունեությունը բացարձակ արտահայտությամբ` սակագնի 2,544 դրամ նվազեցմամբ: Եվ դա այդ տարիների ապրանքների եւ ծառայությունների համատարած թանկացման պարագայում:

Ավելին, 2015 թվականին ընկերությունը մտադրվել էր մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների սակագինը 2015/2016 թթ համար բարձրացնել 2,4 դրամով, սակայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում չպնդեց գործող սակագների բարձրացման անհրաժեշտությունը` գիտակցելով իր՝ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպության սոցիալական պատասխանատվությունը: Համաձայնեք, որ այսպիսի արդյունքով ոչ բոլոր հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարող էին և կարող են հպարտանալ»:

Մեր այն դիտարկմանը, թե Կարեն Չիլինգարյանի համոզմամբ՝ ավելի ճիշտ կլիներ, եթե Վեոլիա Ջուրը զբաղվեր ջրակորստի նվազեցման հարցերով, ոչ թե բարձրացներ սակագինը: Ի՞նչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ, ընկերությունից այսպես արձագանքեցին. «Ընկերությունն ունի հոսակորուստների նվազեցման հստակ պարտավորություն: Հետևաբար, ջուր մենք խնայում ենք, և ոչ քիչ քանակությամբ: Համակարգի վերակառուցումը, բաշխիչ ցանցի գոտիավորումը և վթարների շուտափույթ վերացումը ինքնըստինքյան հանգեցնում են ջրի տնտեսմանը: Բանն այն է, որ հոսակորուստներն անմիջականորեն կապված են մեր եկամտաբերության հետ, հետևաբար, այս պարագայում, ավելի մեծ շահագրգռվածություն հենց ընկերությունն ունի: Ի վերջո, մենք մեզ պարտավորված ենք զգում արդյունավետ օգտագործելու ջուրը` հաշվի առնելով, որ բնության այդ անգին պարգևը կարող է վերարտադրվել առավելագույնը նույն ծավալով, եթե իհարկե, մարդն անհարկի չմիջամտի բնության գործերին»:

Իր գրավոր պատասխանում հետգրությամբ «Վեոլիաջուր»-ը նշում է. «Եվ վերջում կցանկանայինք մի բան ավելացնել. խորհուրդ ենք տալիս բոլոր նրանց, ովքեր իրենց փորձագետներ, բնապահպաններ ու մասնագետներ են կոչում, հասարակության բոլոր անդամների շահերը շոշափող նման հարցերի առնչությամբ հրապարակային ելույթներից առաջ ծանոթանալ գործող օրենսդրության նորմերին ու պահանջներին: Կամ գոնե իմանալ՝ որտեղ է գտնվում Վեոլիաջուր ընկերությունը ու ինչպես է այն լուծում առօրյա խնդիրները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Անհրաժեշտ է կրճատել ջրի կորուստները, որը հնարավորություն կտա բարելավելու կազմակերպության գործունեության արդյունավետության մակարդակը: Իսկ ջրի գնի անընդհատ բարձրացումը հանդիսանում է խնդրի մակերեսային լուծում ու ու լավ բան չի խոստանում: Դա կլինի ոչ պետական ևոչ ժողովրդական որոշում, որը նույնպես կնպաստի բնակչության արտահոսքին: Իսկ պետական կոմիտեի ձեռագիրը պարզ է…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031