Հայաստանի լողի պատանեկան հավաքականն օգոստոսի 23-ից 28-ը ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում կմասնակցի պատանիների աշխարհի առաջնությանը:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանի փոխանցմամբ Ինդիանապոլիս մեկնելու են մեր լավագույն երեք պատանի լողորդները՝ Արթուր Բարսեղյանը, որը հանդես կգա 50 եւ 100 մետր ազատ ոճերում եւ 50 մետր բատերֆլայում, Վարսենիկ Մանուչարյանը՝ 50 եւ 100 մետր ազատ ոճերում, 50 մետր բատերֆլայում եւ Անի Պողոսյանը՝ 50 եւ 100 մետր ազատ ոճերում եւ 50 մետր թիկնալողում:
Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ոչ միայն աշխարհի պատանիների առաջնությունում մեր լողորդներից որոշակի ակնկալիքներ ունեն, այլեւ հույս հայտնեց, որ հնարավոր է՝ առաջին անգամ Հայաստանը օլիմպիական խաղերի մասնակից էլ ունենա: «Մենք փոքրիկ քայլերով, անշտապ առաջ ենք ընթանում՝ լրջորեն աշխատելով հանրապետությունում լող մարզաձեւի աշխարհագրությունն ու մասսայականությունը մեծացնելու ուղղությամբ: Դա նաեւ որակ ստանալու երաշխիքն է: Նշածս երեք պատանի լողորդների ցուցանիշները մեկնարկից՝ մեկնարկ աճում են: Նրանք արդեն իրենց տարիքային խմբի Հայաստանի ռեկորդներն են գահընկեց անում: Մարզական արդյունքների այս կայուն աճը Անի Պողոսյանին եւ Արթուր Բարսեղյանին 2018 թ. պատանեկան օլիմպիական խաղերի «B» կարգի վարկանիշ են բերել: Եթե առաջընթացի այս տեմպերը շարունակվեն, չի բացառվում, որ նրանք, ինչպեսեւ Վարսենիկ Մանուչարյանը, պայքարեն նաեւ Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար», – ասաց Հովսեփ Մեսրոպյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հովսեփ Մեսրոպյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում: