Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հիշատակում է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությունը. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 16,2017 18:55

Աշխարհի բնակչության երկու երրորդից ավելին զրկված է կրոնի ազատության իրավունքից, այսօր հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ներկայացնելով Աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցը.

«Աշխարհի բնակչության գրեթե 80 տոկոսն ապրում են իրենց կրոնի ազատության սահմանափակման կամ դրա դեմ ուղղված թշնամական գործողությունների պայմաններում»:

Պետքարտուղարի խոսքով, կրոնի ազատության հետ կապված առավել բարդ է իրավիճակը Դաեշի ահաբեկիչների վերահսկողության տակ եղած տարածքներում, որտեղ եզդիները եւ քրիստոնյաները լավագույն դեպքում հատուկ հարկ են վճարում, սակայն հաճախ՝ սպանվում, բռնաբարվում կամ վաճառվում որպես ստրուկներ: Լուրջ խնդիրներ կան նաեւ Սաուդյան Արաբիայում, Չինաստանում, Պակիստանում, Սուդանում, Իրանում եւ Թուրքիայում, նշում է պետքարտուղար Թիլերսոնը.

«Թուրքիայում իշխանությունները շարունակում են սահմանափակել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մարդու իրավունքները, իսկ որոշ համայնքներում շարունակվում են կրոնական սեփականության շուրջ վեճերը»:

Մասնավորապես, զեկույցում նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայցը, որը պահանջում է վերադարձնել 1915 թվականին ապօրինի կերպով գրավված Կաթողիկոսի նստավայրը Սիսում: 2016-ի հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել էր հայցն ընթացակարգային պատճառներով, սակայն, դեկտեմբերին հայցվորը դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Զեկույցը հիշատակում է նաեւ, որ Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են կրոնական ծիսակատարություններն Ախթամար կղզու հայկական եկեղեցում:

Ադրբեջանում 2016-ին ձերբակալվել է կրոնական 86 առաջնորդ, որոնց տեղական դիտորդները քաղբանտարկյալ են համարում: Պետքարտուղարությունն ընդգծում է, որ առավել բարդ է ոչ ավանդական կրոնական խմբերի վիճակը, որոնք փաստորեն զրկված են ազատ հավաքվելու իրավունքից: «Իշխանությունները շարունակում են փակել կրոնական հաստատություններ եւ խափանել կրոնական ծառայությունները», – նշում է Պետքարտուղարությունը:

Հայաստանում մտքի, խղճի եւ կրոնի ազատությունն ապահովված է Սահմանադրությամբ, նշված է զեկույցում, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին հռչակված է Հայաստանի ազգային եկեղեցի եւ ազգային ինքնության պահապան: Կրոնի ազատության դեմ ուղղված միջադեպերը Հայաստանում, հարեւանների համեմատ, հազվադեպ են, սակայն՝ գոյություն ունեն: Մասնավորապես, զեկույցը նշում է 2016-ի հոկտեմբերի 2-ին Վանաձորի ավետարանական եկեղեցու քահանայի դեմ բռնությունները եւ Եհովայի վկաների դեմ ճնշման 17 դեպքերը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031