Ֆեյսբուքում աղմուկ էր բարձրացել Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում Շողագավանքի տարածքում նորահայտ գերեզմանների վերաբերյալ: Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի գյուղապետ Լյովա Գրիգորյանը asekose.am-ին ասել էր , որ համացանցում տարածված նկարում պատկերված գերեզմանոցը գյուղի եկեղեցու մոտ է 1962 թվականից: «Եթե գերեզմանոցը քանդվի գյուղապետի կողմից՝ արդյո՞ք այն չի որակվի որպես վանդալիզմ: Իմ գյուղապետ լինելու տարիներին երբևէ նման դեպք չի եղել, իսկ հինը մենք պարտավոր ենք խնամքով պահելու և ոչ թե քանդելու»,-նշել էր Լյովա Գրիգորյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Գեղարքունյաց թեմի հոգեւոր ատենապետ, բանաստեղծ եւ երգահան Հայրիկ Ղազարյանի որդին` Սարո Ղազարյանը նշեց, որ ինքը գիտի իրենց տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանները, իր ձեռքով մոտ 800 խաչքար է հողի տակից հանել ու փրկել կործանումից: «Համացանցում տեսա գրառում Շողագավանքի տարածքում գտնվող գերեզմանների վերաբերյալ: Եվ հենց այդ գրառման տակ էլ մեկնաբանություն եմ թողել: Կարծում եմ, որ միտում կա գյուղապետին ու նախկին մարզպետին կպնելու…Երկու ննջեցյալների գերեզման է նկարված, մինչդեռ էդտեղ ոչ թե երկու գերեզման կա, այլ 100 գերեզման: Մեր պապերը 1829-30 թթ. Ալաշկերտից են եկել, եւ գերեզմանը եղել է Շողագավանքի մոտ: Այդտեղ են թաղված գյուղացիների բոլոր նախնիները, պարզապես այդ երկու քարն է նկարվել ու քարի վերաբերյալ են քննարկումներ արվել համացանցում: Ընդ որում՝ առաջին ննջեցյալի քարը 27 թվի է, մյուսինը` 54: Այդ գերեզմանոցը արդեն 60 տարի չի գործում: Քննարկումներում ասում են, թե իբր նախկին մարզպետը եւ գյուղապետը տարածքը վաճառել են, տվել են, որ մարդիկ իրենց հարազատներին թաղեն, մինչդեռ այդ ժամանակ ոչ մարզպետն է ծնված եղել, ոչ գյուղապետը»,-ասաց Սարո Ղազարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Ֆեյսբուքից: