Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» ամռանը ոչ մի ուժի հետ էլ չի հանդիպել. դա ապատեղեկատվություն է». Արմեն Մարտիրոսյան

Օգոստոս 16,2017 17:03

«Ժառանգություն» կուսակցության  փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ո՛չ ինքը, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը ամռան ընթացքում քաղաքական ուժերի հետ հանդիպումներ չեն ունեցել: Այն աղմուկը,  թե «Ժառանգությունը» ընդդիմության խոշորացման նպատակով հանդիպումներ է անցկացրել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ, ուռճացված է, քանի որ ամռան ընթացքում նման հանդիպումներ չեն եղել:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս առիթով հայտնել էր, որ իրենց համար հասկանալի չէ`«Ժառանգությունն» ինչ ձևաչափով է հանդիպում. «Մենք իրենց քաղաքական օրակարգին ծանոթ չենք: Բացի այդ, հաշվի առնելով Արմեն Մարիտիրոսյանի խոսքերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրապետությունում չէ, ընդհանրապես հասկանալի չէ, թե «Ժառանգությունն» ինչ ձեւաչափով եւ ում է հանդիպում»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը ևս նշել էր, որ իրենք նման հանդիպում չեն ունեցել. «Դեռեւս ոչ, մենք դրա մասին տեղեկացել ենք մամուլից եւ իրենց համագումարի ընթացքում հնչած ելույթից, վերջին հարցազրույցներից: Այլ առաջարկություններ եւ հանդիպումներ չեն եղել»:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ևս փոխանցել էր, որ իրենք ոչ մի հանդիպում էլ չեն ունեցել. «Ժառանգությունը» ՀԱԿ-ի հետ չի հանդիպել եւ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերել»:

Պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` թեկուզ ամռանից առաջ, բայց ո՞ր ուժերի հետ և ի՞նչ մակարդակով հանդիպումներ են ունեցել, քանի որ համարյա բոլոր ուժերը պնդում են, որ «Ժառանգության» հետ հանդիպում չեն ունեցել: Պարոն Մարտիրոսյանը գերադասեց անուններ չնշել` պատճառաբանելով, եթե պայմանավորվածություն չունեն, անուն տալու իմաստը ո՞րն է: Այնուհետև վրդովվեց, թե ապատեղեկատվություն է տարածվել, որ իրենց կուսակցությունը ամռանը հանդիպումներ է ունեցել. «Ես Հայաստանում չեմ եղել վերջին 12 օրը, մինչև այդ էլ հանդիպում չեմ ունեցել, պարոն Հովհաննիսյանը ԱՄՆ-ում, Արևմտյան Հայաստանում է եղել, որտեղի՞ց պիտի հանդիպեինք: Դա եղել է ամռանից առաջ, և որևէ նոր հանդիպում չի եղել: Եղած հանդիպումների ընթացքում էլ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:

Հետաքրքրվեցինք` իսկ մտադրություն կա՞ հանդիպումները վերսկսելու, պարոն Մարտիրոսյանն ասաց` ոչ, և հիշեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերը, թե իրենք համախմբման գործընթաց չեն սկսել, ուղղակի ասում են, որ «Ժառանգությունը» պատրաստ է համախմբման, եթե մյուս ուժերը ցանկություն ունենան:

Մեր հստակեցմանը` փաստորեն մյուս ուժերը առանձնապես նախաձեռնություն ցույց չե՞ն տվել համախմբման, դրա՞ համար «Ժառանգությունը» հանդիպումները չի վերսկսկի, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց, թե ում հետ հանդիպել են, այդ անձինք դրական տրամադրվածություն են ունեցել, բայց իրենք խոսում են լայն համախմբման, իրավիճակ փոխելու մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031