2014թ. Գյումրիում դանակի մի քանի հարվածներից սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանը, ով սպանության գործով դատաքննությանը ներգրավված է որպես տուժողի իրավահաջորդ, այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ գործով դատավոր՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանը կաշկանդված է եւ պատվեր է կատարում:
«Նրան պետք է հեռացնել վարույթից: Դատավորի նպատակն է՝ կոծկել գործը: Խմբով են սպանել տղայիս, բայց մի ամբաստանյալ կա… դատավորն էլ նոր պատժաձեւ է մշակել՝ չհայտնելով նիստերի օրերը եւ չհամաձայնեցնելով ինձ հետ: Նա միանգամից հայտնում է հաջորդ նիստի օրը՝ առանց քննարկելու կողմերի հետ, մինչդեռ նախկինում համաձայնեցնում էր: Վերջերս նա բուժման գնաց եւ վերադարձավ երեք ամիս անց՝ առանց գործը այլ դատավորի հանձնարարելու: Հասկանալի է, որ բուժման է գնում, բայց անհրաժեշտ քայլեր կարող էր ձեռնարկել: Վերջին նիստերից մեկն էլ չկայացավ: Դատավորն ասաց, թե ամբաստանյալին կալանավայրից բերող մեքենան փչացել է: Դիմեցի ոստիկանություն եւ պարզեցի, որ նման խնդիր չի եղել, այսինքն՝ դատավորը կամայական հետաձգել է նիստը: Բացի այդ, երկու դեպքում նա նույն օրը եւ նույն ժամին նիստ է նշանակել եւ իմ տղայի գործով նիստը հետաձգել»,-պատմեց նա:
Տիկին Ռուզանը նաեւ ասաց, որ ամբաստանյալի մերձավորներն իրեն պարբերաբար սպառնում են, ահաբեկում: Մոտ մեկ տարի առաջ, կնոջ պատմելով, նիստի ընդմիջմանն ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը նետվել է իր կողմը, սակայն ոստիկանները չեզոքացրել են նրան: Այդ պահին, Ռուզան Ադանալյանի խոսքով, ամբաստանյալի եղբայրն է հարձակվել իր վրա, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, հարվածել: Նույնը կրկնվել է նաեւ փողոցում, սակայն երկու դեպքում հարուցված քրեական գործը կարճվել է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ