Հնագույն քաղաքակրթությունների ուսումնասիրմամբ զբաղվող հետազոտող Վազգեն Գեւորգյանի հրավերով վերջերս Հայաստան էր ժամանել Երկրահամակարգերի և տեխնոլոգիաների Սիբիրի պետական համալսարանի ֆիզիկական գեոդեզիայի և դիստանցիոն զոնդավորման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ելենա Գիենկոն եւ ուսումնասիրություններ կատարել Քարահունջում, Մեծամորի աստղադիտարանում, Տաթեւի վանքում եւ Որոտնավանքում: Ուսումնասիրությունների արդյունքները նա որոշակիորեն ներկայացրեց այսօր՝ «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում:
Գիենկոյի խոսքով՝ գիտարշավի նպատակն էր՝ մասնագիտական չափումներով փաստել, որ Քարահունջն ու Մեծամորը հնագույն աստղադիտարաններ են, իսկ հայկական խաչագմբեթավոր եկեղեցիները՝ աստղերի դիտարկման, ժամանակի հաշվարկի կենտրոններ: «Մեծամորում հաջողվեց հաստատել, որ կա դիտարկման կետ: Գտանք անցքեր ունեցող քարեր, ինչպիսիք Քարահունջում են: Մեգալիթներից մեկի անցքով երեւում է Բեւեռային կամ Հյուսիսային աստղը: Սա հաստատում է, որ Մեծամորում աստղային երկնքի դիտարկում է եղել»,-արձանագրեց գիտնականը:
Նա նշեց, որ Մեծամորում առկա են ժայռապատկերներ, որոնք հիշեցնում են պոչ ունեցող փոսիկներ. «Ուսումնասիրել եմ չինական ժայռապատկերները. ընկնող աստղերն այդպես են պատկերել: Հետեւաբար, Մեծամորում եւս հնարավոր է տեսնել ընկնող աստղերի: Մասնավորապես, օգոստոսի 11-13-ը նկատվում է Պերսեիդների աստղային հոսքը»:
Ելենա Գիենկոն եղել է նաեւ Քարահունջում. «Այն հնագույն աստղադիտարան է: Ծանոթանալով Պարիս Հերունու հետազոտություններին՝ կարող եմ ասել, որ դրանք աստղաբանության մակարդակում բավականին գրագետ են եւ ճշգրիտ: Զարմանալի քարակոթողներ են, որոնք հազարամյակների պատմություն ունեն: Դա յուրահատուկ վայր է, որտեղ մարդիկ նոր տարվա օրը՝ Նավասարդին, դիտում են Օրիոն համաստեղության ծագումը եւ արեւածագը: Երբ մարդիկ աստղերին են նայում, դա միավորում է նրանց»:
Մանրամասն ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ