Մի խումբ անձանց կողմից քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Սարգիս Ավագյանը, Սուրեն Ճանճապանյանը և Անդրանիկ Ղազարյանը մի շարք այլ անձանց հետ ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Արարատ Մորիկյանին` դիտավորությամբ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ մի քանի անգամ վիճաբանություններ են տեղի ունեցել Օշական գյուղի բնակիչ Արարատ Մորիկյանի, նրա ազգականների ու նույն գյուղի բնակիչներ` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկան Սուրեն Ճանճապանյանի ազգականների միջև: Հիշյալ միջադեպերից հետո` 30.04.2017թ.-ին, կեսգիշերին, Սուրեն Ճանճապանյանը, Օշական գյուղի բնակիչներ` ՀՀ ոստիկանության զորքերի ծառայողներ Սարգիս Ավագյանը, Անդրանիկ Ղազարյանն ու մի շարք այլ անձինք հանդիպել են Արարատ Մորիկյանին և նրանից վրեժխնդիր լինելու համար ծեծի ենթարկել վերջինիս. ոստիկանության աշխատակիցները մահակներով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արարատ Մորիկյանին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս` գանգուղեղային և մի շարք այլ վնասվածքների ձևով:
Այսպիսով, հիշյալ հանցավոր արարքների կատարման համար Սարգիս Ավագյանին, Սուրեն Ճանճապանյանին և Անդրանիկ Ղազարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: