Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տվեք ինձ իմ փողերը և վե՛րջ». կինոն՝ արտադրանք, թե՞ ռեժիսորական հնարանք

Օգոստոս 16,2017 13:15

Նախորդ հոդվածում «Առավոտը» խոստացել էր անդրադառնալ այն ֆիլմերին, որոնք պետական աջակցությամբ տարիներ առաջ մտել են արտադրություն և չեն ավարտվել: Արդյո՞ք դրանք արտադրական գործընթացի ձախողումներ են: Որքանո՞վ են օբյեկտիվ այն խոչընդոտները, որոնք պատահել են ֆիլմերի արտադրության ընթացքում: Մենք հանդիպել ենք «Երկար վերադարձ» ֆիլմի ռեժիսոր Շավարշ Վարդանյանին, «Չնչիկ» ֆիլմի ռեժիսոր Արամ Շահբազյանին և «Լակոտը»  ֆիլմի ռեժիսոր Գագիկ Հարությունյանին: 

Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» խաղարկային լիամետրաժ ֆիլմը պետական աջակցություն է ստացել և արտադրություն մտել 2014թ.-ին: Ֆիլմի արտադրողները Ազգային կինոկենտրոնն ու «Ռակուրս» ՍՊԸ-ն են: Համարտադրողներ չունի: Ֆիլմի ավարտը նախատեսված է 2017թ.-ին: Սակայն այս տարի ֆիլմը չի ստացել պետական աջակցության չափաբաժինը և, ինչպես վստահեցնում է ռեժիսորը, 2017թ.-ին չի ավարտվի:

«Երկար վերադարձ» ֆիլմի հիմքում իրական պատմություն է Արցախյան պատերազմից: Երեխաներին դաժանաբար կորցնելուց հետո կինը դառնում է վրիժառու: Կնոջ՝ Խենթ Սոնայի համար ադրբեջանցիները մեծ գլխագին են խոստանում: Սպանությունը ստանձնում են ուկրաինուհի դիպուկահարները: Սոնայի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ պատերազմի դաշտում հայտնվում է մի ֆրանսիացի բժիշկ: Դա փորձություն է դառնում երկուսի համար էլ. կկարողանա՞ հերոսուհին նոր կյանք սկսել, թե՞ այն, ինչ ավերել է պատերազմը, այլևս անդառնալի է:

«Պրոդյուսերը թողնում փախչում է, անավարտ ֆիլմը մնում է ռեժիսորի ուսերին». Շավարշ Վարդանյան

– Պարոն Վարդանյան, ո՞ր թվականից են սկսվել ֆիլմի աշխատանքները, ինչպե՞ս է եղել արտադրության ընթացքը, ո՞վ է ֆիլմի պրոդյուսերը կամ իրավատերը

– Երկար վերադարձ ֆիլմը արտադրություն է մտել 2014-ի աշնանը, ապա՝ շարունակվել 2015 և 2016 թվականներին: Բուլղարական մի կազամկերպություն համաձայնել էր 200 հազար եվրոյով մասնակցել արտադրությանը, համարտադրող դառնալ: 200 հազար դոլար էլ խոստացել էր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մոտ 100 հազար՝ Պաշտպանության նախարարությունը: Բայց ստացվեց այնպես, որ ֆիլմը կորցրեց համարտադրողին: Բուլղարական կողմը ասուլիս տվեց և հայտարարեց, որ որոշել է Հայաստանի հետ համատեղ այսպիսի ֆիլմ ստեղծել: Բուլղարայի թուրքական համայնքը արշավ սկսեց ֆիլմի դեմ:  Բուլղարացիները հարկադրված հրաժարվեցին մասնակցությունից և ես մնացի Հասմիկ Պողոսյանի խոստացած 200 հազար եվրոյի հույսին, որ պիտի տրամադրեր Կինոկենտրոնը: Բայց նախարարը ևս խոստումը չկատարեց, ասաց՝ 100 հազարով կարող ենք աջակցել: Նման ծիծաղելի գումարով հնարավոր չէ ֆիլմ նկարել:

– Այնուամենայնիվ, ֆիլմի նկարահանումները Կինոկենտրոնի տրամադրած գումարով կատարվել են: Ո՞ր փուլում է անավարտ մնացել ֆիլմը, ո՞վ է ներկայացնում «Ռակուրս» ՍՊԸ-ն:

– Լավ չգիտեմ էլ: Մոսկվայից մի պրոդյուսեր հայտնվեց՝ Վալերի Սահարյան անունով և խոստացավ գումար հայթհայթել, կազմակերպել ֆիլմի արտադրությունը: Կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ եկան համաձայնության: Վալերի Սահարյանը Մոսկվայից զանգում էր և ասում, որ փորձում է մեծահարուստ հովանավորներ գտնել: Աստիճանաբար, սկսեց միջամտել սցենարին. ուկրաինուհի դիպուկահարների պահը սրեց: Ապա ասաց, որ ինքը Մոսկվայում սցենարը կարդալու և այդ հուշումը անելու համար հինգ հազար դոլար գումար է տվել: Ինձ համար զավեշտալի էր, ամբողջ սցենարը գրելու համար ես հազար դոլար էլ չեմ ստացել: Հասկացա, որ անլուրջ մոտեցում է: Ես սխալվել էի, որ համաձայնություն էի տվել: Գևորգ Գևորգյանին էլ մի քանի անգամ ասել եմ, որ սա ավանտյուրա է:


– Փաստորեն, ֆիլմը նկարահնվել է միայն պետությա՞ն միջոցներով. համարտադրող չկա, արտադրող «Ռակուրս» ՍՊԸ-ն առայժմ որևէ իրական աշխատանք չի կազմակերպել: 

– Կինոկենտրոնի հետ պայանագիրը էսպիսին է՝ Հայաստանում նկարահանումների համար պարտավորվում է Կինոկենտրոնը: Դա արվել է՝ ամեն տարի, փոքր-փոքր գումարներով՝ 45 միլիոն, 20 միլիոն, ևս 20 միլիոն դրամ ու Կինոկենտրոնի աջակցության մասն ավարտվել է: Մնում է հետարտադրական ամբողջ աշխատանքը, որը մոտ 30 միլիոն դրամ է պահանջում:

– Կինոկենտրոնի աջակցությունը ինչպե՞ս է կազմակերպվել, ի՞նչ պարտավորություններ ունի աջակցող ֆոնդը,  ի՞նչ պարտավորություններ՝ պրոդյուսերը: 

– Կինոկենտրոնը հեքիաթային կառույց է. աջակցություն է տրամադրում, բայց պայման է դնում՝ իր կինոտեխնիկան վարձակալել: Էն գլխից իր փողը վերցնում է: Գնա մնացած գրոշներով ինչ ուզում ես արա: Մինչդեռ շուկան բոլորովին կարգավորված չէ: Հոնորարները, վարձակալության իրական գները կապ չունեն Կինոկենտրոնի հաշվարկած բյուջեի հետ: Ցանկացած ֆիլմի տնօրենի համար ծանր խնդիր է՝ հատկացված գումարը այնպես բաշխել, որ և՛ վարձակալությունն ու հոնորարները ապահովի, և՛ ֆիլմի որակը ֆինանսական պատճառով չտուժի: Ատադրական նմանատիպ հարցեր կան, որոնց կարգավորման մեխանիզմների մասին ոչ ոք չի մտածում: Կինոկենտրոնն իր գումարը տալիս է, նախօրոք իր տեսախցիկի ու լույսերի վարձակալության փողը վերցնում և քաշվում մի կողմ: Երբ ես միջամտում էի, որ պրոդյուսերը անվստահելի է, Գևորգ Գևորգյանն ինձ ասում էր՝ գիտես, դա վաղուց էր, որ ռեժիսորը խառնվում էր ֆիլմի ֆինանսա-արտադրական հարցերին, հիմա կա պրոդյուսեր: Բայց պրոդյուսերը թողնում փախչում է, անավարտ ֆիլմը մնում է ռեժիսորի ուսերին: Հիմա ես ինչ իմանամ, էդ գումարները, որ Կինոկենտրոնը տվել է ֆիլմի պրոդյուսերին, որքանն է «կերել», որքանն է ֆիլմի վրա ծախսել: Միգուցե իրար հետ են կերել, ես չեմ կարող իմանալ, ինձ ոչ ոք ֆինանսական ծախսերի մասին տեղյակ չի պահել: Իմ ոտքուձեռքը կապված է. ֆիլմը պրոդյուսեր ունի, այս պահին Հրաչ Մովսիսյանն է, նրանն է պարտավորությունը, հավանաբար Ձեր ասած «Ռակուրս» ՍՊԸ-ն հենց իր կազմակերպությունն է:

– Ունե՞ք Կինոկենտրոնի և «Ռակուրս» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի օրինակ:

– Իհարկե չունեմ: Գիտեմ, որ 2017թ, ապրիլին ըստ պայմանագրի պիտի ավարտեինք ֆիլմը: Նախկին պրոդյուսեր Վալերի Սահարյանը զանգել, խնդրել էր Կինոկենտրոն՝ ժամկետը հետաձգել մինչև սեպտեմբեր, բայց ակնհայտ է, որ սեպտեմբերին էլ չի ավարտվի: Նկարահանումները ավարտված չեն, պետք է նկարահանել ֆրանսիացի բժշկին՝ ծեր տարիքում, երբ նա պատմում է պատմությունը: Մոնտաժի ու հետարտադրության ամբողջ աշխատանքները դեռ կան:

 – Այժմ կինոոլորտը նոր ղեկավարություն ունի. փոխվել է թե Մշակույթի նախարարը, թե Կինոկենտրոնի: Չե՞ք քննարկել ֆիլմի հետագա ճակատագրի հարցը:

– 2016թ. վերջին մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանը անավարտ ֆիլմերն էր դիտում, մեր ֆիլմը չգիտեմ ինչու, չնայեց: Պիտի անձամբ դիմեմ նախարարին, քանի որ այս տարվա բյուջեն արդեն բաշխվել է, գոնե մյուս տարի նախատեսեն: Որովհետև հարց է առաջանում՝ պետությունից վերցրված գումար է ծախսվել, պետությունը պիտի հարց տա՝ ի՞նչ եք արել, ո՞ւր է ֆիլմը, պատասխանատվությունից չպիտի խուսափի ռեալ գումար ներդրողը, այս դեպքում՝ Կինոկենտրոնը: Մանավանդ, որ այնպես է ստացվել, որ ֆիլմը հիմնականում նկարահանվել է պետության միջոցներով, համարտադրողները չեն կատարել իրենց պարտավորությունը, դա ըստ էության պետության ֆիլմն է: Պետությունը հարկ եղած դեպքում պիտի կարողանա նույնիսկ դատի տալ պրոդյուսերներին: Ամբողջ Կինոկենտրոնը հաշվապահներ են նստած, ինչ են հաշվում, չես հասկանում: «Հայֆիլմ» կինոստուդիան վաճառեցին, պավիլիոնները, ենթակառուցվածքները, ձայնագրման ստուդիան կորցրեցինք և հիմա ստիպված էդ ամեն ինչը վարձակալում ենք: Տարրական բան՝ աշխատանքային գրասենյակ անգամ չունի ստեղծագործական խումբը, դա էլ պիտի վարձակալել, նկարահանող խումբը մի տեղ պիտի հավաքվի աշխատի, չէ՞:Նույնը՝ Կինոգործիչների միության կառույցը: Ձեթ ու շաքարավազ է բաժանում, փոխանակ կինոգործիչների համար աշխատանքային պայմաններ ստեղծի: Ընդհանրապես, հին կադրերի ժամանակն անցել է, նոր սերունդ է պետք, հիմա նոր մարդիկ են եկել, հուսանք կվերակառուցեն կինոարտադրությունը:

«Մեր երկիրը ձախողում է չորս երկրի համարտադրությամբ ստեղծվող կինոնախագիծը». Արամ Շահբազյան

Արամ Շահբազյանի «Չնչիկը» ֆիլմը պատմություն է մի խենթ աղջկա մասին, որն ապրում է փակ հասարակությունում: Կարծրատիպերով ապրող հասարակությունը մեկուսացնում է տարբերվող անհատին, պարտադրում իր կանոնները և իրավունք վերապահում դատել ու վճռել անհատի ճակատագիրը: Մարդն իր հեքիաթային աշխարհով և ցանկություններով մնում է անպաշտպան:

Ֆիլմը չորս երկրի համարտադրություն է՝ Շվեյցարիա, Գերմանիա, Հոլանդիա, Հայաստան: Արտադրություն է մտել 2008 թվականին: Արտադրող ընկերությունը «Արմնա» ՍՊԸ-ն է:

Պարոն Շահբազյան, ի՞նչ ճանապարհ է անցել «Չնչիկ» նախագիծը և ինչպե՞ս է կարողացել դուրս գալ միջազգային կինոասպարեզ:

– 2003թ. նախագիծը մասնակցել է կինոնախագծերի զարգացման համակովկասյան շվեյցարական ԱՎԱՆՏԻ ծրագրին (SDC – Swiss Development Agency – AVANTI) և շահել է դրամաշնորհ՝ 75 000 $: 2004թ. սցենարը վերջնական պատրաստ էր և նախագիծը շքերթային հաջողություն ունեցավ եվրոպական մի շարք կինոֆոնդերում. 2004թ. ստացավ 10000 € դրամաշնորհ ՀՅՈՒԲԵՐԲԱԼՍ ֆոնդից (HBF -The Netherlands) սցենարի զարգացման համար: Ապա նախագիծը մասնակցեց Ռոտերդամի կինոփառատոնին կից կինոշուկային: Շուկայի մրցույթն անցնելուց հետո Հյուբերբալս ֆոնդից ստացավ արտադրական դրամաշնորհ 50000 €, այդ տարի շուկան երկու նախագծի տվեց արտադրական դրամաշնորհ, որից մեկը «Չնչիկն» էր: Եվս մեկ դրամաշնորհ՝ 50000 € նախագիծը ստացավ ՎՈՐԼԴՍԻՆԵՄԱ ֆոնդից (WCF – Germany): Այսինքն, այս նախագիծը ի սկզբանե եվրոպական արտադրողների ուշադրության կենտրոնում է եղել:

– Հայաստանը ե՞րբ և ինչպե՞ս է միացել ֆիլմի արտադրական աշխատանքներին:

– «Չնչիկն» արդեն ուներ համարտադրության պայմանագրեր գերմանական, շվեյցարական, հոլանդական կինոընկերությունների (Els Vandevorst-ISABELLA FILMS, The Netherlands, Martin Hagemann-ZEROFICTION, Germany, Andres Pfaeffli -VENTURA FILM, Switzerland) հետ, որից հետո միայն հայկական կողմի պրոդյուսերները դիմեցին Ազգային կինոկենտրոնի աջակցությանը: Ֆիլմի բյուջեի 30 տոկոսը կազմում էր մոտ 200 հազար դոլար, դա այն գումարն էր, որ նախագիծը ակնկալում էր հայկական կողմից: Ազգային կինոկենտրոնը սովորաբար բոլոր նախագծերին բյուջեի առնվազն 30 տոկոսը տրամադրում էր: Սակայն Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը 200 000 դոլարի փոխարեն տվեց 100 000 դոլար: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Արա Մնացականյանը ստիպված էր համաձայնել այդ գումարին, քանի որ հրաժարվելու դեպքում մենք կկորցնեինք եվրոպական ֆոնդերից շահած գումարները: Այդ ֆոնդերը շահած գումարի պահպանման տարբեր ժամկետներ ունեն, բայց դրանք չեն գերազանցում մեկ, մեկուկես տարին:

Ինչպե՞ս է կազմակերպվել ֆիլմի արտադրությունը, ի՞նչ արտադրական խնդիրներ է ունեցել: 

-Սարսափելի ծանր արտադրական ընթացք է ունեցել: «Չնչիկը» մտավ արտադրություն 2008թ.-ին: Նկարահանումները շարունակվեցին 2009-ին: Այդ տարիները համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներն էին. կտրուկ անկում ապրեց դոլարի ու եվրոյի փոխարժեքը, եվրոպական ֆոնդերից շահած գումարները արժեզրկվում էին: Արտարժույթի փոխարժեքի տատանման մեջ մենք կորցրեցինք ֆիլմի արտադրության համար հաշվարկված գումարներ: Նկարահանումները փուլային էին, ֆիլմում առկա են չորս եղանակներ, ֆիլմը ունի մեծ դերասանական կազմ, երեխաներ, մասսայական մեծաքանակ տեսարաններ, գնացքներ, ուղղաթիռ, կենդանիներ: Բացի այդ, ֆիլմը ամբողջությամբ նկարահանվել է Լոռու մարզում: Այդ տարիներին Հայաստանում չկար նաև համապատասխան կինոտեխնիկա, լուսային ամբողջ սարքավորումները բերվում էին Վրաստանից, կինոխցիկը՝ Գերմանիայից, բեմադրող օպերատոր Հայկ Կիրակոսյանը գալիս էր Թուրքիայից, գլխավոր դերասանուհիներից Հիլդա Օհանը՝ Ֆրանսիայից: Ֆիլմը նկարահանվել է կինոժապավենով, հայ կինոարտադրության մեջ դա կինոժապավենով նկարահանված վերջին ֆիլմերից է, դրանից հետո մենք բոլորս անցանք թվային տեխնոլոգիաների:

-Ինչո՞ւ է ֆիլմը մնացել անավարտ. փաստորեն, շահել է մի քանի միջազգային դրամաշնորհ, ստացել է պետության աջակցությունը և չի ավարտվել:

– 2010թ. ֆիլմը մտավ հետարտադրական փուլ: Կատարվեց ֆիլմի մոնտաժը, դերասանների ձայնագրման աշխատանքները, բայց հետարտադրական մյուս աշխատանքները, ֆինանսական պատճառներով, մնացին անավարտ: Եթե Հայաստանը տրամադրած լիներ բյուջեի երեսուն տոկոսը, ֆիլմը վաղուց ավարտված կլիներ:

Ի՞նչ պատճառաբանությամբ հայկական կողմը, այսինքն՝ Կինոկենտրոնը չտրամադրեց նախագծի բյուջեի 30 տոկոսը: 

-Կարճ պատասխանեմ՝ որովհետև ֆիլմի պրոդյուսերները խաղում էին առողջ, բաց:

-Այսի՞նքն: Կինոկենտրոնի հետ գործարքի մեջ չմտա՞ն, ինչպես ընդունված է ասել՝ չհամաձայնեցի՞ն «ատկատ» տալ: 

-Մի քանի տրամաբանական հարց, եթե Կինոկենտրոնը չի աջակցում նախագծին համարժեք չափով: Կամ ես չափազանց անտաղանդ էի և իմ նախագծին գումար տրամադրելը ռիսկային էր: Բայց նախ՝, ինչու՞ եվրոպական ֆոնդերի խստապահանջ ժյուրին դա չէր նկատել, և երկրորդ՝ այդ դեպքում ընդհանրապես պիտի չաջակցեին: Կամ՝ Կինոկենտրոնը կանոնադրության մեջ պետք է կետ ունենար, որի համաձայն որևէ նախագծի չի տրամադրում 100 հազար դոլարից ավելի գումար: Սակայն այդպիսի պայման չկա կանոնադրության մեջ: Ավելին, Կինոկենտրոնի կողմից տարիներ շարունակ 30 և ավելի տոկոսի չափով աջակցություն են ստանում այնպիսի նախագծեր, որոնք որևէ համարտադրություն չունեն: Այդ դեպքում՝ որն է պատճառը, որ «Չնչիկ» կինոնախագծի երեսուն տոկոս աջակցությունը մերժվեց, հետևություն արեք ինքներդ:

-Ասացիք ֆիլմը կինոժապավենով է նկարահանվել, ի՞նչ եղավ ֆիլմի ժապավենի հետ, մնաց Կինոկենտրոնի արխիվու՞մ: 

-Ժապավենները նկարահանումից հետո ուղարկվեցին Մոսկվայի «Սալամանդրա» լաբորատորիա՝ երևակման: Արտադրական գումարները ավարտվեցին ու ժապավենները հինգ տարի մնացին Մոսկվայում:

2014թ. Անապայում կինոփառատոնի ժամանակ ես պատահաբար իմացա, որ «Սալամանդրա» կինոլաբորատորիան փակվել է: Այդ ժամանակ աշխարհում փակվում էին գրեթե բոլոր կինոլաբորատորիաները: Վերադարձա Երևան և Մոսկվայում ապրող ընկերներիս խնդրեցի գնալ «Սալամանդրա»: Պարզվեց, որ այդ շենքում այլևս գործում է ինչ-որ հաշվապահական ընկերություն:

Ահազանգեցի Կինոկենտրոն, տեղեկացրի, որ պետական գույքը կորել է: Ապա պարզեցինք, որ երբ «Սալամանդրան» փակվելիս է եղել, լաբորատորիայի աշխատակիցները տեսնելով, որ հայաստանյան գույքի հետևից եկող չկա, բարեխղճորեն, Գոսֆիլմոֆոնդի արխիվին էին խնդրել իրենց մոտ տեղավորել «Չնչիկի» ժապավենները:

Փաստորեն, եթե Դուք պատահաբար չպարզեիք, որ լաբորատորիան փակվել է և աղմուկ չանեիք, ֆիլմը անհետանալու՞ էր: Իսկ այդ ընթացքում՝ 2010թ-ից հետո Կինոկենտրոնը չէ՞ր պահանջում հանձնել ֆիլմը:

Ոչ: Կինոկենտրոն հանձնած է ֆիլմի մի տարբերակ, որի վրա կատարված չեն հնչյունային աշխատանքները: Բայց, հարկ եղած դեպքում, Կինոկենտրոնն ասում է՝ մենք ֆիլմին հասանելիք գումարները տրամադրել ենք և ֆիլմի պրոդյուսերն էլ այն հանձնել է: Իրականում, նրանք գիտեն, որ դա ավարտված ֆիլմ չէ, պարզապես այդպես ասելը և պատասխանատվությունից խուսափելը հեշտ է:

Ի վերջո, ֆիլմի անհետացման վտանգը պատճառ դարձավ, որ Կինոկենտրոնը միջոցներ ձեռք առնի ֆիլմը թվայնացնելու և Հայաստան բերելու համար: Մշակույթի նախարարությունը որոշեց նախնական ութ միլիոն դրամ հատկացնել ֆիլմի հետարտադրական աշխատանքները շարունակելու համար՝ նպատակ ունենալով հավելյալ միջոցներով ավարտել ֆիլմը, բայց տրամադրեց ընդամենը երկու միլիոն: Այդ գումարը բավականացրեց միայն ֆիլմի կինոժապավենները թվայնացնելուն և Հայաստան բերելուն, այն էլ Մոսֆիլմի հետ Կինոկենտրոնի վաղեմի բարեկամական կապերի շնորհիվ:

-Պետության աջակցությամբ «Չնչիկն» ավարտելը Դուք համարում եք միա՞կ տարբերակը: Դա, ի վերջո, արդեն հաջողություններ արձանագրած նախագիծ է Եվրոպայում: Քշիշտոֆ Զանուսին էր ասում, որ վարպետության դասեր է անցկացնում որպես օրինակ ունենալով «Չնչիկի» փաթեթը: 

-Չափազանց երկար ժամանակ է անցել: Ֆիլմի պրոդյուսերները հասցրել են արտագաղթել երկրից, արտասահմանցի պրոդյուսերները հասցրել են մոռանալ, որ համագործակցում էին հայաստանյան կողմի հետ: Մեր երկիրը ձախողել է չորս երկրի համարտադրությամբ ստեղծվող կինոնախագիծը: Այն դեպքում, երբ հայկական կինոարտադրության մեջ դժվար գտնեք մեկ այլ նախագիծ, որ եվրոպական երեք համարտադրող է ունեցել և միջազգային ֆոնդերից այդքան դրամաշնորհ է ստացել:

Այժմ, գլխավոր պրոդյուսերի լիազորությամբ, հայկական կողմից ֆիլմի հետարտադրական աշխատանքները իրականացնելու պարտավորությունները իր վրա է վերցրել «Իլյուզիոն» պրոդաքշընը: Մենք, իհարկե շարունակում ենք գործընկերներ և միջոցներ փնտրել տարբեր միջազգային ծրագրերում, որոնք նախատեսված են հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերի համար:

-Մշակույթի նոր նախարարը հատկապես կարևորում է այն ֆիլմերի ու նախագծերի առաջխաղացումը, որոնք միջազգային ասպարեզ դուրս գալու պոտենցիալ ունեն: Ձեր ֆիլմի խնդիրների մասին նա տեղյա՞կ է: 

-2016թ. Մալյան թատրոնում Արմեն Ամիրյանը անավատ ֆիլմերի դիտում էր կազմակերպել: «Չնչիկը» դիտելուց հետո հետաքրքրվեց, թե որքան գումար է պակասում: Հավանաբար ֆիլմը հավանել էր, համենայնդեպս, ֆիլմի գեղարվեստական և տեխնիկական որակի մասին որևէ դիտողություն չեղավ: Արմեն Ամիրյանը խոստացավ աջակցել ֆիլմը ավարտելուն: Առաջարկեց կազմել հետարտադրական ծախսերի բյուջեի մի քանի տարբերակ, ըստ այն երկրների, որտեղ նախընտրելի է անել այդ աշխատանքները: Մենք կազմեցինք հետարտադրական աշխատանքների 6 տարբեր բյուջեներ (Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան):

Չնայած որ իմ նախորդ՝ երեք երկրի համարտադրությամբ ստեղծված «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի աշխատանքները կատարել էի Ֆրանսիայում, այս դեպքում համակարծիք էի նախարարի հետ, որ կարելի է հետարտադրական աշխատանքները իրականացնել նաև Հայաստանում: Բայց քանի որ հայաստանյան բյուջեներից մեկը համեմատության մեջ ավելի թանկ էր, խոսակցությունները հետաձգվեցին անհայտ ժամանակով:

-Այդ դեպքում, Ձեր կարծիքով ինչու՞ էին կազմակերպվում անավարտ ֆիլմերի դիտումներ, դա պարզ հետաքրքրությո՞ւն էր, թե՞ Կինոկենտրոնի հաշվետվությունը, և ո՞րն էր արդյունքը:

– Նախարարը գործնական տրամադրվածությամբ էր դիտում անավարտ ֆիլմերը, քննարկում արտադրական հարցեր: Չեմ կարծում, որ դա հաշվետվության համար էր, նախ՝ արտադրված ֆիլմերի նյութերը, հաշվետվության կարգով, ուղարկվում են Նախարարություն և երկրորդ՝ հաշվետվությունը ինչո՞ւ պետք է արվեր ռեժիսորների ներկայությամբ:

– Ինչպե՞ս որոշվեց, թե ո՛ր անավարտ ֆիլմին նախապատվություն տալ և պետբյուջեից գումար հատկացնել: Ի՞նչ պատճառաբանությամբ որոշվեց՝ որոշ ֆիլմեր թողնել անավարտ և աջակցություն տրամադրել նոր նախագծերի:

– Չեմ կարող ասել: Միգուցե այդ հարցին Նախարարությունը պատասխանի:

Եթե նախաձեռնվել էր անավարտ ֆիլմերը ավարտելու գործընթաց, ապա կարող եմ ասել, որ գործընթացը գնաց անհասկանալի ուղղությամբ: Դիտումների ժամանակ տպավորություն էր, որ պիտի գնահատվի ֆիլմերի որակը և պետությունը նախընտրի ավարտել իր դիտարկմամբ հաջողված ֆիլմերը: Այդպիսով, կարելի էր գոնե այս տարի լուծել անավարտ մնացած ֆիլմերի հարցը և արդեն նոր ռազմավարությամբ շարժվել առաջ: Եթե, օրինակ, «Չնչիկ» ֆիլմի ավարտը պետք էր կապել եվրոպական նոր գործընկերներ ձեռք բերելու ճանապարհի հետ, դա էլ տարբերակ է, բայց այդ դեպքում ինչո՞ւ գործընթացը չգնաց այդ ուղղությամբ, այլ անորոշ կետում կանգ առավ: Նոր կինոնախագծերը պետք է ընտրվեին միջազգային չափորոշիչներով: Մեզ մոտ նոր է մշակվում միջազգային շուկային ինտեգրվելու ձևաչափը, ի՞նչ իմաստ ուներ նոր նախագծեր ֆինանսավորել՝ հին ձևաչափով:

Ո՞վ պիտի կազմակերպի եվրոպական նոր գործընկերների հետ համագործակցությունը: Ֆիլմի պրոդյուսերները չկան, Կինոկենտրոնը քայլ չի անում

-Մեր վերջին հանդիպման ժամանակ Արմեն Ամիրյանն առաջարկեց հանդիպել Կինոկենտրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար և ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանի հետ և լուծում գտնել: Ֆիլմի պրոդյուսեր Մելիք Կարապետյանի հետ գնացինք հանդիպման: Արսեն Բաղդասարյանը լսեց մեզ և ասաց, որ դա երևելի գումար չէ, ինքը նոր է եկել Կաննի կինոշուկայից, բազմաթիվ պրոդյուսերների այցեքարտեր ունի, կարող է տրամադրել: Ես ինքս եղել եմ Կաննի շուկայում, ավելին՝ կինոկրթություն եմ ստացել Ֆրանսիայում և շատ լավ պատկերացնում եմ՝ ինչպիսի հանդիպումներ են լինում Կաննում, բազմաթիվ ֆրանսիացի պրոդյուսերների ինքս էլ ճանաչում եմ:

Բայց, իհարկե, եթե Արսեն Բաղդասարյանը կարող է լավ մարկետինգ իրականացնել և ներգրավել արտասահմանյան պրոդյուսերների կամ դիստրիբյուտորների ֆիլմը ավարտելու համար, ես միայն ուրախ կլինեմ, դա իսկապես բացառիկ հաջողություն կլինի: Արսեն Բաղդասարյանը խոստացավ սեպտեմբերին անդրադառնալ «Չնչիկ» ֆիլմին: Միգուցե ելք գտնվի:

«Չէի ցանկանա «Լակոտը» ֆիլմով մնալ հայ կինոյի պատմության մեջ՝ որպես ռեժիսոր». Գագիկ Հարությունյան

Ալբերտ Մկրտչյանի «Լակոտը» ֆիլմը նկարահանվել է Սոս Սարգսյանի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմը Անհատի պաշտամունքի տարիներին մեծացած երեք ընկերների մասին է, նրանցից մեկը աքսորվում է Սիբիր, տարիներ հետո՝ փախչում աքսորավայրից ու հայտնվում ընտանեկան դրամայի կիզակետում: «Լակոտը» ֆիլմը արտադրություն է մտել 2013 թվականից: Ռեժիսորական աշխատանքը շարունակում է Գագիկ Հարությունյան

Պարոն Հարությունյան, ե՞րբ են սկսվել ֆիլմի նկարահանումները:

– Ֆիլմը արտադրություն է մտել 2015թ.-ին: Ինձ հրավիրեցին որպես երկրորդ ռեժիսոր և ստացվեց այնպես, որ հիմնական բեռը մնաց իմ վրա: Ալբերտ Մկրտչյանը դարձավ ֆիլմի գեղարվեստական ղեկավար, ես՝ ռեժիսոր:

Նկարահանումները կատարել ենք Ստեփանավանում, Դիլիջանում, Օշականում: Առաջին փուլը՝ 17 նկարահանման օր էր: Երկրորդ փուլը նախատեսված էր 20 հերթափոխ, բայց 15-րդ օրը փողը վերջացավ, նկարահանումներն էլ հետը:

Որքա՞ն է ֆիլմի բյուջեն, ո՞վ է ֆիլմի պրոդյուսերը:

– Դե երևի Կինոկենտրոնի տնօրենը՝ Գևորգ Գևորգյանը:

Կինոկենտրոնը աջակցող կառույց է, ո՞վ է ֆիլմի համարտադրողը և արտադրողը:

– Ֆիլմը համարտադրող չունի, ամբողջը նկարվել է պետության գումարով: Տեղյակ չեմ ոչ մի բանից՝ պայմանագիր, պրոդյուսեր: Ես անցած տարվա օգոստոսից փող չեմ ստացել:

Գիտեմ միայն, որ ֆիլմի բյուջեն 117 միլիոն է, որը տրամադրել է պետությունը:

-Ո՞ր փուլում են ֆիլմի աշխատանքները, կավարտվի՞ այս տարի, ինչպե՞ս եք գնահատում ֆիլմի ընդհանուր որակը:

-Ֆիլմի տևողությունը 1 ժամ 20 րոպե է: Այս տարի պիտի որ հանձնենք ֆիլմը: Այժմ ձայնադրման աշխատանքներն ենք կատարում և որոշ շտկումներ: 2016թ. վերջին նախարարը, անավարտ ֆիլմերը դիտելիս, դիտեց նաև այս ֆիլմը: Որոշ դիտողություններ եղան, փոփոխություններ ասացին անենք: Դիտմանը ներկա էր նաև Ալբերտ Մկրտչյանի տղան՝ Մհեր Մկրտչյանը, ով ի զարմանս ինձ, առաջինը միջամտեց՝ մատնացույց անելով իր կարծիքով առկա թերությունները: Կային էպիզոդներ, որոնք լավ չէին արտահայտում ժամանակաշրջանը, ռեկվիզիտները ժամանակակից էին:

-2013թվականից ֆիլմը արտադրության մեջ է: Ժամանակ չէի՞ք ունեցել նախապատրաստական աշխատանքների համար

-Լակոտը ֆիլմի սցենարը գրվել էր Սոս Սարգսյանի համանուն գրքի հիման վրա: Սցենարի վրա բավական աշխատանք եմ արել, դիալոգներ չկային, գիշերը աշխատում էի սցենարի վրա, լրացումներ անում, առավոտյան մտնում էինք նկարահանման հրապարակ: Հաճախ ընտրված դերասաններին հենց նկարահանման հրապարակում էի ծանոթանում: Բարդ էր ու հակասական ինձ համար:

Ես անձամբ իմ նախագիծն էի ներկայացրել Կինոկենտրոնի աջակցությանը՝ կոչվում է «Պատի տակ», բայց, ցավոք, արտադրություն չմտավ: Չէի ցանկանա «Լակոտը» ֆիլմով մնալ հայ կինոյի պատմության մեջ՝ որպես ռեժիսոր:

Հայաստանյան արդի կինոարտադրության մեջ միայն վերոնշյալ ֆիլմերը չեն, որ անավարտ են: Ավելին, պետության աջակցությունը ստացած և նույնիսկ համարտադրող ունեցող ռեժիսորները վստահ չեն, որ իրենց նախագծերը ցանկացած պահի չեն կանգնի անլուծելի խնդիրների առջև: Պրոֆեսիոնալ արտադրողներ չունենալու պատճառով ֆիլմարտադրության հիմնական ծանրությունն ու պատասխանատվությունը մնում է ռեժիսորի ուսերին: Հաճախ շահարկվում է ռեժիսորների ունակությունն ու շնորհքը, բայց ուսումնասիրելով դաշտը, կարող ենք արձանագրել, որ հայկական կինոյի գլխավոր խնդիրը ժամանակակից կինոարտադրության մոդելի բացակայությունն է: Կինոոլորտի այսօրվա պատասխանատուների համար հրատապ խնդիր է արտադրական պայմաններ ու թափանցիկ դաշտ ստեղծելը, որտեղ յուրաքանչյուր արվեստագետ կկարողանա դրսևորվել իր կարողություններին համապատասխան և դաշտը կկարգավորվի ինքնազտման ճանապարհով: Ի վերջո, միջազգային կինոշուկա դուրս գալու լավագույն ճանապարհը նույնպես դա է:

 

շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. “Պրոֆեսիոնալ արտադրողներ չունենալու պատճառով ֆիլմարտադրության հիմնական ծանրությունն ու պատասխանատվությունը մնում է ռեժիսորի ուսերին”:

    Այստեղ՝ ես իհարկե հեղինակի հետ այնքան էլ համաձայն չեմ: Գուցե և առանձնակի դեպքերում այդպես է իրականոությունը,բայց դա չի նշանակում,որ Հայաստանում չկան պրոֆեսիոնալ արտադրողներ: Որպես պրոդյուսեր,ֆիլմ արտադրող՝ ես նույնպես չբավարարվելով պետության ցուցաբերած ֆինանսական աջակցությանը՝ կարող էի փաստի առաջ կանգնել,կամ կանգնեցնել և սեղմ ժամկետում չավարտել ՞՞Փրկության քարտեզ՞՞ ֆիլմը,որը իր թեմատիկայով պետք էր նույնիսկ հավակներ 100% պետ.պատվերի:
    Նման անոմալ իրավիճակի պատճառը՝ եզակի բացառությամբ որոշ ֆիլմերի,դա մինչ հիմա կիրառվող պետական աջակցության աբսուրդ մեխանիզմն է:Հենց դրա պատճառով է,որ հաճախ շատ ֆիլմեր՝ ի սկզբանե մանիպուլիացիաների հաշվին են ստացել պետ. աջակցություն՝ մինչ այդ ներկայացնելով համաարտադրության,կամ ֆինանսական այլ աղբյուրների մասնակցության ոչ հավաստի փաստաթղթեր:
    Կիրառված նման ավանտյուրաների հաշվին նրանք անավարտ են թողել իրենց ֆիլմերը և դրանով փաստի առաջ կանգնեցրել պետությանը ու պատասխանատվություն կրելու փոխարեն՝ հիմա նույնպես,համարյա նույն ոճով հաջողացրել են առանց օբեկտիվ հիմնավորումների ստանալ նոր պետական ֆինանսական աջակցություններ :
    Հիմնականում նման ՛՛քյանդրբազություն՛՛ անում են հենց ՛՛կիսատները՛՛,որոնք իրենց աներեսությամբ շարոնակում են ՛՛նկարել՛՛ իրենց հերթական խոտանը…

  2. Մանուշ says:

    հո սերիալ չի՞, որ ֆիլմի նկարահանման հրապարակում եք ծանոթացել դերասանների ետ, այ քեզ մակերեսային մոտեցում…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031