Աստանայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկված մի շարք հարցերից կարելի է նախ եւ առաջ առանձնացնել ՌԴ-ում տնտեսական գործունեություն իրականացնող հայ վարորդներին անհանգստացնող հարցի հանգուցալուծումը, որոնք աշխատում էին հայկական վարորդական իրավունքի վկայականներով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներն անհանգստացած էին Ռուսաստանի Պետական դումայի կողմից հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխություններից։ Այն քաղաքացիները, որոնք, օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով, տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ աշխատում են նրանք՝ 50 հազար ռուբլով։
ՀՀ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում ասված է, որ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են ազգային եւ միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրները, եւ մի շարք այլ հարցեր նույնպես եղել են Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների դիտարկման թեմաները։
Մինչ հայկական կողմն անորոշ ձեւակերպումներ է տվել վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին, ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ ստորագրվել է հրամանագիր ԵԱՏՄ երկրներից մեկում տրված ազգային եւ միջազգային վարորդական իրավունքների .փոխադարձ ճանաչման մասին՝ միության այլ երկրի տարածքում ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար։
Քանի որ ԵԱՏՄ-ն անդամ երկրների համար վերպետական մարմին է, դրա ղեկավար մարմնի կողմից ընդունած որոշումներն ավելի մեծ ուժ ունեն, քան ներպետական օրենքները, եւ ՌԴ-ն իր օրենքները պետք է համապատասխանեցնի ԵԱՏՄ-ի որոշումներին։
ՌԴ-ում տնտեսական գործունեություն իրականացնող հայ վարորդ Արմեն Մելիքսեթյանն armtimes.com–ի հետ զրույցում դրական գնահատեց ԵԱՏՄ նիստում ստորագրված հրամանագիրը։
«Սա առաջին հերթին համարում եմ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի մեծ ջանքերի արդյունքը։ Իրոք, մեծ աշխատանք կատարեց, բազմածավալ, բոլոր հնարավոր տեղերում դռները թակեց։ Հիմնականում իր աշխատանքի արդյունք եմ համարում, որովհետեւ ինքը հաճախ բարձրաձայնեց ու շղթայական զարգացմամբ առաջ գնաց։ ԱԺ նախագահը, իհարկե, հայտնվեց անելանելի կարգավիճակում այդ հարցը ՌԴ Պետդումայի խոսնակի հետ հանդիպմանը բարձրաձայնելուց, բայց կարեւորը՝ լուծվեց հարցը»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ ցավով նշելով, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում ինքնիշխանության դիրքերից հանդես գալ:
Տիրայր ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում