Եվս մի քանի օր, և հայ հեծանվորդուհիները Ֆրանսիայի Լը Ման քաղաքում կմասնակցեն «Լե Մանի 24 ժամ» միջազգային մրցույթին:
Այս մասնակցությունը հնարավոր է դարձել Գրենոբլի քաղաքապետարանի աջակցությամբ` Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում:
«Սևանում երկու տարի առաջ «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կողմից կազմակերպվեց «Հեծանվային հեղափոխություն» խորագրով հեծանվավազք: Նպատակը մեկն էր` զարգացնել հեծանվային մշակույթը, այն դարձնել առավել մասսայական,- ասում է Սևանի Ֆրանկոֆոն ակումբի տնօրեն, մրցույթին մասնակցող խմբի համակարգող Գոհար Մնացականյանը և շարունակում:- Մեր աշխատանքներին Ֆրանսիայից հետևել է «Հայաստան. փոխանակում և զարգացում» ասոցիացիայի տնօրեն Կատրին Փունարջյանը և այն ներկայացրել Supra Chic Mechanics ասոցիացիայի նախագահին: Անցյալ տարի, երբ գտնվում էի Գրենոբլում, ինքս ծանոթացա ասոցիացիայի տնօրենի հետ, քննարկեցինք «Լե Մանի 24 ժամ»-ին մասնակցելու պայմանները: Նրանց համար ցանկալի էր եվրոպական ոչ տիպիկ երկրից հրավիրել հեծանվորդ աղջիկների թիմ: Գրենոբլի քաղաքապետարանն էլ իր աջակցությունը ցուցաբերեց այս հարցում, այն է` Հայաստանից 6 կին հեծանվորդի մասնակցության ապահովումն այս միջազգային մրցույթին»:
Արդեն 9 ամիս տարբեր տարիքի ու մասնագիտության, տարբեր նախասիրություններ ունեցող 6 կանայք և աղջիկներ, մարզիչ, պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամսոն Բուլղադարյանի գլխավորությամբ, սովորում են «անիվները պտտելու արվեստը»: Աղջիկներից ոմանք հեծանվի հետ ընկերացել են այս ընթացքում, ոմանք ունեն որոշակի փորձ:
Գոհարը նշում է, որ մարզիչ Բուլղադարյանը աղջիկների հետ պարապում է, ինչպես պրոֆեսիոնալների:
Խումբն ունի նաև իր անվանումը` Revovelo, և խմբի մասնակիցներն էլ փորձելու են Հայաստանը լավագույնս ներկայացնելու Ֆրանսիայում, որտեղ 20 երկրից մասնակցելու է 2500 մասնակից:
Մինչ աղջիկներն իրենց ամենօրյա մարզումներն էին անցկացնում, Գրենոբլի քաղաքապետարանի առաջարկությամբ կանանց հեծանվասպորտի թեման ներառվել էր նաև Սևանում անցկացվող Ֆրանսերենի ուսուցման ամառային դպրոցի ծրագրում, որն անցկացվում է Ֆրանս – Ֆորմասիոն ինտերնասիոնալ կազմակերպության կողմից: Թեմատիկ բառապաշարի ուսուցումից բացի, իրականացվել է երկու ձեռնարկ` նկարչական աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպում և «Աղջիկները հեծանվով» ֆոտոսեսիա:
Հետևում թողնելով պարապմունքների երկար և ոչ դյուրին ամիսները` աղջիկները` մարզչի և համակարգողի ուղեկցությամբ, Գրենոբլ կժամանեն օգոստոսի 19-ին: Մրցույթը անցկացվելու է օգոստոսի 25-28-ը Լե Մանում: 24-ժամյա մրցույթի ընթացքում աղջիկները փոխարինելու են միմյանց` պահպանելով մրցույթի կանոնները:
Մրցույթից հետո Revovelo-ն կրկին կհյուրընկալվի Գրենոբլում, որտեղ նրանց սպասվում է հետաքրքիր ժամանցային ծրագիր:
Խմբի համակարգողի փոխանցմամբ` նախատեսված է հանդիպումներ բնակչության հետ, հեծանվավազք քաղաքի կենտրոնում, ընդունելություն քաղաքապետարանում, հյուրընկալություն հայ համայնքում, հայկական կողմից տեղացիներին մշակութային ծրագրի ներկայացում:
Հավելենք, որ Հայաստանը միջազգային այս մրցույթին մասնակցում է առաջին անգամ, որն իրականացվում է Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում:
ԱՐՄԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ