Օգոստոսի 11-ին «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ն «Գյուղաբնակ կանանց ձեռներեցությունը որպես համայնքի կայուն զարգացման նախադրյալ» խորագրով ծրագրի շրջանակներում Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում անցկացրել է ցուցահանդես-վաճառք:
Նշված ծրագրի շրջանակներում Դիլիջան քաղաքի և հարակից գյուղական համայնքների մի խումբ կանանց փոխանցվել են ձեռագործության հմտություններ։ Հմուտ դասընթացավարների կողմից անցկացվել են տեսական և գործնական աշխատանքներ, որոնց արդյունքում շուրջ 30 կանայք արդեն տիրապետում են բատիկի և ջեջիմի (կարպետանման նեղ ու երկար բրդե գործվածք) պատրաստման հմտությանը և իրենց ձեռագործ աշխատանքները կարող են վաճառել զբոսաշրջիկներին:
Ծրագրի արդյունքում պատրաստված աշխատանքները ներկայացվել են ցուցահանդես-վաճառքում։ Մասնակիցները, հիմնվելով իրենց կեղծարարության վրա և հմուտ դասընթացավարների աջակցությամբ, պատրաստել էին նախատեսվածից ավելի աշխատանքներ և գտել հետաքրքիր լուծումներ:
Ցուցահանդեսին ներկա էին Դիլիջանի համայնքապետ Արմեն Սանթրոսյանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն Ղազարոս Ղազարյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, արվեստագետներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի անդամներ:
Նշենք, որ «Գյուղաբնակ կանանց ձեռներեցությունը որպես համայնքի կայուն զարգացման նախադրյալ» խորագրով ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն