Նարեկ Մալյանի (լուսանկարում) «Զրոյական կետ» գիրքը հետաքրքրություն էր առաջացրել օտարերկրացի հրատարակիչների շրջանում, իրենց երկրներում այն հրատարակելու համար դիմել են արաբական, իտալական հրատարակչությունները, հետաքրքրված է նաեւ ֆրանսիական հրատարակչությունը, որի հետ բանակցություններ են ընթանում: «Առավոտի» հետ զրույցում հեղինակը նշեց. «Ստեղծագործությունը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ձեր թվարկած հրատարակչությունների շրջանում, «Ալ Արաբի» եգիպտական հրատարակչությունը 7 տարով գնել է բոլոր իրավունքները` այդ թվում աուդիո գրքի եւ սցենարի: Հետաքրքրությունը պայմանավորում եմ նրանով, որ գիրքը գրված է առավելագույն հասկանալի լեզվով արտասահմանյան ընթերցողի համար, դրսի ընթերցասիրության չափանիշներով: Գիրքը մասնակցել է երկու միջազգային փառատոնի` Ֆրանկֆուրտի միջազգային փառատոնին եւ Լոնդոնի միջազգային ցուցահանդեսին: Վերջին ցուցահանդեսից էլ սկսեցին բանակցային բոլոր փուլերը: Նշեմ, որ այդ ամենով զբաղվում է ԱՐԻ գրական գործակալությունը՝ հանձին Արեւիկ Աշխարոյանի, որը մասնագիտացած է հայ գրողին արտասահմանում ներկայացնելու ուղղությամբ: Ի դեպ, առաջին անգամ է նման լայնորեն հայ գրողը ներկայացվում դրսում»:
Նարեկ Մալյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ պետք է անել, որ նման ստեղծագործական հաջողություններ էլի գրանցվեն, մանավանդ պետական աջակցման ծրագրեր կան:
«Առայսօր ես պետական աջակցման ծրագրերից չեմ օգտվել»,-շեշտեց Նարեկ Մալյանը: Ապա հավելեց. «Սխեման հետեւյալն է` դրսում ներկայացված լինելու: Հայ գրողն իր ստեղծագործությունը իր հնարավորությունների սահմաններում ներկայացնում է արտասահմանյան հրատարակիչներին, որտեղ քավոր-խնամի կապերը չեն գործում, քանի որ իրենք աշխատում են բիզնես տրամաբանությամբ` կարո՞ղ են այդ գիրքն իրենց երկրում վաճառել, մանավանդ՝ եթե այդ գրողը իրենց երկրից չէ: Գրողի` իր երկրից դուրս ճանաչվել կամ չճանաչվելը նման է սպորտին` մարզիկը կամ մեդալ է բերում, կամ ոչ: Մարզիկի համար շատ վատ արդյունք է, որ միայն քո երկրում ես ճանաչված, նույնն էլ գրողի համար: Միայն այդ կերպ կարող է արդարացվել գրողի գրելը եւ այն գումարները, որ պետական աջակցության ձեւով տրվել են նրան: Թե չէ, երբ մարդը գրում է, պետական միջոցներով տպագրվում է ու ոչ մի հաջողության չի հասնում, դա ինքնախաբեություն է, փառասիրություն: Ցանկացած գրողի համար իր ստեղծագործությունը լավագույնն է, ցանկացած գրող իրեն պատկերացնում է Օրուելի, Մարկեսի ու Հեմինգուեյի կողքին, եւ հնարավոր է, որ շատ օբյեկտիվ են այդ պատկերացումները: Ցանկացած մարդ, որ գրիչ է վերցնում, կարծում է, որ ամբողջ աշխարհին շատ լուրջ ասելիք ունի: Սովորաբար դա ավարտվում է նրանով, որ գրողը կամ իր իսկ միջոցներով իր ասելիքը տպագրում է, հասցնում հայկական շրջանակի, կամ ինչ-որ պետական աջակցության ծրագրերով է հանրայնացման խնդիր լուծում Հայաստանի սահմանների ներսում: Կան վատագույն տարբերակներ նույնպես, որոնք ավելի շատ են` երբ գրողի գրքերը «փտում» են պահեստներում:
Գրական աշխարհի մարկետինգային վերլուծությունը ցույց է տալիս, որ գրողը պետք է պարտադիր փորձ անի դրսում ճանաչվելու, ինչպես մարզիկն է օլիմպիադայում կռվում ոսկե մեդալի համար: Ցավոք սրտի, մենք ընդհանրապես չունենք հայ ժամանակակից ստեղծագործող, որի մասին խոսեն արտասահմանյան գրական շրջանակներում, բայց դա չի նշանակում, որ չունենք լավ գրողներ: Կարծում եմ, որ պետության աջակցությունը գրողին պետք է լինի հետեւյալ կերպ, գրողը պետք է գրի, ստեղծագործի, գրական գործակալությունների ու իր կապերի միջոցով փորձի ասելիքը հասցնել արտասահմանյան հրատարակիչներին, իսկ պետությունը` հանձին մշակույթի նախարարության, պետք է աջակցի գրողին հեղինակային իրավունքները վաճառված վիճակում, գոնե թարգմանությանը, այսինքն՝ հայերենից դեպի այն լեզու թարգմանություն, որի վերաբերյալ գրողն արդեն ունի պայմանագիր»,-նշեց մեր զրուցակիցը:
Մեր դիտարկմանը, թե մշակույթի նախարարությունն ունի ծրագիր, որով իրականացնում է գրողների գրքերի թարգմանությունները, Նարեկ Մալյանը պատասխանեց. «Ենթադրենք արտասահմանյան հրատարակիչը հետաքրքրվում է հայ գրողներից մեկով, ինքը ասում է կտպագրեմ, կզբաղվեմ գրողի ստեղծագործության գովազդով, բայց ձեր պետությունը գոնե մեկ քայլ պետք է անի դեպի գրողի հաջողության ճանապարհը, իսկ դա թարգմանության ֆինանսավորումը կամ համաֆինանսավորումն է դեպի իր լեզուն: Դա մոտավորապես նույնն է, որ պետությունը օլիմպիադայի մեկնող մարզիկի համար ինքնաթիռի տոմս գնի: Դու ներսում կարող ես խիստ ընտրություն կատարել գրողների կամ մարզիկների շրջանում: Չէ՞ որ ճանաչված գրողն ի վերջո ճանաչել է տալու երկիրը, որն ինքը ներկայացնում է:
Մինչդեռ, ցավոք սրտի, այն գրողները, որ չունեն մեկենասներ, ֆինանսավորողներ, դատապարտված են մոռացության: Եթե անգամ գրողը կապ է հաստատում արտասահմանյան հրատարակչի հետ, ինքը պետք է ճարի մոտ 4000 եվրոյի չափ գումար, որպեսզի իր ստեղծագործությունը կարողանա թարգմանել: Պետք է ամրագրել, որ գրականությունը հիմնաքարային արվեստներից է, արվեստի շատ ճյուղերի հիմքը, ու քանի գրականությունն այն աստիճան հանրայնացված չէ, մյուս ճյուղերը եւս այդքան չեն զարգանալու: Գրքի PR-ով գրականություն չի զարգանա քո երկրի ներսում, դրանով ավելի գրագետ չի դառնում հասարակությունը, սակայն նրան ավելի գրագետ կարող է դարձնել մեկ գրողի հաջողության պատմությունը: Եթե որեւէ գրող ճանաչվի աշխարհում, մեր հրատարակիչները չեն հասցնի գիրք տպել, կզարգանա գրահրատարակչությունը, փոխկապակցված մյուս շղթաները: Այդ շղթայում ամենակարեւոր դերակատարը գրողն է, բայց նա այսօր ամենամոռացվածն է, միշտ վերջում են դիտարկում նրա կարեւորությունը: Ցավոք, գրական ցիկլում օգտվում են միայն գրահրատարակչական ընկերությունները: Շատերի համար էական չէ, թե ինչ կտպեն, եթե դրա դիմաց կա վարձատրություն, հրատարակիչը կարող է նույնիսկ զուգարանի թուղթ տպել: Մինչդեռ, եթե գրողը ճանաչվի դրսում, հայաստանցի հրատարակիչները կպայքարեն նրա համար, որ իրավունքը ձեռք բերեն ու մեր երկրի ներսում տպեն: Կարծում եմ, որ պետությունից պետք է գումար ակնկալվի այն դեպքում, եթե գրողը գրական երկու ցուցահանդեսներում ներկայացված է եղել: Ի դեպ, եգիպտական հրատարակչությունը տեղեկանալով, որ մեր պետության ներսում, ի դեմս մշակույթի նախարարության, իրականացվում է գրողների աջակցության ծրագիր թարգմանության համար, դիմել է: Իրենք գտնում են թարգմանչին, մեր մշակույթի նախարարությունը հայտը հաստատելուց հետո պայմանագիր է կնքում արտասահմանյան հրատարակչության եւ ոչ թե գրողի հետ եւ իր վրա է վերցնում տպագրվելիք ստեղծագործության թարգմանության մասը: Ինչպես արդեն նշեցի, երկու արտասահմանյան հրատարակչություններ` իտալական եւ արաբական, դիմել են մեր մշակույթի նախարարությանը, որպեսզի իմ ստեղծագործությունը իրենց երկրում կարողանան հրատարակել իրենց ծախսերով, գովազդել եւ վաճառել: Ավելի մեծ հաջողություն ես չեմ պատկերացնում, նույնը այլ հեղինակների եմ մաղթում: Հույս ունեմ, որ աջակցությունը կստանամ մշակույթի նախարարությունից եւ հնարավորություն կստանամ մեր երկիրը ներկայացնել դրսում»:
Հավելենք, որ «Ազատություն» ռ/կ-ի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել էր, որ փոխվելու է պետպատվերով գրքեր հրատարակելու մոդելը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
15.07.2017