Մոշենին վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կիսաթուփ է, որի պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
Դեղաբանական ազդեցությունն ու կիրառումը
Տերեւներն ու պտուղներն օժտված են հանգստացնող, ընդհանուր կազդուրիչ, ծարավը հագեցնող, քրտնաբեր, մեղմ լուծողական (կիսահասուն պտուղները հակառակը՝ կապող) ազդեցությամբ։
Պտուղները եւ նրանցից ստացվող ջրաթուրմը թողնում են ընդհանուր կազդուրիչ եւ հանգստացնող ազդեցություն կլիմակտերիկ նեւրոզների ժամանակ։ Հասուն պտուղները կիրառում են ավիտամինոզների, հիպովիտամինոզների եւ փորկապության ժամանակ։
Մրսածության, հարբուխի ժամանակ 2 ճաշի գդալ տերեւներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 1 ժամ, քամել։ Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
Փորլուծության դեպքում 1,5 գրամ չորացրած տերեւներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 10 րոպե, քամել։ Ստացված թեյը խմել ոչ մեծ չափաբաժիններով սննդի ընդունման ընդմիջումներում։
Որպես քրտնաբեր միջոց խորհուրդ է տրվում 2 ճաշի գդալ չորացրած պտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 15-20 րոպե, քամել։ Ընդունել 2-3 բաժակ՝ յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
15.07.2017