Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշիում ընթացող աշխատանքներն ու առկա խնդիրները. ներկայացնում է քաղաքապետը

Օգոստոս 15,2017 22:11

Շուշի քաղաքի այսօրվա իրողությունների վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ:

«Նախ կարելի է ասել Շուշիում զբոսաշրջությունը տարեցտարի ակտիվանում է. աճում է քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը»,- ասաց նա, հավելելով, որ սեզոնի ընթացքում մեծ թիվ են կազմում արևելյան ասիական երկրներից ժամանած զբոսաշրջիկները:

«Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիները, կերպարվեստի, պատմության և երկրաբանության թանգարանները, պարսկական մզկիթը, ամրոցի պարիսպները, Կատարոտ (Ջդրդուզ) դաշտավայրը և այլն: Նրանց համար հետաքրքրություն են ներկայացնում նաև քաղաքի տարբեր վայրերում հանդիպող հին ճարտարապետական շինություններ»,- նշում է քաղաքապետը՝ թվարկելով զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերը:

Անդրադառնալով քաղաքի համար արդեն սովորական դարձած աշխույժ շինարարական աշխատանքներին Ա. Սարգսյանը մանրամասնում է. «Այս տարի վերակառուցվել և արդեն շահագործման է հանձնվել մշակույթի տան շենքը: Այժմ ավարտական փուլում են գտնվում մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքի կառուցման, ինչպես նաև 150 տեղանոց նոր մանկապարտեզի շինարարական աշխատանքները: Շարունակվում է քաղաքի փողոցների ասֆալտապատումը: Այժմ աշխատանքները ընթանում են Վարանդա փողոցից Մուսայելյան փողոց տանող հատվածում: Բացի այդ ավարտական փուլում է շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ծրագիրը և այժմ աշխատանքները իրականացվում են քաղաքի 3-րդ և 4-րդ գոտիներում: Ընդհանուր բնակչության 80 տոկոսն ապահոված է շուրջօրյա ջրով»:

Խոսելով քաղաքի բնակչության և բնակեցման վերաբերյալ՝ Արծվիկ Սարգսյանը նշում է, որ Շուշիում այժմ ապրում է ավելի քան 5000 բնակիչ: «2008 թվականից քաղաքի բնակֆոնդը սպառվել է և այժմ նոր խնդիր է առաջ եկել: Մինչ այդ դատարկ բնակարանները տրվում էին քաղաքացիներին՝ 6 ամսվա ընթացքում դռներ և պատուհաններ տեղադրելու պայմանով, որպեսզի բնակարանների ջրագծերն ու կոյուղագծերը չսառեն: Նրանք էլ նշված պայմանը կատարելով սեփականացնում էին և հիմնական բնակություն չհաստատելով հեռանում: Այժմ շատ բնակարաններ մնացել են չվերանորոգված և դատարկ: Իսկ հիմա բնակարանների մեծ պահանջարկ կա՝ հատկապես երիտասարդ ընտանիքների շրջանում, ովքեր որ մշտական բնակություն կհաստատեն:

Կառավարության հանձնարարությամբ ներկայացվել է բոլոր դատարկ բնակարանների թիվը: Կլինի որոշում և ինչ-որ տարբերակ՝ այդ խնդրի հանգուցալուծման համար»,- պարզաբանում է քաղաքապետը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031