Խնկո Ապոր անվան գրադարանում այսօր քաղաքագետ Աղասի Ենոքյանի «Պատերազմ ընդդեմ Հայաստանի» խորագրով գրքի շնորհանդեսն էր: Հեղինակը գրքում մի թեզ է առաջ քաշել՝ ի՞նչ կլիներ, եթե Առաջին համաշխարհային պատերազմից հետո Արեւմտյան Հայաստանում ստեղծվեր անկախ Հայաստանի հանրապետություն, եւ ինչպիսի՞ն կլիներ այսօր այդ պետությունը:
«Դա կարող եք անվանել այլընտրանքային պատմություն կամ ֆանտաստիկա: Հայտնի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը մոտեցում ունի, թե ինչ է լինում, երբ ժամանակի մեքենայով հետ ենք գնում դեպի պատմություն եւ մի փոքրիկ բան խախտում: Օրինակ՝ Հիտլերի տատիկին թունավորում են, որպեսզի թունավոր հղիություն ունենա, որպեսզի չծնվի Հիտլերի մայրը, բայց, միեւնույնն է, ֆաշիզմն առաջանում է: Ուստի նման դեպքերը պատմության վրա մեծ ազդեցություն չեն ունենում…Իմ նկարագրած պետությունը կլիներ գեղեցիկ, ժողովրդավարական, հարուստ, անվտանգ: Մնացածը՝ գրքում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աղասի Ենոքյանը:
Աղասի Ենոքյանի նկարագրած պետությանը, ինչպես վիպակում է պատմվում, վտանգներ են սպառնում: «Խոսքը Ռուսաստանի մասին է, հիմնականում նա է սպառնում անվտանգությանը»,-նկատում է նա:
Քաղաքագետը հավելում է, որ գրքի հերոսներն ու իրադարձություններն անիրական են. «Նրանք քաղաքական գործիչներ են, հասարակ մարդիկ: Անգամ սիրային պատմություն կա: Հերոսներից մեկը վերջում մահանում է, այդպես հեշտ է գիրքը վերջացնել»,-կես կատակով ասում է Աղասի Ենոքյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կազիմովի փոխարեն պետք է լինի Ազիմով (Isaac Asimov), խնդրում եմ ուղղեք:
Շնորհակալություն: