Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդակագործ. «Ես անընդհատ հերքում եմ նախորդ արածս եւ նոր բան ստեղծում». (Ֆոտոշարք)

Օգոստոս 15,2017 21:40

ԱՐՏ PR ընկերության նախաձեռնությամբ եւ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ`  օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը, Երեւանի Կարապի լճում ներկայացվելու է ժամանակակից քանդակագործ` Աշոտ Հարությունյանի քանդակների յուրօրինակ ցուցահանդեսը:  Ցուցադրությանը ներկայացված է 25-ից ավելի քանդակ:

Աշոտ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր քանդակներով խոսում է Հայաստան երկրում ապրելու մասին: «Ուզում եմ ասել, որ կարելի է ապրել ազնիվ, անկեղծ, անզիջում, անել սիրած աշխատանք եւ ապրել սեփական երկրում, սա ավելի շատ ուղղված է երիտասարդներին, մասնագետներին եւ նոր սերնդին: Չի կարելի անընդհատ փողը, եկամուտը շեշտադրել, պետք է սիրած աշխատանքը եւ նվաճումները հետապնդել»,- ասաց արվեստագետը:

Նա նշեց, որ Կարապի լճում ներկայացված է 8-9 տարվա աշխատանքների ընտրանին` 4 փուլից բաղկացած. «Դա իմ բնույթն է, ես անընդհատ հերքում եմ նախորդ արածս եւ նորից ու նորից փորձում եմ մի նոր բան անել…Ընտրվել է այս ձեւաչափը, որը ներկայացնում է նախորդ կյանքի եւ ապագա  սպասելիքների, ձգտումների բախումը. դա  բերում է այն էպիկենտրոնին, որը Կարապի լիճն է, իսկ ջուրն իր մեջ կրում է հիշողություն, մեր մանկությունը եւ վաղվա ապագան»:

Ցուցահանդես-նախագիծը համադրելու համար, ԱՐՏ PR-ը հրավիրել է արվեստաբան Արա Հայթայանին, որը ներկայացնելով նախագիծը նշում է. «Կարապի լիճը այսօր ներկայանում է որպես քանդակային ցուցասրահ: Անդադար փոփոխվող ջրի հայելու մակերեսը այն հարթակն է, ուր ներկայացված են արվեստագետ Աշոտ Հարությունյանի մետաղական քանդակները: Վերացական մտածողությամբ օժտված եւ Հայաստանում իր տեսակի մեջ անկրկնելի արվեստագետը որպես նյութ օգտագործելով հետխորհրդային արդյունաբերական ջարդոնն ու այժմյան մետաղական արտադրանքը այն վերածում է իր հուշերն ու գեղագիտությունը մարմնավորող հնչեղ ձեւագոյացումների: Ցուցահանդեսի նախաձեռնողները լիահույս են, որ Կարապի Լիճը որպես քանդակի մատուցման վայր վերածելու իրենց քայլը կընկալվի որպես Կարապի Լճի չօգտագործված ներուժը բացահայտող նախաձեռնություն: Սա մի առիթ է նաեւ բացահայտելու մերօրյա արվեստում մաքառող անհատականություններին եւ իր ձեւի մեջ առաջին փորձն ու նախադեպը լինելով, այն ապագայում կարող է դառնալ արվեստ ներկայացնելու ավանդական միջոց»:

Ցուցահանդեսի կազմակերպիչ` ԱՐՏ PR ընկերության տնօրեն Գայանե Դավթյանի կարծիքով. «Ժամանակակից հայ քանդակագործության այս նմուշներով ցուցադրվում է, թե ինչպես կարելի է սովորական քաղաքային, հանրային վայրերը դուրս բերել ամենօրյա առօրեական ռիթմից եւ տեղափոխել վերացական արվեստի հարթություն: Վերացական արվեստը «քարոզում է» ազատություն, իսկ այս ազատության դրսեւորումը ոչ այլ ինչ է, քան քաղաքային մշակույթի մեջ կարծրատիպեր կոտրելու յուրահատուկ ակտ: Այս ցուցադրությունը հավակնում է դառնալ երեւանցիների, ինչպես նաեւ զբոսաշրջիկների ամենասիրելի ժամանակահատվածը: Ցուցահանդեսի կարեւոր նպատակներից է` երիտասարդ սերնդի մեջ արթնացնել սեր` արվեստի հանդեպ, սեր` քաղաքի հանդեպ, ցույց տալ, որ Երեւանում մոնումենտալ արձաններին ու ավանդական արձանագործներին լրացնում են նաեւ այլ արվեստագետներ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031