Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ից պարբերաբար դիզվառելիք էին հափշտակել ու վաճառել Գյումրու բենզալցակայաններում

Օգոստոս 15,2017 20:45

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ այսօր ժամը 14․00-ից մինչև աշխատանքային օրվա ավարտը շարունակվեց Պաշտպանության բանակի զորամասերից մեկից դիզավառելիքի հափշտակման գործով քննությունը։

Այս գործով ամբաստանվողների թիվը 6-ն է, ընդ որում մեղադրանք է առաջադրված ինչպես Պաշտպանության բանակի  փոխգնդապետի, ենթասպայի, այնպես էլ Գյումրու բենզալցակայաններից մեկի սեփականատիրոջը, դիզվառելիքը զորամասից տեղափոխող վարորդին։ Ամբաստանյալներն են՝ Աշոտ Յայլոյանը, Լեռնիկ Վարդանյանը, Մխիթար Ալեքսանյանը, Մանվել Գալստյանը, Ռուդիկ Կարապետյանն ու Արմեն Գրիգորյանը։ Ամբաստանյալներից երկուսը՝ Մանվել Գալստյանն ու Լեռնիկ Վարդանյանը կալանավորված են։

Նշենք, որ մեղադրողները՝ զինվորական դատախազության դատախազներ Ա․Անտոնյանն ու Արամ Ամիրյանն այսօր մեկ առ մեկ ընթերցեցին ամբաստանյալներից յուրաքանչյուրին առաջադրված մեղադրանքը։ Ըստ մեղադրանքի՝ Մխիթար Ալեքսանյանը, լինելով պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարական կազմում փոխգնդապետ, 2016 թվականի ապրիլից մինչև օգոստոսը ներառյալ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, շահադիտական նպատակով նույն զորամասի պահեստարանի պետ, ենթասպա Աշոտ Յայլոյանի հետ պարբերաբար վատնել է իր զորամասի հաշվեկշռում գտնվող, իրեն վստահված խոշոր չափի` 1.259.520 ՀՀ դրամի 3840 լիտր դիզելային վառելիքը։

Նրանք ամեն անգամ 450-500 լիտր դիզելային վառելիք են լիցքավորել իրենց զորամասի հարակից տարածք անհատ ձեռնարկատեր Մանվել Գալստյանի կողմից ուղարկված «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի ավտոցիստեռնը, որից հետո հափշտակված վառելիքը նշված մեքենայի վարորդ Արմեն Գրիգորյանի օժանդակությամբ տեղափոխվել է Գյումրի քաղաքում գտնվող Մանվել Գալստյանին պատկանող բենզալցակայաններ։ Մանվել Գալստյանի և Ռուդիկ Կարապետյանի միջոցով, ովքեր նախապես խոստացել են իրացնել հանցավոր ճանապարհով շուկայականից էժան գներով ձեռք բերված գույքը, կազմակերպել են հափշտակված վառելիքի վաճառքը` գումարը փոխանցելով Մխիթար Ալեքսանյանին: Բացի այդ, փոխգնդապետ Մխիթար Ալեքսանյանը իր աշխատասենյակում ապօրինի գործարանային արտադրության փամփուշտներ է պահել, որոնք հայտնաբերվել են 2016թ-ի սեպտեմբերի 9-ին աշխատասենյակում կատարված խուզարկությամբ։

Բոլոր ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքում՝ բացառությամբ Լեռնիկ Վարդանյանի, խոսք է գնում 1.259.520 ՀՀ դրամի 3840 լիտր դիզելային վառելիք վատնելու մասին։ Իսկ Լեռնիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա իր գործողություններով օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Ա.Յայլոյանին ` խոշոր չափի` 737.793 ՀՀ դրամի 2151 լիտր դիզելային վառելիքը վատնելուն»:

Ամբաստանյալների փաստաբաններ Թամարա Յայոլյանը, Հայկ Հարությունյանը ու Գուրգեն Հարությունյանը դատարանին միջնորդություն ներկայացրեցին արագացված դատաքննությամբ գործը քննելու։

Ամբաստանյալներից մի քանիսը դատարանին հայտնեցին, որ ընդունում են իրենց մեղքը։ Դատարանը, մոտ մեկ ժամ ու կես խորհրդակցական սենյակ հեռանալով, որոշեց մերժել ամբաստանյալների փաստաբանների միջնորդությունը, որն էլ առիթ հանդիսացավ դատավորին ինքնաբացարկ հայտնելուն։ Փաստաբան Հայկ Հարությունյանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց՝ նշելով, որ նրա հիմնավորումները արագացված դատաքննություն չանցկացնելու վերաբերյալ անհիմն են, դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք ամբաստանյալների նկատմամբ, նա չի կարող բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն անցկացնել։ Փաստաբան Թամարա Յայոլյանն էլ նետեց, որ նույնիսկ կարող են արդեն դատավճիռն ասել։ Դատարանը ինքնաբացարկի միջնորդության մասին իր որոշումը կներկայացնի վաղը։

Ի դեպ, դատավորն այդպես էլ չքննեց դատական նիստը տեսալուսանկարահանելու մասին լրագրողների խնդրանքը։ Իսկ երբ զինվորական դատախազության դատախազ Արամ Ամիրյանից փորձեցինք հստակեցնել իր պաշտոնը՝ վերջինս շտապեց նկատողություն անել մեզ, որ լրագրողներն իրավունք չունեն անգամ դատական նիստը ձայնագրելու, եթե դատավորը չի տվել թույլտվություն։ Նկատենք, որ դատական նիստը դռնբաց է, յուրաքանչյուր ոք կարող է գալ, մասնակցել, բացի այդ նիստը ձայնագրվում է հենց դատարանի կողմից։ Դատախազի պահվածքը տարօրինակ էր զուտ այն պատճառով, որ սովորաբար լրագրողների ներկայությունից վատ են զգում ամբաստանյալները, ոչ թե պետության շահերը պաշտպանողները։

Ի դեպ, դատարանի դահլիճից լուսանկարը, որտեղ երևում են միայն փաստաբանների դեմքերը, արված է այն պահին, երբ դատական նիստը դեռ չէր սկսվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031