Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարվա 6 ամսվա տվյալներով արդեն 990 մլն դոլարի ապրանք ենք արտահանել, 20% աճ ենք ապահովում». Վազգեն Սաֆարյան

Օգոստոս 15,2017 20:30

«ԵՏՄ-ի ներուժը շատ մեծ եմ գնահատում: Միայն Ռուսաստանում է աշխարհի էներգակիրների 25 տոկոսը, հզոր են այն երկրները, որոնք ունեն հումք: Հիմա պետք է մենք համատեղ ուժերով այդ հումքը մշակենք եւ ստանանք պատրաստի արտադրանք»,- Aravot.am-ի հետ  զրույցում ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ «Վերցնենք, Ճապոնիան, նավթ չունի, մետաղ չունի, բայց այդքան ավտոմեքենաներ է ամբողջ աշխարհում վաճառում, հումքի շուկա գտնելը խնդիր է, բերել, վերամշակել: Հիմա ԵԱՏՄ-ի շրջանակներում այդ հումքերը կա, հարկավոր է դրանք շահագործել համատեղ: ԱՄՆ-ի սահմանափակումները ՌԴ-ին կմղեն այս ուղղության վրա մտածելու եւ զարգացնելու իր տնտեսությունը՝ օգտագործելով մնացած երկրների ներուժն ու գիտատեխնիկական մշակումները»:

Սեպտեմբերի 28-ին մեքենաշինարարների օրն է եւ այդ օրը ՀՀ-ում համաժողով է անցկացվելու, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ պետությունների մի քանի տասնյակ պաշտոնյաներ: Վազգեն Սաֆարյանը վստահ է, որ համաժողովի արդյունքում ներդրումներ կլինեն ՀՀ-ում. «Ներդրումներ  լինում են այն ժամանակ, երբ տեսնում են, որ կա իրական բազա: Եթե նրանք չեն տեսնում, չեն շոշափում, թե ինչ տնտեսություն մենք ունենք, ինչ է պահպանվել, մենք գույքագրված այսօր տնտեսություն չունենք, խոսքը մեքենաշինության մասին է: Ոչ մեկը չգիտի, թե ինչքան աշխատող հաստոց է մնացել: Մենք հարցաթերթ ենք ուղարկել գործարաններին ու գրել՝ ի՞նչ եք արտադրել մինչեւ 2017-ի հունվարի 1-ը, ի՞նչ եք պահպանել ձեր հիմնական միջոցներից, ի՞նչ կարող եք արտադրել, ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել: 63 կազմակերպության ուղարկել ենք նման հարցաթերթ, պատասխանները հավաքելով՝ փորձելու ենք մեր բանկը հասկանանք, մի հատ հասկանանք՝ ի՞նչ ունենք, իմանանք մեր բազան ինչի վրա  է հիմնված, նոր դրանից հետո սկսենք խոսել: Մինչեւ հիմա, ցավոք, նման բան չի արվել: Էկոնոմիկայի նախարարությունում արդյունաբերության վարչություն կա, որտեղ 5-6 աշխատող է, իրենց ուժերով ի վիճակի չէին անելու, իսկ վերջին տարիներին արդյունաբերությանը լուրջ ուշադրություն չի դարձվել, թեեւ 2011-ին ընդունվեց արդյունաբերության հայեցակարգ»:

Ըստ Վազգեն Սաֆարյանի, այդ հայեցակարգը շրջադարձային նշանակություն ունեցավ մեր հանրային կյանքում: Դրանից հետո 2012-ին բյուջեից հատկացվեց 300 մլն դրամ, ստեղծվեց Արդյունաբերության հիմնադրամ, այդ հիմնադրամը մի քանի տարի շարունակ արտահանող ընկերություններին 3 տոկոսով վարկեր էր տալիս. «Սա բավականին խթանեց արտահանման գործընթացը: Անցյալ տարի մենք 1 մլրդ 782 մլ դոլարի ապրանք արտահանեցինք, նախկինում մենք 3 անգամ ավելի շատ ապրանքներ էինք ներմուծում, քան արտահանում էինք: Հիմա արդեն անցյալ տարվա տվյալներով մենք 3.2 մլրդ դոլարի ապրանք ենք ներմուծել, արտահանել ենք 1.8: Այս տարվա 6 ամսվա տվյալներով մենք արդեն 990 մլն դոլարի ապրանք ենք արտահանել, 20 տոկոսով աճ ենք ապահովում, տարեվերջին, կարծում եմ, մոտ 2 մլրդ դոլարի կհասցնենք մեր ապրանքների արտահանման ծավալը, ներմուծումն էլ կլինի 3 մլրդ: Սա նաեւ ինչ-որ տեղ ներմուծմանը փոխարինող տեղական արտադրության զարգացման շնորհիվ է լինում: Փորձենք այս ուղղության մեջ արդյունաբերության հիմնական ճյուղի՝ մեքենաշինության ոլորտում աշխուժացում մտցնել, որովհետեւ սա ամենաանպաշտպան եւ ամենաբարձիթողի թողնված ոլորտն է: Թեեւ խորհրդային տարիներին ունեցել ենք հզոր ներուժ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031