«Այս պահին, կարծես թե, ընդհանուր մոտեցում կա, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի պատճառը մարդածին է. ուղղակի շոգ եղանակից չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի այսպիսի կարծիք հայտնեց իրավաբան, բնապահպան Արթուր Գրիգորյանը:
Նա շեշտեց, եթե կա մարդկային գործոն, պետք է լինեն մեղավորներ: Այնուհետև նշեց, թե դեռ պետք է որոշվի վնասի չափը, այն հարցը` արդյոք դիտավարությո՞ւն է, թե՞ ինչ-որ մեկն իր արտը վառելիս անզգուշորեն նման վնաս է պատճառել:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ. «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի (Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը) եւ 186-րդ հոդվածի 2-րդ մասի (Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ հրդեհի առաջացման պատճառը պարզելու համար»:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կատարված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Իսկ 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Փաստենք, որ արդեն չորրորդ օրն է հրդեհվել է արգելոցը, սակայն կասկածյալ չկա:
Արթուր Գրիգորյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ է ցույց տալիս պրակտիկան, օրինաչա՞փ է, որ արդեն չորրորդ օրն է լրանում, սակայն դեռ կասկածյալ չկա, նա պատասխանեց, թե այդ հարցով զբաղվում են իրավապահները: Մեր այն հիշեցմանը` կարծիքներ կան, որ արգելոցը հրդեհվել է դիտավորության պատճառով, Արթուր Գրիգորյանն արձագանքեց. «Չեմ կարող ասել դիտավորություն է, թե անզգուշություն: Ցանկացած պարագայում պետք է տարվի հետաքննություն: Կա հարուցված քրեական գործ, պետք է պարզվեն գործով անցնող բոլոր սուբյեկտներն ու հանգամանքները: Ես գիտեմ, որ Արտավանում կար հանքարդյունաբերական գործունեություն իրականացնելու միտում, բայց արդյոք հրդեհը դրա հետ փոխկապակցված է, թե ոչ, չեմ կարող ասել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ