Վայոց Ձորի մարզի Շատին գյուղում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել: Aravot.am-ի տեղեկություններով, Շատին գյուղի բնակիչ Ա. Գ.-ն այրել է սեփական մեքենան: Նախնական տվյալներով, նախքան մեքենան այրելը կնոջ հետ է վիճաբանել, նրան ծեծել: Ավելի ուշ դեպքի վայր մեկնած ոստիկանների հետ է վեճի բռնվել: Կրկին նախնական տվյալներով` ոստիկաններին էլ է հարվածել:
Aravot.am-ը զրուցեց նաեւ Շատինի գյուղապետ Տիգրան Խուդոյանի հետ, վերջինս պատմեց, որ «Ա.-ն շատ նորմալ տպավորություն է թողել, ոչխարաբուծությամբ է զբաղվում, վատ տղա չէ»: Մեր հարցին՝ ի՞նչ էր տեղի ունեցել, պարոն Խուդոյանը պատասխանեց. «Տուն չկա, որ խնդիր չլինի: Մեքենան այրելու պատճառն էլ չգիտեմ՝ մարդիկ իրենց էմոցիաները մի ձեւով արտահայտում են, մեկը խնդիր է լուծում, ինքն էլ մեքենան է այրել, ինչ-որ բանի հետեւանք է: Ես տեղեկություն չունեմ»:
Նրա պատմելով, ինքը հասել է այն ժամանակ, երբ մեքենայի կրակն արդեն հանգցրել էին, թե ոստիկաններին ինչո՞ւ է հարվածել, գյուղապետն ասաց՝ տեղյակ չէ, երեւի մի քիչ էլ չափազանցնում են: Մեր տեղեկություններով` Ա.-ի կինը երեխայի հետ դեպքից հետո գնացել է ծնողների տուն: Ա. Գ.-ն ձերբակալվել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ