Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում այսօր վաղ առավոտյան պայթյունից մահացած 59-ամյա Հրաչիկ Ալթունյանը անասնապահ էր, գյուղապետի բնութագրմամբ՝ «խելոք տղա, իր աշխատանքով ապրող մարդ»:
Ֆանտանի գյուղապետը՝ Նորայր Կարապետյանը, Aravot.am-ին պատմեց, որ դեպքից իրեն շատ բան հայտնի չէ, միայն գիտի՝ վաղ առավոտյան Ալթունյանը համագյուղացու հետ իրենց անասուններին գյուղի հովվի մոտ տանելիս են եղել. «Երկու ընկեր ճանապարհին ինչ-որ կասկածելի իր են գտել, գյուղ են եկել՝ թաղային կանչեն»:
Ըստ գյուղապետի՝ Հրաչիկ Ալթունյանը ճանապարհից հետ է դարձել, անծանոթ իրը վերցրել, սկսել ուսումնասիրել, ինչն էլ հենց ձեռքում պայթել է:
Ավելի վաղ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ ահազանգ են ստացել ժամը 07:00-ին այն մասին, որ Ֆանտան գյուղում պայթյուն է եղել, ինչի հետեւանքով 1 տղամարդ մահացել է: Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է քննություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ