Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահանին խփել են, ինքն էլ դանակով է խփել». Պատանի լրագրողների դպրոցում սպանության գործով վկա

Օգոստոս 15,2017 15:27

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 22-ամյա Լեւոն Սահակյանի սպանության գործի քննությունը: Մեղադրյալը Պատանի լրագրողների դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանն է, որը մեղադրանքը չի ընդունում: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝  նա մոտ մեկ տարի առաջ վիճաբանության և քաշքշուկի մեջ է մտել, որի ժամանակ իր մոտ առկա ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է Լեւոն Սահակյանի ոտքին և մեկ անգամ կրծքավանդակի շրջանին, որի հետևանքով Սահակյանը մահացել է: Խնդիրն այն էր, որ Լեւոնն իր ընկերոջ հետ գնացել էր Վահանի գրասենյակ՝ իր նշանածին աշխատավարձ չտալու հարցը պարզելու, ինչի ժամանակ տեղի է ունեցել միջադեպը:

Այս նիստում հարցաքննվեց վկա Վլադիմիր Մխիթարյանը, որը մեղադրյալ Վահան Ղազարյանի մորաքրոջ տղան է: Նա պատմեց, որ Վահանը դեպքի օրն ուշ երեկոյան զանգել է իրեն եւ ասել, որ խնդիր է եղել, վիճաբանել են, եւ կարիք կա, որ գա իրենց տուն: Այդ օրը, ըստ վկայի, Վահանն իրենց տուն է եկել, գիշերել, իսկ հաջորդ օրվա առավոտյան հանձնվել ոստիկանությանը:

Վլադիմիր Մխիթարյանը նշեց՝ Վահանը պատմել է, որ Լեւոն Սահակյանը եւս մեկ տղայի հետ եկել է իր մոտ՝ գրասենյակ. «Վեճ է սկսվել, ապակի է կոտրվել, ծեծկռտուք է եղել, իրար չեն հասկացել: Վահանին խփել են, ինքը ընկել է, ինչից հետո ինքը դանակով հարվածել է»: Վկայի խոսքով՝ Վահան Ղազարյանը ծանր, լարված վիճակում էր, վրան կապտուկներ կային, անընդհատ ծխում էր. «Անգամ մի քանի բաժակ օղի եմ հյուրասիրել նրան…Ընթացքում նա փորձում էր զանգելով տեղեկանալ, թե այդ տղան ինչ վիճակում է: Նա չէր ուզենա, որ նման դեպք լիներ»:

Թե ինչու է բանը հասել բռունցներին, ըստ վկայի՝ երիտասարդներն իրար չեն հասկացել. «Սկզբում Վահանին վիրավորել են, ի պատասխան՝ նա է վիրավորել, ու ծեծկռտուք է սկսվել»: Վկան նաեւ հաստատեց, որ վիճաբանությունը սկսվել է աշխատավարձ չվճարելու շուրջ խոսակցության պատճառով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031