Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտգործնախարարների հանդիպումը դեռ չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը չի խուսանավի ստանձնած պարտավորություններից». Նարեկ Մինասյան

Օգոստոս 15,2017 14:54

Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային դաշտում հնարավոր զարգացումների մասին Aravot.am-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:

 Ինչպես գիտենք, սեպտեմբերին ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է նախատեսվում: Ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ բանակցության վերսկսման հավանականություն կա: Դո՞ւք ինչ նախադրյալներ եւ հնարավոր զարգացումներ կարող եք առանձնացնել:

– Վերջին տարիներին, մասնավորապես՝ ապրիլյան պատերազմից հետո, բանակցային գործընթացն առաջ մղելու տեսանկյունից, ցավոք սրտի, չկա որևէ դրական նախադրյալ: Հակամարտության կողմերի միջև չկա փոխվստահություն, ինչը բավականին կարևոր է ցանկացած հակամարտության կարգավորման համատեքստում: Նման ոչ նպաստավոր պայմաններում, ըստ նախնական տեղեկությունների, սեպտեմբերին կկայանա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը:  Հանդիպման օրակարգում, ամենայն հավանականությամբ, կլինեն ոչ թե հակամարտության կարգավորման քաղաքական բանակցություններին առնչվող հարցեր, այլ դրանք առաջ մղելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծման խնդիրներ: Այդ պայմանների մասին բազմիցս բարձրաձայնվել է և դրանք մասամբ արտահայտված են նաև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններում: Մինչ օրս ադրբեջանական կողմը փորձում է խուսանավել ստանձնած պարտավորությունների կատարումից, և անգամ արտգործնախարարների հերթական հանդիպումը դեռևս որևէ կերպ չի կարող երաշխավորել, որ այդ ուղղությամբ կկատարվեն շոշափելի քայլեր: Հատկանշական է նաև, որ համանախագահների համար ևս բավականին ընկալելի է, որ առանց համապատասխան փոխվստահության մթնոլորտի ձևավորման՝ քաղաքական բանակցություններում որևէ առաջընթաց ակնկալելն անիրատեսական է: Այդ մասին է վկայում, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ  Հոգլանդի վերջին հարցազրույցը, որտեղ նա ընդգծում է նոր էսկալացիաներից խուսափելու կարևորությունը և որպես փոխվստահության ձևավորման միջոցներ՝ դիտարկում է դիպուկահարների հեռացումը սահմաններից, մոնիթորինգ իրականացնող դիտորդների թվի մեծացումը, տեխնիկական միջոցներով հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը և այլն:

Ադրբեջանը, ավանդաբար, նման հանդիպումներից առաջ եւ հետո սահմանային միջադեպերի է դիմում: Ըստ Ձեզ, այս անգամ ինչպիսի՞ դրսեւորումներ կունենա այդ գործելաոճը՝ հաշվի առնելով նաեւ Ադրբեջանում խորացող տնտեսական եւ քաղաքական ճգնաժամը:

 – Արդեն վաղուց որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը բավական անկանխատեսելի է: Ադրբեջանում ազատ մամուլի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության բացակայությունն այդ երկրի իշխանություններին հնարավորություն է տալիս Ղարաբաղյան հակամարտությունը և այսպես կոչված «հայկական ագրեսիայի» թեզը շահարկել ներքին տարբեր խնդիրների լուծման կամ կանխարգելման նպատակով: Այդ խնդիրները կրում են սոցիալական, քաղաքական և վերջին շրջանում նաև տնտեսական բնույթ: Հաշվի առնելով այս ամենը, բնականաբար, Ադրբեջանի կողմից նոր սադրանքների (այդ թվում՝ արտգործնախարարների նախատեսվող հանդիպումից առաջ և/կամ հետո) հավանականությունը երբեք չենք կարող բացառել: Մենք գործ ունենք բավական փակ ավտորիտար երկրի հետ, որի իշխանությունները որոշումների ընդունման գործընթացում որևէ հակազդող ուժ չունեն:

Ձեր կարծիքով, ռուսամերիկյան սրվող հարաբերություններն ինչպե՞ս կազդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆի եւ Ռուսաստանի՝ հակամարտության կարգավորման գործընթացում ունեցած դերակատարության վրա: Ինչպիսի՞ նոր քայլեր են հնարավոր այդ երկրների կողմից:

– Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև նկատվող լարվածության աճը, բարեբախտաբար, դեռևս չի ազդում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: ԵԱՀԿ Մինսկի խումբը, անկախ այդ երկրների միջև առկա հակասություններից, մշտապես եղել է, և, հուսով եմ, կշարունակի մնալ այն փոքրաթիվ կապող կամուրջներից, որտեղ նրանք համագործակցում են և ունեն համատեղ աշխատանքի բավականին դրական փորձ: Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, կարծում եմ՝ դեռևս վաղ է վատատեսական կանխատեսումների համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031