Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ պատրաստվում է արդյունաբերական միասնական քաղաքականության անցնել

Օգոստոս 15,2017 14:18

Սեպտեմբերի 28-ը մեքենաշինարարների օրն է: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր «Փաստարկ» ակումբում ասաց, որ այդ օրը ԵԱՏՄ անդամ պետություններից մի քանի տասնյակ հյուրեր են հրավիրել Հայաստան՝ համաժողով անելու եւ քննարկելու, թե ինչպես կարող են վերականգնել ԽՍՀՄ-ի երբեմնի արդյունաբերական պոտենցիալը, հաստոցաշինությունը. «Մենք ցանկանում ենք նոր ընթացք տալ ԵԱՏՄ-ի զարգացման գործընթացներին հայաստանյան իրականության մեջ»:

Պարոն Սաֆարյանն ասաց, որ Հայաստանի  ապրանք արտադրողների միությունը 3 տարի է՝ ՌԴ-ի մեքենաշինարարների միության, Ղազախստանի եւ Բելառուսի համանման կառույցների հետ ստեղծել է կոորդինացիոն խորհուրդ: Արդեն ռուս գործընկերների հետ համաձայնության եկել են կոնֆերանսի հետ կապված:

Մինչեւ կոնֆերանսը հայաստանյան մեքենաշինական ձեռնարկությունները պետք է ներկայացնեն իրենց առաջարկները, թե ինչպես կարող են վերականգնել նախկին տնտեսական կապերը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ: Էջմիածնի սարքաշինական գործարանն, օրինակ, հայտ է ներկայացրել, որ ՌԴ-ի ուղղաթիռաշինության գլխավոր տնօրենին հրավիրեն՝ համագործակցելու ակնկալիքով:

Ըստ Վազգեն Սաֆարյանի, այսօր Հայաստանում մեքենաշինությունը կարիք ունի լուրջ ուշադրության, որովհետեւ Հայաստանի զարգացումն ու հեռանկարը առանց մեքենաշինության դժվար է պատկերացնել. «Հայաստանն ունի գիտատեխնիկական լուրջ մշակումներ եւ մեքենաշինությունը արդյունաբերության համար շատ կարեւոր ուղղություն է եղել: Խորհրդային Հայաստանում արդյունաբերության մեջ մեքենաշինությունն ունեցել է 26,5 տոկոս տեսակարար կշիռ: Ամբողջ ՀՆԱ-ի 67 տոկոսը եղել է արդյունաբերության մասնաբաժինը, իսկ դրա 26,5 տոկոսը եղել է արդյունաբերությունը: Այսօր քանի որ մեր տնտեսական կապերը ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի հետ ոչ բավարար չափով է գործում, իսկ շատերի հետ խզված են այդ կապերը, ուղղակի չկան, դրա համար մենք փորձելու ենք ստեղծել հարթակ, որ մեր տնտեսվարողները իրենց գործընկերների հետ կարողանան համագործակցության կամուրջներ գցել: Այդ իմաստով Աստանայի հանդիպումը, ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությյունը բավարար հող են, որ մեր կոնֆերանսն ունենա լավ ընթացք եւ դրական միտումներ ապահովի»:

Հարցին, թե ի՞նչ մասնակցություն է ունենալու կառավարությունը, Վազգեն Սաֆարյանյն ասաց, որ բանավոր դիմել են, նամակով նույնպես կդիմեն եւ կարծում են, որ մասնակցություն կունենա. «Սա լրացուցիչ անգամ ցույց է տալու մեքենաշինարարին, որ կառավարությունը մտահոգ է: ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանը տարեկան 9500 հաստոցներ է արտադրել եւ դրա 90 տոկոսն արտահանվել է այլ երկրներ, մասնավորապես՝ ՌԴ: Մեր գործարաններն այսօր էլ դեռ պահպանել են ներուժը, դեռ կարող են արտադրել»: Վազգեն Սաֆարյանը ոգեւորություն է  նկատել մեքենաշինարարների մոտ:

Վազգեն Սաֆարյանը նշեց, որ այսօր ՌԴ-ն կորցրել է իր արդյունաբերական ներուժի 50 տոկոսը, Հայաստանը 90 տոկոսն է կորցրել եւ ՌԴ-ում մոտեցում կա, արդեն հայտնի ակադեմիկոսներ հայտարարություններ են անում, որ «ՌԴ-ն պետք է գնա նոր ինդուստրիալիզացիայի քաղաքականություն իրականացնելու ճանապարհով»: «Հիմք ընդունելով ՌԴ-ի գիտնականների այդ մոտեցումը, որ պետք է հավաքագրել ԵՏՄ երկրներում մեր արդյունաբերական ներուժը, թե ով ինչ է պահպանել, ով ինչ կարող է դեռ արտադրել, կարող ենք միասնական արդյունաբերական քաղաքականություն իրականացնել եւ պլանավորել, թե որտեղ ինչ կարելի է արտադրել, մենք կստանանք միասնական պատվերներ: Դրա համար զեկուցողներից մեկը լինելու է ՌԴ-ի արդյունաբերական դեպարտամենտի ղեկավարը»,-ասաց նա:

Սաֆարյանն ասաց, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ-ին դրդում են, որ դեմքով շրջվի դեպի իր արդյունաբերությունը, իսկ մենք էլ փորձելու ենք ՌԴ-ին հասկացնել, որ ՌԴ-Իրան-ՀՀ համատեքստում մեզ կհաջողվի միասական արդյունաբերական շուկա ստեղծել:

Հարցին՝ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հավասարապե՞ս են ձգտում այդ գործընթացին մասնակցել՝ Սաֆարյանը պատասխանեց, որ ե՛ւ Բելառուսում կա այդ պահանջը, ե՛ւ Ղազախստանում, որը իր հիմնական տնտեսական բաղադրիչը դարձրել է  ածխաջրածինների արտահանումը. «Եկել է ժամանակը, որ մենք ոչ թե  գնանք հումք վաճառելու ճանապարհով, մենք ոչ թե պղնձի խտանյութ վաճառենք, որպեսզի նրանից 4 անգամ պակաս մաքուր պղնձի փող ստանանք, այլ ստանանք ռաֆինացված պղինձ, որը կգնա մեր էլեկտրոտեխնիկայի, արդյունաբերության համար, սարքաշինության համար: Այս խնդիրների մասին ՀՀ նախագահն էլ բազմիցս արտահայտվել է, որ մենք պարզ հումք չենք արտահանելու, այլ՝ արտադրանք ենք փորձելու արտահանել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ցավոք, հաստոցաշինական գործարանները հավասարեցվել են հողին, իսկ Վազգենը և մյուս պաշտոնյաները ժամանակին չեն արձագանքել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031