Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է մնացել Մոսկվայի քաղաքական զինանոցում Հայաստանի ուղղությամբ

Օգոստոս 15,2017 22:00

Աշնանային քաղաքական սեզոնին ընդառաջ Մոսկվան վերախմբավորում է ուժերը տարածաշրջանում: Նրա՝ վերջին ամիսների քաղաքական հաշվեկշռում շատ մեծ «անցք» է բացվել, եւ ակնառու են բոլոր միտումները, որ այն ոչ թե կփակվի, այլ ընդհակառակը՝ կընդլայնվի եւ կխորանա: Մինչդեռ, ինչպես «երազում էր» քաղաքական գործիչների, քաղաքական եւ տնտեսական փորձագետների մի ողջ բանակ, պետք է ընդլայնվեին եւ խորանային ոչ թե ռուսական քաղաքականության՝ այդ բացված «անցքերը», այլ հարաբերությունները մեր «ռազմավարական դաշնակցի» հետ «ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում»: Սակայն, ինչպես տեսնում ենք, իրողությունները քիչ այլ են, ավելի ճիշտ՝ դրա ուղիղ հակառակը:

Մոսկվայի քաղաքականության լծակներն օգոստոսի սկզբից ուղղակի հայտնվեցին օրենքից դուրս՝ ռազմական, տնտեսական, ռազմատեխնիկական, դիվանագիտական, իսկ համբավը, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտի՝ «հատել է զրոն» եւ արտահայտվում է բացասական նիշերով:

Այն ողջ գործիքակազմը, որը Մոսկվան գործադրեց եւ ազդեց Հայաստանի՝ 2013-ի սեպտեմբերի 3-ի որոշման վրա, էապես կորցրել է իր նշանակությունը: Էներգետիկ լծակը չի աշխատում, քանզի Իրանը մեր կողքին է եւ բաց տեքստով է առաջարկում էներգետիկ միջանցք ապահովել դեպի Վրաստան եւ Եվրոպա, եւ Հայաստանն, ըստ էության, միայն պետք է ուրախ լինի, երբ Գազպրոմն ուղղակի լքի մեր երկիրը: Արտագնա աշխատողներին Ռուսաստանից վռնդելու սպառնալիքը նույնպես չի աշխատում, քանզի պատժամիջոցների եւ անտաղանդ կառավարման պատճառով փլուզվող տնտեսությունն ինքն է վանում նրանց եւ վերադարձնում տուն: Հայաստանում ներքին իրավիճակն ապակայունացնելու լծակը նույնպես առաջվանը չէ, քանզի իշխանությունից ավելի ռուսամետ ընդդիմության գոյությունն ուղղակի կդիտարկվի որպես թյուրիմացություն եւ կրկես: Չնայած, պետք չէ բացառել, որ Մոսկվան կխրախուսի տարբեր կեղծ-արմատական խմբակներին, որոնք կփորձեն խաղալ հասարակության դժգոհության վրա:

Առաջվանը չէ նաեւ «հայ-ռուսական դարավոր բարեկամություն» թեմայով դիցաբանության եւ բանահյուսության ընկալումը, հատկապես անցյալ տարվա Ապրիլյան պատերազմից հետո եւ Բաքվին հարձակողական սպառազինության մատակարարումների ֆոնին: Իսկ գլխավոր եւ կոշտ լծակը, որը դեռ կարող է եւ կփորձի գործադրել Մոսկվան՝ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Հասկանալի պատճառներով Մոսկվան թե՛ հնարավորություն չունի, թե՛ նաեւ ինքը կխուսափի լայնամասշտաբ պատերազմ հրահրելուց, հետեւաբար՝ կփորձի ինչ-որ այլ բան մտածել:

ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ օգոստոսի 10-ի հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը խնդիր է դրել վերադարձնել գործընթացը 2016-ի մայիսի՝ Վիեննայի օրակարգին, այն է. դիպուկահարների դուրսբերում, հատուկ սարքավորումների տեղադրում եւ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացում: Դա այն է, ինչը Մոսկվայի «տանիքի» ներքո մերժեց Բաքուն: Եվ Հոգլանդը նաեւ որպես գլխավոր շեշտադրում՝ հայտարարեց այդ առաջարկների գլխավոր նպատակը՝ «մենք պետք է նվազեցնենք ռազմական բախումների հնարավորությունը Լեռնային Ղարաբաղում»: Այս հայտարարությունն արված է սեպտեմբերին Նյու Յորքում սպասվելիք՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ:

Իհարկե, կարող է տպավորություն ստեղծվել, որ գործ ունենք «հերթական հայտարարության» հետ, ինչպիսին եղել են անցած տարիներին մինչ օրս, եւ պետք չէ այդ ամենին մեծ նշանակություն տալ:

Պետք է միանգամից ասել, որ դա շատ սխալ տպավորություն է: Իսկ սխալ է, որովհետեւ անցյալ տարվա ապրիլ-մայիսից հետո էապես փոխվել է ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում. ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները, ուժերը եւ միջոցները, որոնք տեղակայված կամ մոտեցված են տարածաշրջանին, թույլ են տալիս խոսել որակապես այլ իրավիճակի մասին: Վազիանիում օրերս ավարտված զորավարժությունները, որոնց մասնակցեց Հայաստանը եւ որի մասին այլ առիթով ասվել է, ցույց տվեցին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր դերակատարների եւ գործընկեր երկրների մոտ ձեւավորվել է սպառնալիքների ընդհանուր ընկալում, իսկ ռուսական «փորձագիտական» եւ փորձագիտական շրջանակները սկսել են աղմուկ բարձրացնել Հայաստանի հասցեին, սկսած քարոզչական բնույթի «մեղադրանքներից», վերջացրած հարցադրմամբ. արդյո՞ք Մոսկվան կկարողանա պահպանել իր ռազմական ներկայությունը Հայաստանում: Չմոռանանք մեր կողմից շեշտել՝ Հայաստանի հաշվին:

Ռուսներն էլ ճիշտ են անում, որ նման հարցադրում են անում: Եվ ամենեւին էլ կարիք չկա արդարանալու կամ համոզելու, որ չէ որ չէ՝ «պետք է պահպանվի»: Նման դիրքորոշումը ոչ միայն ծիծաղելի եւ անլուրջ կլինի, այլեւ անիմաստ՝ ֆուկցիոնալ առումով, որովհետեւ այդ ռազմական ներկայությունն ինքնին դառնում է անիմաստ: Լավագույն դեպքում: Եվ ավելորդ չէ նշել, որ այն կարող է որոշ հանգամանքների ի հայտ գալով վերածվել Հայաստանի գլխավոր սպառնալիքի: Հետեւաբար, ավելորդ անգամ ռուսներին «երդումներ» տալով ոչինչ չի փոխվելու, եւ, ի վերջո, պետք չէ թերագնահատել նրանց ինտելեկտը եւ վիրավորել նրանց բանականությունը, մերն էլ հետը:

Հայկական կողմին մնում է ընդամենը, առաջնորդվելով շահերի ռացիոնալ ընկալման վրա, խուսափելով կտրուկ քայլերից, այնուամենայնիվ, հենց այս աշնանը մեկնարկ տալ հայ-ռուսական հարաբերությունների վերանայմանը, եւ դրան զուգահեռ՝ անվտանգության, պաշտպանական, տնտեսական եւ արտաքին քաղաքականության դիվեսիֆիկացմանը, ներդաշնակեցնելով գործընթացը փոփոխվող իրողությունների հետ:

Նաեւ շատ կարեւոր է խուսափել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում ամբոխահաճո դիրքորոշումների ներքին գործածումից, ինչը կարող է կեղծ-արմատական խմբակների կողմից անհարկի շահարկվել, ինչպես նաեւ՝ ամեն գնով խուսափել ռուսական հարթակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս մոսկովյան նախաձեռնություններին որեւէ ձեւով մասնակցությունից:
Մոսկվան առանձնապես չի առանձնանում գաղտնապահությամբ, եւ իր հնարավոր քայլերի մասին բարձրաձայնում է մամուլի միջոցով եւ փորձագետների կամ «փորձագետների» շուրթերով: Հրապարակում նոր գաղափար է հիմա էլ «սավառնում», որ Ռուսաստանը պետք է նախաձեռնի Բաքու-Մոսկվա-Ստեփանակերտ ձեւաչափում ինչ-որ գործընթաց, հաշվի առնելով Երեւանի արտաքին քաղաքական «շրջադարձը», որպեսզի չկորցնի վերահսկողությունը: Ակնհայտ է, որ Ստեփանակերտում կգիտակցեն այդ «առաջարկության» ողջ վտանգավորությունը հայկական շահերի համար, եւ ի պատասխան կառաջարկեն, որ Մոսկվան ու Բաքուն, եթե մտադիր են գործընթացին նոր շունչ հաղորդելու, հանգիստ կարող են վերադառնալ 1994թ. մայիսի 12-ի եռակողմ ձեւաչափի՝ Երեւան-Ստեփանակերտ-Բաքու, իսկ Մոսկվան իր ողջ «խաղաղասիրական» ներուժը կարող է ազատորեն կիրառել Մինսկի խմբի ձեւաչափում, ինչին հայկական կողմերը հաստատ մտադիր չեն խանգարելու:

Հայաստանի համար տարածաշրջանային զարգացումները խիստ շահեկան են, կապված թե՛ Արեւմուտքի, թե՛ Իրանի, թե՛ Չինաստանի՝ ընդգծված ակտիվացման հետ: Ընդ որում, նշված սուբյեկտների շահերը եթե այլ հարցերում կամ այլ տարածաշրջաններում բախվում են տարբեր աստիճանի, ապա Հայաստանում ոչ միայն չկան նման բախման նախադրյալներ, այլեւ նրանց շահերն ուղղակի փոխլրացնում են, եւ դա մեծապես ձեռնտու է նաեւ մեր այսօրվա հարեւան եւ գործընկեր՝ վաղվա դաշնակից Վրաստանին: Իսկ եթե կա բախում, ապա միայն ռուսական մեծապետական շահերի հետ, ընդ որում, ռուսներն այստեղ այլեւս դաշնակիցներ չունեն, բացի Ադրբեջանից:

Ռուսական քաղաքական զինանոցը Հայաստանի ուղղությամբ շեշտակիորեն դատարկվում է, եւ դա միանգամայն օրինաչափական է: Բայց եւ այնպես, եթե ժամանակին Ռուսաստանն ընկալվում էր որպես տարածաշրջանի հիմնախնդիրների՝ թեկուզ վատ, բայց լուծում, ապա այժմ նա վերածվել է այդ հիմնախնդիրների «գլխավոր ռեժիսորի», որը ոչ միայն չի կարող լուծում ունենալ, այլեւ դարձել է տարածաշրջանի գլխավոր հիմնախնդիրը եւ սպառնալիքը, շատ էլ թե Ադրբեջանում, ասենք, այլ կերպ ուզենան մտածել:

Ինտելեկտ, քաղաքական հասունություն, չափավորություն, համառություն, հետեւողականություն՝ ներսում, թե դրսում. այս որակներն են կենսական աստիճանի պահանջվում հայկական քաղաքականությունից առաջիկա չափազանց բարդ եւ պատասխանատու ժամանակաշրջանում:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

15.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Ուկրաինացիքել տենց մեծ-մեծ խոսում էին, արտագնա աշխատողները հեչ, ռուսական շուկան հեչ տեսանք վերջը ինչ եղավ։
    Ռուսական շուկան կորցրին, ջրի գնով գազի փոխարեն դիմացը բան չստացան, 5միլիոն արտագնա աշխատոնղրին ոչ մեկ չի թողի Եվրոպայում աշխատեն։

    Իրան-Եվրոպա գազամուղը մեր արևմտամետների հերթական միֆերիա։
    Արևմուտքը ինչքան Ռուսաստանի դեմա սանկցնիաներ կիրառում 2էդքան Իրանի դեմ, էտ թվում էներգակիրների էմբարգո։
    Եթե անգամ էտ գաղափարը իրականանա, էտ գազամուղը եվրոպացիք կկառուցեն իրանց հին դաշնակից Թուրքիայի տարածքով այլ ոչ Հայաստանի։

    2-րդ միֆնել թե իբր իրանցիք մեզ էժան գազ են տալու;
    Թուրքիաին Իրանը գազը վաճառումա 300դոլլարով 1000խմ-ի դիմաց։

    3-րդ միֆնել իբր թե բա կարևորը վերջնական բաժանորդի գինը հետո ինչ որ սահմանի վրա էժանա։

    Բոլոր երկրներումել բաժանորդի համար գինը մի քանի անգամ բարձրա սահմանի վրա գնից, նույն Եվրոպական երկրներում նայեք ինչ արժի գազը վերջնական սպառողի համար։

    Արևմուտքը անընդատ սանկցիաներա կիրառում մեր երկու խոշոր հարևանների Ռուսաստանի ու Իրանի դեմ դրանով ուղղակիորեն վնասումա մեզ, բայց մեր արևմտամետները շարունակում են արևմուտքի հասցեին դիֆերամբներ երգել։

  2. Աշոտ says:

    Նույնիսկ արևմուտքի կողմից ֆինասավորվող կառույցները ՀԲ, ԱՄՀ և այլն ընդունում են որ ռուսական տնտեսությունը հարմարվելա սանկցիաներին, նավթի ցածր գներին ու աճումա։
    Իսկ մեր եվրոպամետները 2014-15-ի իներցիայով շարունկում են խոսել ինչ-որ փլուզվող ռուսական տնտեսության մասին։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031