Երեկ ժամը 21:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Տուժող Էդմոն Հարությունյանը Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն «Լոլոյի Էդոն» է: Դեպքը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 64 շենքի հարակից տարածքում: Է. Հարությունյանը վնասվածք է ստացել որովայնի շրջանում:
Բժշկական կենտրոնից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ հիվանդին անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է վիրահատական միջամտություն. «Վիրահատությունն անցել է հաջող, ներքին օրգանների վնաս չի եղել, վերքերը կարվել են: Վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Բայց հարազատներն ուզում էին Երեւան տեղափոխել»,- ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը:
Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն հանցանք կատարած անձի ինքնությունը դեռեւս պարզ չէ: Կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները եւ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ