Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ օգոստոսի 2-ից նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրենք է ընդունել։ Այդ պատժամիջոցներն ուղղված են լինելու Ռուսաստանի նավթագազային սեկտորի եւ բանկային համակարգի դեմ։ Ի թիվս այլ միջոցառումների, ԱՄՆ նախագահն արգելում է մեղմել Ռուսաստանի եւ Իրանի դեմ պատժամիջոցները։ Նկատենք, որ Եվրամիությունը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի քայլը՝ նշելով, որ դա կարող է վնաս հասցնել Եվրամիության տնտեսական եւ էներգետիկ շահերին, «անկանխատեսելի հետեւանքների» բերել հատկապես էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի հարցում։
Այն, որ նոր պատժամիջոցները կարող են անմիջական ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի վրա, ակնհայտ է։ Ի վերջո, Հայաստանի տնտեսությունն անմիջականորեն կապված է ՌԴ տնտեսության հետ, եւ այնտեղ կատարվող ցանկացած փոփոխություն իր արտացոլումն է գտնում ՀՀ տնտեսության վրա։ «Ժողովուրդը» փորձեց հենց ՌԴ փորձագետներից պարզել, թե ինչ սպասել պատժամիջոցներից թե՛ ՌԴ-ի, թե՛ Հայաստանի համար, եւ ինչ ապագա ունի ԵԱՏՄ-ն։ «Ժողովուրդ»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, տնտեսական եւ քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը։
– Պարոն Սիմոնով, ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցները ինչպես կանդրադառնան ՌԴ-ի տնտեսության վրա։
– Երկու տեսակի սանկցիաներ կան։ Դրանք այն սանկցիաներն են, որոնք նախկինում կային եւ ուժեղացվել են, կան նաեւ այնպիսիները, որոնք ԱՄՆ նախագահի կողմից նոր պետք է ներառվեն, բայց դրանք հիմնականում վերաբերում են էներգետիկ եւ պաշտպանական բնագավառներին։ Ինչ վերաբերում է Էներգետիկ սանկցիաներին, ապա դրանք վերաբերում են այնպիսի նախագծերի, որոնք մեզ մոտ դեռ չէին էլ սկսվել։ Այս վերջիններն ավելի լուրջ են, առաջին հերթին վերաբերում են գազամուղի շինարարությանը, եւ կարող ենք ասել, որ այստեղ խնդիրներ կարող են առաջանալ։ Բայց այդ սանկցիաները կա՛մ կարող են ներառվել, կա՛մ ոչ։ Եվ գիտենք, որ եվրոպական ընկերությունները շատ բացասական էին արտահայտվել նոր սանկցիաների մասին։ Իսկ ինչ վերաբերում է ՌԴ տնտեսությանը սպասվող վնասներին, ապա նշեմ, որ կա սցենար, ըստ որի՝ դրանք առհասարակ կարող են ազդեցություն չունենալ, սակայն նույնիսկ կարող են դրական ազդեցություն ունենալ, քանի որ եվրոպական մի քանի երկրներ մեզ պաշտպանեցին այդ հարցում։ Եթե ԱՄՆ-ն գնա տնտեսական պատերազմի ճանապարհով, ապա դա լրիվ այլ իրականություն կլինի։ Այդ դեպքում վնասների մասին խոսելը եւս դժվար կլինի։
– Հայաստանում մշտապես խոսում են այդ պատժամիջոցների ազդեցության մասին հենց մեր երկրի վրա։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ հետեւանքներ կարող ենք սպասել այդ սանկցիաներից։
– Հայաստանի վրա այդ սանկցիաները մի փոքր հեռավոր ազդեցություն ունեն։ Իհարկե, Ռուսաստանը ձգտում է որոշակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին տարբեր ոլորտներում, փորձում է ակտիվացնել նաեւ ինտեգրացիոն գործընթացները, Հայաստանն այդ ամենի մասն է կազմում։ Պետք է մտածել, եթե ԱՄՆ-ն անցնի լիակատար տնտեսական պատերազմի, դա ինչպես կանդրադառնա ՌԴ տնտեսության վրա։ Ուղիղ իմաստով սանկցիաները Հայաստանի վրա ազդեցություն չունեն։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում