Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իր երկիրը հաշված ժամերում կարող է դուրս գալ միջուկային ծրագրի մասին համաձայնագրից, եթե ԱՄՆ-ը շարունակի ընդլայնել պատժամիջոցները: Այս մասին գրում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
«Պատժամիջոցների և զսպիչ գործողությունների անհաջող փորձը նրանց նախորդ վարչակարգին բերեց բանակցությունների սեղանի շուրջ: Եթե նրանք ցանկանում են վերադառնալ այդ փորձին, որոշակիորեն կար ժամանակում՝ ոչ թե շաբաթներ կամ ամիսներ, այլ ժամեր կամ օրեր անց, ապա մենք շատ արագ կվերադառնանք նախորդ իրավիճակին»,- ասել է Ռուհանին:
Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լավ գործընկեր չէ»:
«Վերջին ամիսներին աշխարհն ականատես է դարձել, որ ԱՄՆ-ը… արհամարհել է մի քանի այլ համաշխարհային համաձայնագրեր և ցույց է տվել իր դաշնակիցներին, որ ԱՄՆ-ը ո՛չ լավ գործընկեր է, ո՛չ էլ բանակցությունների հուսալի կողմ»,- ասել է Ռուհանին:
Հիշեցնենք, Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության էին հասել՝ կարգավորելով իրանական ատոմի՝ երկար տարիներ ձգվող խնդիրը: Ընդունվել էր համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր, որի իրականացմամբ ենթադրվում է հանել Իրանի վրա սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: Ծրագիրն ուժի մեջ է մտել 2016թ. հունվարի 16-ին:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը շարունակում է ընդլայնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: Վերջին անգամ ԱՄՆ պատժամիջոցային ցուցակում են հայտնվել Իրանի 18 կազմակերպություն և ֆիզիկական անձ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ