Օգոստոսի 14-ից ուժի մեջ է մտել Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի պատիժը: Բլոգերը հրաժարվել է բողոքարկել դատավճիռը և դիմել է Իսրայելին, որի քաղաքացին հանդիսանում է, որպեսզի իրեն տեղափոխեն այդ երկիր:
Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը Turan գործակալությանը հայտնել է, որ, ըստ ընթացակարգի, պատիժն ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի արդարադատության նախարարությունը պետք է դիմի ադրբեջանական կողմին:
«Կարծում եմ՝ առաջիկա 7-10 օրերի ընթացքում պարզ կդառնա՝ ինչ քայլեր են ձեռնարկվել Ալեքսանդր Լապշինին Իսրայել արտահանձնելու վերաբերյալ»,- ասել է փաստաբանը՝ դժվարանալով պատասխանել այն հարցին՝ որքան ժամանակ է անհրաժեշտ արտահանձնման դիմումն ուսումնասիրելու համար:
«Տարբեր է լինում: Երբեմն, նման հարցերը լուծվում են մեկ օրվա ընթացքում, երբեմն տևում են կես ամիս և ավել»,- ասել է նա:
Փաստաբանը նշել է, որ Ադրբեջանի արտահանձնման մասին օրենքը և համապատասխան եվրոպական կոնվենցիան իրավական հիմք են ստեղծում հարցը դրական լուծման համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ