Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր «շապիկն» է մեզ համար ընդհանուր

Օգոստոս 15,2017 10:00

Մի քանի օր առաջ ձախլիկների միջազգային օրն էր: Մի շատ կարեւոր, համաշխարհային մասշտաբի իրադարձություն չէր, բայց երբ Ֆեյսբուքում որեւէ, ինձ համար համակրելի մարդ գրում էր, որ ինքն էլ է ձախլիկ, ես ինձ լավ էի զգում: Որովհետեւ ընկալում էի ինձ որպես ինչ-որ միասնության մասնիկ, որը թեեւ հիմնված է զուտ ֆիզիկական երեւույթի վրա, բայց ինչ-որ ձեւով բնութագրում է դրա անդամներին: Իհարկե, հեքիաթ է, որ բոլոր ձախլիկները տաղանդավոր են, օժտված են ստեղծագործական ջիղով կամ ընդհանրապես ունեն որեւէ ընդհանուր դրական կամ բացասական յուրահատկություն, բայց, միեւնույն է, ինձ հաճելի էր իմանալ, որ կան ինձ նման ձախլիկներ: Ուրիշ հարց՝ արդյո՞ք ես ընդունակ եմ անշահախնդիր, ալտրուիստական արարքների՝ զուտ այն պատճառով, որ դիմացինս ձախլիկ է:

Բայց վեցնենք մեկ այլ դեպք, ավելի շուտ՝ գիտափորձ, որն իրականացրել են բրիտանացի գիտնականները (իրական, ոչ թե հնարովի): Փողոցով անցնում են մարդիկ, որոնց մասին հայտնի է, որ նրանք «Մանչեսթեր յունայթեդի» երկրպագուներն են: Նրանցից յուրաքանչյուրը տեսնում է, որ սիզամարգին պառկած է եւ ցավից գալարվում է մի մարդ (իհարկե, ձեւացնում է՝ թաքնված տեսախցիկի նման բան է): Այդ «տառապող» մարդուն մոտենում եւ օգնություն է առաջարկում «ֆուտբոլասեր» անցորդների 34 տոկոսը: Բայց երբ այդ «տառապյալին» հագցնում էին «Մանչեսթեր յունայթեդի» շապիկը, նրան «երկրպագուների» խմբից օգնողների տոկոսը բարձրանում էր մինչեւ 92 տոկոս: Մարդկանց վարքը, հետեւաբար, պայմանավորվում է նրանով, թե արդյոք նա իրեն զգո՞ւմ է տվյալ խմբի, տվյալ համայնքի կամ միաբանության անդամ:

Ցանկացած հասարակական խմբի հաջողությունը կամ անհաջողությունը կախված է նրանից, թե որքան են մարդիկ իրենց զգում մեկ միավորի անդամ, պատրաստ են ձեռք մեկնել, օգնել, սատարել միմյանց: Իհարկե, իդեալական է, երբ մարդիկ ալտրուիստական վարք են դրսեւորում այն պատճառով, որ այդ «միավորը» համարում են ամբողջ մարդկությունը, ցանկացած մարդուն՝ անկախ նրանից, թե «ինչ շապիկ է նա հագել»: Բայց մարդկության մակարդակով «թիմի զգացողություն» ունեցող մարդիկ քիչ են, նշանավոր անհատներ են, որոնց հետ մենք չենք կարող ոտք մեկնել:

Մեզ՝ սովորական մարդկանց, պետք է ինչ-որ «շապիկ», որը թույլ կտա մեզ նույնականանալ այս կամ այն խմբի հետ, դրա համար հպարտություն զգալ եւ այդ համերաշխության մթնոլորտում ինչ-որ բան ստեղծել: Մնում է պարզել, թե մեր դեպքում որն է այդ «շապիկը»: Կուզեի, որ դա լիներ «ՀՀ քաղաքացի» հասկացությունը: Բայց դա, ցավոք, այդպես չէ՝ այդպիսի անձնագիր ունեցող մարդկանց մեծամասնությունը թքած ունի իր պետության վրա: Առաջարկվում է մեկ այլ շապիկ՝ «հայ»: Դա գուցե գեղեցիկ է հնչում, բայց այն հանգամանքը, որ մենք` հայերս, չենք կարողանում ազգային պետություն ստեղծել, ինձ թվում է՝ վկայում է հենց այն մասին, որ մենք մեզ մեկ թիմի անդամ չենք զգում: Մնում են ավելի մանր «շապիկները»՝ «մենք` աղքատներս», «մենք` ապարանցիներս», «մենք` կուսակցականներս» եւ այլն: Վստահ չեմ, որ այդ միավորներից որեւէ մեկն աշխատում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. joradzadza says:

    Ավելի ՞կարդացած՞ մարդիկ դա անվանում են ՞ազգային գաղափար՞: Այն գտնելը և հստակ ձևակերպելը շատ ավելի դժվար գործ է, քան հեղինակի մակերեսային փնտրտուքը կենցաղային կատեգորիաների մեջ:

  2. Ruben says:

    Գունազգայության խանգարում ունեցող հայի համար ի՞նչ տարբերություն կա եռագույն դրոշների միջեւ: Նա նույնպես ցանկանում է տարբերել իր ազգայինը օտարինից:
    Հնար կա` բայց…թող ակադեմիկոսները մտածեն:
    Գունազգայության խանգարում ունեցող երեւանցի հայը ինչպե՞ս կարող է տարբերել Ստեփանակերտի, Ապարանի, Գորիսի գյուղերից Երեւան բերված ավանակններին: Հնար կա` բայց կարող են հուշել, ասել միայն Ստեփանակերտի, Ապարանի, Գորիսի գյուղացիները եւ ՀՀ ակադեմիկոսները:
    Ազգային պետություն ստեղծելու եւ մեկ թիմի անդամ լինելու համար անհրաժեշտ լինել դալտոնիկ հայ:

  3. Zaven says:

    Այն որ ձախլիկների մեջ ինչ-որ հարազատ բան եք տեսնում,դա հասկանալի է
    ։Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում շուռտվածներին,մարդկանց որոնց ծնողները,ստիպողաբար, ձախլիկից աջլիկ են դարձրել։ Կարեկցու՞մ եք նրանց, փորձում եք ըմբռնումո՞վ մոտենալ,թե հակառակը, դավաճան եք տեսնում նրանց մեջ։Սա շատ կարևոր հարց է,կարծում եմ մի 3 -4 հոդված հարկավոր է տրամադրել այս թեմային։
    Իսկ ինչ վերաբերվում է ձախլիկների բացառիկ օժտվածությանը,այստեղ ես Ձեզ հետ համաձայն չեմ։Նրանք իրոք տաղանդաշատ են,հիշենք ընդամենը մի քանիսին,Արտակ Բարխուդարյան,Կիրակոս Շահջանդուրյան,Կարպիս Վասիլյան,Ավետ Քալանթարյան,Ֆիլարմոն Տողիկյան նաև Դուք,(ինչպես պարզվեց) շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյան․․․․չէ, կարծես, Տիգրան Պետրոսյանը աջլիկ էր,բայց 10 մեկի դեմ,երբ 10 աջլիկին մի ձախլիկ է ընկնում։
    Ես Ձեզ շնորհավորում եմ ձախլիկների միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ։

  4. Լավատես says:

    Առյուծը գազանների արքան է, բայց պատկանում է ոչ թե արքաների, այլ ինչ որ կատվազգիների դասին: Կատուն էլ՝գազանների արքային ազգակից: Հայերի մեջ էլ կան արքաներ ու նրանց ազգակիցներ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031