Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրավապահ մարմինները հրաժարվում են բնապահպան Արթուր Գրիգորյանի դիմումին պատշաճ ընթացք տալ

Օգոստոս 14,2017 19:55

2017թ. հուլիսի 31-ին բնապահպան Արթուր Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազություն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից կատարված հնարավոր հանցագործության վերաբերյալ, որում կարող են նաև ներգրավված լինել որպես հասարակական միավորում գրանցված և քաղաքացիական հասարակության անունից հանդես եկող անհատներ և կազմակերպություններ:
Հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացվել են փաստեր, որոնք պարունակում են առանձնապես խոշոր չափերի հասնող կոռուպցիոն ռիսկեր: Հնարավոր կոռուպցիոն գործընթացներում պետական պաշտոնյաների հանցակից կարող են լինել նաև բիզնեսի ներկայացուցիչներ և հասարակական գործունեությամբ զբաղվելու հայտ ներկայացրած անձիք:
Հաղորդման մեջ Գրիգորյանը նշում է, որ 2016թ. նոյեմբերի 25-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի փակ խմբում, անհայտ անձանց կողմից «Փակագծերից դուրս» էջի միջոցով տեղադրված անիմացիոն հոլովակով փորձ է արվել վարկաբեկել «Էկոլուր» և «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպություններին, բնապահպան Ինգա Զառաֆյանին և իրեն:

Նա ենթադրում է, որ դա կապված է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շրջանակներում գործող բազմաշահառու խմբում իր և Զառաֆյանի բնապահպանական գործունեության հետ: Նրանք այդ խմբում ընտրված անդամներ են իբրև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ: ԱՃԹՆ-ը միջազգային հակակոռուպցիոն նախաձեռնություն է, որտեղ հավասար ձայնի իրավունքով ներգրավված են կառավարության, հանքարդյունաբերական ընկերությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ ոլորտին առնչվող խնդիրները համատեղ լուծելու նպատակով:Խմբի անդամ է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, ում անունը շրջանառվում է ֆինանսական շահարկումների մասին հոլովակում:

Սյունիքի գործող մարզպետ Հակոբյանը մինչև մարզպետ նշանակվելը հանդիսացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ադմինիստրատիվ տնօրեն և նույն ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, մարզպետ նշանակվելուց հետո, իր պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» հանրային միջոցները տրամադրել է մասնավոր հանքարդյունաբերական ընկերությանը կից հիմնադրամին:

Ըստ այդմ, Գրիգորյանը գտնում է, որ ֆեյսբուքյան անանուն վարկաբեկման փորձը կարող է կազմակերպված և ֆինանսավորված լինել մարզպետ Հակոբյանի կողմից և իրականացված լինել վերջինիս հետ հնարավոր փոխկապակցված սուբյեկտների միջոցով: Հանցագործության մասին հաղորդման մեջ ներկայացված են փաստեր այս գործընթացի տարբեր բաղադրիչներին «Հասարակության ձայն» (Civil Vioce) և «Հանրային դիվանագիտություն» (Paradiplomacy) հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առնչության վերաբերյալ:

Բնապահպաններ Արթուր Գրիգորյանը և Ինգա Զառաֆյանը ֆեյսբուքյան փակ խմբում անհայտ անձանց կողմից իրենց վարկաբեկող անիմացիոն հոլովակի հրապարակումից հետո մեկ անգամ արդեն դիմել են ոստիկանություն՝ խնդրելով բացահայտել հոլովակի ստեղծողներին և պատվիրատուներին, սակայն ոստիկանությունից ստացել են մերժում այն հիմնավորմամբ, թե դա ոստիկանության գործը չէ: Իսկ այժմ արդեն դատախազությունն է հրաժարվել գործի քննությունից՝ չնայած փաստական ծանրակշիռ փաթեթին և գործի հանրային նշանակությանը։

Հաշվի առնելով հաղորդման մեջ նկարագրված երևույթների հանրային կարևորությունը իրավապաշտպանների և հանրային գործունեությամբ զբաղվող քաղաքացիների պաշտպանության հարցում՝ Հյուման Ռայթս Հաուս Երևանը քննադատում է իրավապահ մարմինների ձեռնպահ վերաբերմունքը և փաստացի հրաժարումը ուսումնասիրել Գրիգորյանի հաղորդմամբ ներկայացված բոլոր փաստերը և դրվագները, իրականացնել գործի լիարժեք և օբյեկտիվ քննություն։

ՀՌՀ Երևանը գտնում է, որ իրավապահ մարմինները պարտավոր են գործի քննությունն իրականացնել պատշաճ կերպով, հանրությանը տեղյակ պահել բնապահպանների և հանրային շահերին առնչվող այս գործի բոլոր հնարավոր մանրամասները և ապահովել բնապահպանների աշխատանքի պաշտպանվածությունը պետական և բիզնես կառույցների հնարավոր ստվերային միջամտություններից:

Հյուման Ռայթս Հաուս Երևան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031