ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով: Մինչ նիստի մեկնարկը պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, անդամ երկրների էլեկտրաէներգետիկ շուկաների ինտեգրմանը, ավիացիոն ոլորտում համագործակցությանը: ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագրի բանակցությունների ընթացքին, աշխատողների կենսաթոշակային ապահովմանը, ինչպես նաև ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրները և մի շարք այլ հարցեր նույնպես եղել են Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների դիտարկման թեմաները:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում:
ՀՀ կառավարություն