Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները պատրաստվում են մինչև տարեվերջ համաձայնեցնել միավորման թվային զարգացման ռազմավարությունը: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Աստանայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Այսօրվա օրակարգի համար մեկ թեման, ինչպես նշեցին կառավարությունների ղեկավարները, թվային փոխակերպումն է: Մենք պայմանավորվել ենք, որ անհրաժեշտ է անցկացնել համաձայնեցված թվային քաղաքականություն, հատկապես տնտեսական գործունեության այնպիսի ոլորտներում, որոնց վերաբերյալ լիազորությունները տրված են անդրազգային մարմնին»,- ասել է Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները մշակում են ռազմավարություն, որը ներառում է հետևյալ ուղղությունները. ընդհանուր շուկաների թվայնացում, ենթակառուցվածքի, կառավարման համակարգերի և անվտանգության հարցերի հետ կապված թվայնացում:
«Այդ նախաձեռնությունների ցանկը՝ շուրջ 10 նախագիծ, մենք կտրամադրենք մեր գործընկերներին՝ քննարկման համար, և նրանցից սպասում ենք առաջարկներ ու դիտողություններ»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ դրանից հետո թվային զարգացման ռազմավարությունը կուղարկվի աշխատանքային խմբի հաստատմանը, որը ստեղծվել է ԵԱՏՄ երկրների նախագահների լիազորմամբ:
«Մենք պետք է հասցնենք միջկառավարական խորհրդի հերթական նիստին ներկայացնել կողմերի դիտողությունների հաշվառմամբ մշակված նախագիծը, որպեսզի արդեն տարեվերջին կարողանանք փաստաթուղթը ներկայացնել պետությունների ղեկավարների քննարկմանը»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ