Օգոստոսի 10-ին Ռումինիայի Արջեշ նահանգում մեկնարկեց «Կարպատներ» միջազգային ֆոլկլորային 34-րդ փառատոնը, որի բացումը կայացավ նահանգի Պիտեշտ կենտրոնում, ապա շարունակվեց նահանգի այլ քաղաքներում ու բնակավայրերում:
Միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրեց ժողովրդական պարի «Գեղարդ» անսամբլը` գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Ալբերտ Կիզիրյանի գլխավորությամբ, որն առանձնացավ պարային համարների բարձրարվեստ կատարումներով, հմուտ գործիքային ուղեկցությամբ եւ ազգային տարազների գունագեղ բազմազանությամբ: Երկշաբաթյա միջազգային փառատոնի շրջանակներում հայկական պարախումբը բազմաթիվ ելույթներ է ունենալու:
Փառատոնի բացմանը ներկա էր Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, ով հանդիպումներ ունեցավ Արջեշի նահանգային խորհրդի նախագահ Կոնստանտին Դան Մանուի եւ Պիտեշտի քաղաքապետ Կոնստանտին Կորնել Իոնիկայի հետ՝ նրանց հետ քննարկելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում նահանգային մակարդակով և Գյումրի ու Պիտեշտ քաղաքների միջեւ հաստատված համագործակցային հարաբերությունների ամրապնդման, փոխայցելությունների ակտիվացման հնարավորությունները:
Տեղեկանք. Փառատոնն անցկացվում է «Արջեշի եւ Մուշչելի տոնախմբություններ» մշակութային միջոցառումների 11-րդ թողարկման շրջանակներում: Ռումինական խմբերի կողքին այս տարի փառատոնին հրավիրված են մասնակցելու պարախմբեր Հայաստանից, Բրազիլիայից, Չինաստանից, Իռլանդիայից, Իտալիայից, Հարավային Կորեայից, Մեքսիկայից, Լեհաստանից, Մոլդովայից, Թուրքիայից եւ Բուլղարիայից:
Մամուլի հաղորդագրություն