Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է տարածքներ առանձնացնել շների զբոսանքի կազմակերպման համար

Օգոստոս 14,2017 18:15

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է համաքաղաքացիների դժգոհությանը՝ մարդաշատ այգիներում և պուրակներում շներին զբոսանքի դուրս բերելու երևույթի առնչությամբ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի բնապահպանության, առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին կարճ ժամանակում  առաջարկներ ներկայացնել շների համար զբոսանքի վայրեր առանձնացնելու վերաբերյալ:

«Մայրաքաղաքի բնակիչները երեխաների հետ իրենց երեկոյան հանգիստը   հիմնականում անց են կացնում այգիներում և պուրակներում: Վերջերս բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել ինչպես մեր համաքաղաքացիներից, այնպես էլ քաղաքի հյուրերից հանգստի մարդաշատ գոտիներում շներին զբոսանքի դուրս բերելու, ինչպես նաև ջրային ավազաններում կենդանիներին լողացնելու երևույթների հետ կապված:

Հաշվի առնելով հարցի երկկողմանի լինելը, որ պետք է հաշվի առնել նաև ընտանի կենդանի պահող մեր համաքաղաքացիների իրավունքները, հարկավոր է նախատեսել առանձին տարածքներ, որտեղ և կկազմակերպվեն շների զբոսանքները:  Հետևաբար, ըստ վարչական շրջանների ներկայացրեք առաջարկներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև մարդաշատ վայրերում հեծանիվ վարողների խնդրին և համապատասխան հանձնարարական է տվել համապատասխան ծառայություններին:

«Քաղաքային ծառայությունների ուշադրությունն եմ հրավիրում այգիներում ու ընդհանուր օգտագործման մարդաշատ վայրերում հեծանվորդների անկանոն երթևեկության վրա: Նախորդ տարիներին Երևանի որոշ փողոցներում մենք առանձնացրել ենք հատուկ հեծանվուղիներ, բայց այն վայրերում, որտեղ դրա հնարավորությունը չկա, պետք է խստորեն հետևել, որ հեծանվորդները ձեռնպահ մնան արագ վարելուց և մյուս համաքաղաքացիների հանգիստը խանգարելուց: Առաջնահերթը զբոսնող մարդկանց անվտանգությունն է, ինչը պարտավոր ենք ապահովել: Ուսումնասիրեք և համապատասխան առաջարկություններ ներկայացրեք որոշակի հատվածներում հեծանվորդների համար նոր հեծանվուղիներ կամ հարթակներ ձևավորելու համար»,նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031