Սպառողների խորհրդատվության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը պատճառներ ու հիմնավորումներ չի գտնում, թե ինչու պետք է թանկանա ջուրը:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպամը պարոն Չիլինգարյանը շեշտեց, թե ըստ պայմանագրի` «Վիոլա ջուր» փոխանակ բարձրացնելու սակագինը, այն պետք է իջեցներ: Նա մանրամասնեց. «Երբ 2005-ին պայմանագիր կնքվեց «Վիոլա ջրի» հետ Երևանի ջրամատակարարման սպասարկման ակնկալիքով, այն ժամանակ ջրի սակագինը 90 դրամ էր: Պայմանագրում գրված էր, որ հինգ տարի անընդհատ սակագինը կբարձրանա և վեցերորդ տարին կսկսի իջնել: Բայց այնպես եղավ, որ սակագինը կամ նույն տեղում էր մնում, կամ իջնում չնչին: Պատճառաբանում էին տարադրամի փոխարժեք, սղաճ, էլեկտրաէներգիայի սակագինը: Ի վերջո հասանք 170 դրամի: Հիմա, երբ Վիոլաջուրը տնօրինում է ամբողջ Հայաստանում ջրի մակատրակարումը, հունվարի 1-ից սակագինը դարձրեց 180 դրամ, այժմ էլ չգիտես ինչու առաջարկում է 194 դրամ: Դա անընդունելի է: Հարց է առաջանում` ինչո՞ւ հիմա որոշեցին թանկացնել և ինչո՞ւ 14 դրամով»: Կարեն Չիլինգարյանը վրդովվեց` փոխանակ Վիոլա ջուրը զբաղվի ջրակորուստների հարցով, հեշտ տարբերակն է ընտրում` թանկացնում սակագինը. «Երևանում ջրի կորուստը 80-85 տոկոս էր, հետո հասավ 70-75 տոկոսի: Եթե ջրակորուստը Երևանում այդքան լիներ, Երևանը պետք է ողողված լիներ ջրի մեջ: Երևի գործ ունենք նաև ջրագողության հետ: Կասկածներ կան, որ մեծ ջրօգտագործողներն էլ են հանցավոր համաձայնության գալիս որոշ աշխատակիցների հետ ու ինչ-որ կերպ շրջանցում վճարումը»:
Պարոն Չիլինգարյանը մտահոգություն հայտնեց, որ ջրի սակագնի բարձրացումը լրացուցիչ բեռ է լինելու սպառողի համար, ինչը կարող է հանգեցնել նաև որոշ ծառայությունների շղթայական թանկացման:
Կարեն Չիլինգարյանը, այնուամենայնիվ, հույս ունի, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կամ կմերժի թանկացման առաջարկությունը, կամ չնչին կթանկացնի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ