Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Հովհաննես Ղազարյանի գործով առաջին նիստն էր: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով այցելել է Երևանի 159 դպրոցի տարածքում գործող 2/19 տարածքային ընտրական տեղամաս, քվեարկել, ապա հեռացել տեղամասից, այնուհետեւ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադարձել է նույն ընտրատեղամաս:
«Նա տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին կրկին ներկայացրել է իր նույնականացման քարտը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունը ավարտին հասցնել, քանի որ տեխնիկական սարքը արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկին գրանցվելու փորձ կատարելու փաստը»,-ասված է մեղադրական եզրակացության մեջ:
Դատավոր Արմեն Վարդապետյանն արձանագրեց, որ նիստին ներկա չէր մեղադրյալ Հովհաննես Ղազարյանի պաշտպան Ռուզան Սիրեկանյանը, Ղազարյանն էլ դժվարացավ պատասխանել՝ արագացված դատաքննություն անցկացնելուն կո՞ղմ է, թե ոչ: Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 19-ին, ժամը 16:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ