Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԻՆ-ը միջոցներ չունի այսօրվա արտակարգ իրավիճակում աշխատելու համար»

Օգոստոս 14,2017 16:38

Խոսրովի արգելոցում հրդեհները դեռեւս չեն մարվել: Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով, 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ եւ անտառածածկ տարածք:

ՀՀ ԱԻ նախարարը դիմել է ՌԴ ԱԻ նախարարին տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:

Բնապահպանները վստահեցնում են՝ ԱԻՆ-ը ժամանակին չի արձագանքել հրդեհի մասին ահազանգին, այսինքն՝ ժամեր հետո են մասնագետները դեպքի վայր ժամանել:

ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ամեն ինչ արել են, եւ դեպքի մասին ահազանգից 15 րոպե հետո մասնագետները տեղում են եղել:

Մեր այն հարցին՝ մշտապես ԱԻՆ-ը հայտարարում է, թե տեխնիկապես եւ մասնագիտական ռեսուրսներով բավականին պատրաստված է արտակարգ իրավիճակներին, սակայն ինքնաթիռը ՌԴ-ից ենք խնդրում, Գնդոյանն այսպես պատասխանեց.«Նույն ՌԴ ում էլ անտառներում բռնկված հրդեհներն ամիսներով չէին կարողանում մարել իրենց ամբողջ տեխնիկայով եւ պատրաստվածությամբ: Բնական աղետը այնպիսի բան է, որ բարձր մակարդակով կարող է պատրաստված լինես, բայց ինչ-որ պահից սկսած դժվար լինի մարել: Պետք է հաշվի առնել անտառային ռելիեֆը եւ անանցանելիությունը, որը թույլ չի տալիս արագ աշխատել: Վայոց ձորում բուլդոզերներով ճանապարհ բացելու խնդիր կար, դրա համար էլ «Լիդիան Արմենիայի» օգնությանն էինք դիմել»:

Aravot.am-ի հետ զրույցում «Էկոմեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը կարծիք հայտնեց՝ ԱԻՆ-ի մասնագետները լավ են աշխատում, սակայն ԱԻՆ-ը չունի միջոցներ նման արտակարգի իրավիճակներում արագ աշխատելու համար.«Անգամ հրշեջային հագուստ չունեին: Իսկ ինչո՞ւ ԱԻՆ-ը պետք է դիմի մասնավոր ընկերությանը կամ ՊՆ-ին տեխնիկայի համար»:

Կիրակոսյանն ասաց, որ 1000-1500 հեկտար տարածք է այրվել:

«Արտավանում 270 հեկտարի մասին են խոսում պաշտոնական տվյալներով, սակայն մենք բնության համաշխարհային հիմնադրամի հետ դրոնով նկարել ենք, իսկ ԱԻՆ-ը դրոն էլ չունի: Մենք նկարեցինք, հետո GPS համակարգով քարտեզագրում եւ չափագրում արեցինք՝ 670 հեկտար է այրվել: Մեկ այլ խնդիր էլ կա՝ եւ Արտավանում եւ Խոսրովում անանցանելի է տեղանքը, հետո՝ դա արգելոց է, բայց 5-10 հոգի են գյուղատնտեսությամբ են զբաղվում, սա նորմալ չէ, օրենքին հակասող երեւույթ է»,-ասաց Կիրակոսյանը:

Կիրակոսյանն ասաց՝ Խոսրովի արգելոցի հրդեհը պատահական չի բռնկվել:

Նրա դիտարկմամբ՝ կառավարությունը շատ արագ մարդկային ռեսուրսները պետք է մոբիլիզացներ ու սկսեին հրդեհի մարման աշխատանքները, մեզ մոտ կամավորական ինստիտուտը չկա: Բացի այս, Կիրակոսյանը նաեւ նկատեց՝ գետերի վրա մի փոքր տարածքում մի քանի ՀԷԿ –են կառուցել, ջուրը վերցրել են խողովակների մեջ, իսկ սա նշակում է հողի բնական խոնավությունը կորել է, կլիման փոխվել է:

«Մի խնդիր էլ կա՝ ցեմենտ են լցրել հրդեհի վրա, սա սխալ է, հետո անձրեւ է գալու, ցեմենտը քարանալու է, եւ ոչինչ չի աճելու»,-ասաց Նարինե Կիրակոսյանը: Նա նաեւ պնդեց՝ կենսաբանները վստահեցնում են՝ ԱԻՆ-ը ահազանգին արագ չի արձագանքել.«Ահազանգը ժամը 18.00-ի կողմն է եղել, գիշերը նոր զինվորականներ ու ԱԻՆ են եկել»,-ասաց Կիրակոսյանը:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն Aravot.am-ի զրույցում ասաց՝ այս հրդեհների դեմ պայքարը ցույց է տալիս Հայաստանի կառավարման համակարգի ոչ միայն խոցելիությունը, նաեւ անտարբերությունը պետական եւ ժողովրդի ունեցվածքի նկատառմամբ.«Այս հրդեհը ցույց է տալիս, որ կառավարման համակարգը օտարված է պետությունը ու ժողովրդից»:

Պարոն Սանասարյանի խոսքերով՝ այս հրդեհները բացահայտեցին, որ ԱԻՆ-ը համապատասխան տեխնիկա չունի. «Եթե դու լեռնային երկիր ես, ու լեռնային անտառներ ունես, դա նշանակում է առաջին հերթին պիտի մտածեիր դրանց անվտանգությունն ապահովելու մասին՝ ա’յ նման հրդեհային իրավիճակների դեպքում: Մինչդեռ այդ պաշտոնյանները գումարները ծախսում են իրենց համար թանկարժեք ծառայողական մեքենաներ գնելու վրա: Բացի ճոռոմ-ճոռոմ խոսալուց այլ բանի ընդունակ չեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031