Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ անվանափոխելու բոլշեւիկների, ռուս կոմունիստների անունով Երեւանի դպրոցներն ու փողոցները, բավականին լայն քննարկումների տեղիք է տվել:
Ինչպես հայտնի է, «Ելքն» առաջարկել է անվանափոխել Լենինգրադյան փողոցը, Միկոյանի եւ Կասյանի անվան փողոցները: Ըստ «Ելքի» մեկնաբանության, Կասյանը պատկանում է այն մարդկանց թվին, ովքեր հրամայել են վերացնել հայ սպաներին, ապաբարոյականացնել հայկական զինված ուժերը, որպեսզի թուրքերի դեմ դուրս չգան:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասաց. «Կասյանը ոչ մի բան էլ չի հրամայել, դա իրականացրել է Գեւորգ Աթարբեկյանը: Նրան ո՞վ էր լսում: Նա դեմ էր բռնություններին, իսկ կար մի խումբ՝ Ավիս Նուրիջանյանը, որը ռազմական ժողկոմն էր եւ Գեւորգ Աթարբեկյանը, որը արտակարգ հանձնաժողովի Հայաստանում ներկայացուցիչն էր, նրանք կազմակերպեցին: Եվ դա կազմակերպվում էր Մոսկվայում, Կասյանը ոչինչ չէր կարող անել»:
Ամատունի Վիրաբյանը նշեց, որ Կասյանը մտավորական, գիտնական էր, 37 թվին գնդակահարվել է. «Այնպես որ, պատմություն պետք է սովորեն, որ նոր այդպիսի բաներ ասեն Կասյանի մասին»:
Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի այն դիտարկմանը, որ Կասյանը հայկական զինված ուժերը ապաբարոյականացնելու հրաման է տվել, կան փաստեր այդ մասին՝ Ամատունի Վիրաբյանն արձագանքեց՝ «Կեղծիքներ են դրանք, դրա համար պետք է պատմություն իմանալ: Այդ հրամանը, որ ասում են, դա եղել է կեղծիք: Հետագայում ով է ստեղծել՝ չեմ կարող ասել, բայց իրականության մեջ նման փաստաթուղթ չկա: Այո, բոլշեւիկները կողմ էին, որ դաշակցությունը պարտվի եւ Հայաստանը խորհրդայնացվի, դա միանշանակ է, որեւէ մեկը չի կարող ոչինչ ասել, բայց որ ինչ-որ թռուցիկ են պատրաստել, բան, դրանք հետագայում ստեղծված կեղծիքներ են»:
Մենք հարցրեցինք, այսինքն, ըստ Ձեզ, Կասյանն արժանի՞ է, որ նրա անունով փողոց լինի՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ ով է արժանի, ով՝ ոչ: Դա ո՞վ կարող է որոշել: Պատմությունն այնպիսի բան է, որ ցանկացածի, ում վերցնես, կարող ես գտնել երեք հատ այնպիսի բան, որ նրան նսեմացնես: Կատարյալ սուրբ, առաքինի մարդ չեք կարող գտնել ամբողջ պատմության ընթացքում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ