«Այս մեկ-մեկուկես ամսվա ընթացքում չտեսնված շատ ու տարօրինակ երևույթներ են տեղի ունենում: Ո՞վ էր լսել, որ հոգեբանին սպանեն, որ կինն ամուսնուն սպանի»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Նա նշեց, որ այս իրավիճակի, իհարկե, ոչ որոշիչ, բայց պատճառներից կարող է լինել շոգը. «Կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ եթե մի տեղ շատ ուժեղանում է շոգը, ջերմաստիճանը միջինից շատ ավելի բարձր է, ագրեսիվության աճ է գրացվում: Շոգը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել այն բանի համար, որ կատաղության դոզան ավելանա և հանգեցնի վարքի որակական փոփոխությունների»:
Ըստ հոգեբանի՝ ագրեսիվության պատճառ կարող է լինել նաև չհանգստանալը. «Ամառը սովորաբար հանգստի շրջան է, շատերը չեն գնում հանգստի: Նրանք ակնհայտ տարբերությունը կզգան. էլ չեն ուզում աշխատել, գերհոգնածությունը: Այս գործոնը ևս կարող է նպաստել անձի ագրեսիվության աճին»:
Անդրադառնալով ընտանեկան բռնություններին` հոգեբանը նշեց, թե դրանք միշտ էլ եղել են, ուղղակի հիմա լուսաբանումն է աճել. «Տղամարդկանց մի չհասկացող խումբ էլ կա, որ չեն ընկալում` կանայք կարող են իրենցից շատ գումար վաստակել, կարիերա անել: Ավանդական մոտեցումների խախտում է, որը կարող է ինչ-որ տեղ ագրեսիվության առիթ տալ: Մի կողմում մի քիչ բունտ են անում, այս մյուս կողմն էլ չի կարողանում հասկանալ, որ 21-րդ դարում ենք: Անցել են այն ժամանակները, որ կնոջն ասես այսպես արա, այնպես արա, այս կեր, այն կեր»:
Հոգեբանը նշեց, որ ընտանեկան, կենցաղային հարցերով իրենց ավելի շատ կանայք են դիմում, տղամարդիկ հիմնականում նևրոզների և այլ հիվանդությունների դեպքում են դիմում:
Անդրադառնալով Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությանը, որն, ըստ նախնական վարկածի, նրա կինն է կատարել, և այն տարածված լուրերին, թե 15 տարվա բռնությունների պատճառով կուտակվածի արտահայտությունն էր այդ սպանությունը, հոգեբանն արձագանքեց. «Կուտակումը բացառված է, որ պատճառ դառնար: Կուտակման դեպքում սովորաբար հարմարվում են: Այստեղ ըստ երևույթին կատարվել է արտակարգ մի բան, որը սովորական վիճակներից չէ և ընտանեկան գաղտնիք կարող է լինել: Այս անգամ այդ բռնությունն այլ կերպ է գուցե արտահայտվել և, ի վերջո, կինը կարող է աֆեկտի տակ մտածել է վերջացնել այս ամենը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ