1890 թւականի Սարգիս Կուկունեանի ձախորդ արշաւանքից եւ նոյն թւականի «Գում Գափուի», այնուհետեւ 1895 թ.-ին Հնչակեանների կազմակերպած «Բաբ Ալիի» խաղաղ ցոյցերից յետոյ, Հայ ազատագրական պայքարում մարտավարական փոփոխութիւնն այլեւս անհրաժեշտութիւն էր:
Ազատագրական պայքարի խաղաղ ու պաշտպանողական կեցւածքները փոխարինւեցին յարձակողական-աննախադէպ քայլերով, որոնց խիզախ ու շշմեցուցիչ մեկնարկային օրինակը հանդիսացաւ 1896 թւականի օգոստոսի 14-ին Ստամբուլի (Պոլիս) Օտոմանեան բանկի գրաւումը…
Խիզախութեան ու սխրագործութեան դասից բացի, Հայ ազատագրական պայքարը, յանձինս Բանկ Օտոմանի գրաւման, սերտեց ու միաժամանակ վերապրեց այն փորձառութիւնը, որն դեռեւս, քիչ թէ շատ սերտել էր Սան Ստեֆանոյի (1878) ու Բեռլինի (1878) վեհաժողովներից ի վեր, որոնցով ճաշակել էր Եւրոպական «դիպլոմատ հրէշներից»…, որոնք ժպտադէմ ու փափուկ լեզւով մշտապէս փորձել են արդարացնել ինչպէս Համիդեան, այնպէս էլ եւ հետագային՝ երիտթուրքական կոտորածներն ու … Հայոց Մեծ Եղեռնը:
….Բանկ Օտոմանների ու Խանասորների փորձառութիւնները, սակայն, հետագային, թէկուզ ծանրակշիռ գներով, բայցեւ արդիւնաւորւեցին Հայկական կամաւորական ջոկատներով ու գունդերով, որոնք էլ ազատագրական երեսնամեայ պայքարը պսակեցին Սարդարապատեան փառաւոր յաղթանակներով, ընդհուպ՝ անկախ պետականութեան անկրկնելի նւաճմամբ…:
Յ. Գ.
Ի յուշ՝ պատմութիւնն լաւ չսերտած, կամ «սերտելով» հանդերձ՝ նենգափոխողներին.-
Հայկական կոտորածներն ու ջարդերը կազմակերպւել են ու պատահել են դեռ «բանկ օտոմաններից» ու «խանասորներից» շատ առաջ. այնպէս որ՝ պատճառ-հետեւանքային աճպարարութիւններով այլեւս հնարաւոր չէ պատմական իրողութիւնները ծուռ հայելիներում արտացոլելով՝ մոլորեցնել հանրութեանը…:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ