Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասյանը հրամայել է սպանել, վերացնել հայ սպաներին, ապաբարոյականացնել հայկական բանակը». Անի Սամսոնյան

Օգոստոս 14,2017 15:10

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը նախաձեռնությամբ է հանդես եկել Երեւանի այն դպրոցները, փողոցները, որոնք հայ բոլշեւիկների, ռուս կոմունիստների անունով են, վերանվանել մեր ազգային գործիչների, հերոսների անուններով:

Այս առաջարկը քննարկումների տեղիք է տվել: Եթե Լենինգրադյան փողոցը կամ Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանելուն հիմնականում բոլորը կողմ են, ապա Կասյանը վերանվանելու հետ կապված տարաձայնություններ կան: Օրինակ, ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը գտնում է, որ Կասյանն այնքան բան է արել Հայաստանի համար, որ եթե «Ելքի» անդամները 100 տարի էլ ապրեն, չեն կարող այդքան բան անել:

Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանն ասաց. «Ի՞նչ է արել Կասյանը, ինչո՞ւ այդ ամեն ինչը, ինչ արել է Կասյանը, չկա գրված դասագրքերում եւ պատմության մեջ»:

Մեր դիտարկմանը, որ ըստ Ամատունի Վիրաբյանի, պետք է պատմությանը լավ ծանթ լինեն, որ իմանան, թե ինչ է արել Հայաստանի համար Կասյանը, Անի Սամսոնյանն արձագանքեց. «Մենք պատմությանը շատ լավ ծանոթ ենք, այնքան լավ ենք ծանոթ, որ ընդունել ենք այդ որոշումը, որ փողոցները պիտի անվանափոխվեն»:

Երբ ասացինք, որ Կասյանը, բացի բոլշեւիկ լինելուց, նաեւ Գերմանիայում կրթության ստացած մտավորական էր՝ Անի Սամսոնյանը պատասխանեց. «Միգուցե կրթություն ստացած երիտասարդ էր, մտավորական էր, բայց պատմությունն ապացուցում է, որ Կասյանը պատկանում է այն մարդկանց թվին, որոնք հրամայել են սպանել եւ վերացնել հայ սպաներին, որոնք հրամայել են ապաբարոյականացնել հայկական բանակը, հայկական ուժերը, որպեսզի նրանք դուրս չգան թուրքերի դեմ, եւ նմանատիպ այլ փաստեր կան պատմության մեջ: Ես կարծում եմ, դրանք բավական են: Մենք բավականին ուսումնասիրել ենք եւ կարծում ենք, որ Կասյանն այն մարդկանց թվին է պատկանում, որի անունով փողոցը պետք է անվանափոխվի: Կասյանին նախ չեն ճանաչում սերունդները, երկրորդը՝ ինքը բոլշեւիկ գործիչ է, հայ ազգային գործիչ չէ եւ որեւէ նպաստավոր գործունեություն չի ծավալել Հայաստանի համար»:

Անի Սամսոնյանն ասաց, որ այս պահին նախաձեռնել են անավանափոխել Կասյանի, Միկոյանի անվան փողոցները եւ Լենինգրադյանը, բայց նաեւ կլինի այլ ցանկ. «Դեռեւս այս երեք գործիիչներն են, ում անունով, կարծում ենք, որ փողոց չպետք է լինի: Կան շատ այլ արժանավոր մարդիկ, որոնց անունով փողոց կամ դպրոց չկա, ու դա սխալմունք է»:

Անի Սամսոնյանն ասաց, որ Լենինգրադյանը Իսակովի պողոտային կապող կարճ փողոցը Մոնթեի անունով անվանակոչելու հարցով նույնպես կզբաղվեն. «ժամանակին, երբ այդ փողոցի բացումը եղավ, կար ցուցանակ, որ դա Մոնթեի անվան փողոցն է, հետո չգիտենք ինչ եղավ, դա ներկվեց սպիտակով, ծածկվեց անվանումը: Մենք դրան ուշադրություն ենք դարձնելու եւ փնտրելու ենք Երեւանում այն փողոցները, որոնք չունեն անվանումներ, դրանք նույնպես պետք է ունենան անուն: Սա համալիր աշխատանք է»:

Հռիփսիեմ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Իսկ բոլշևիկների կառուցած պետության մշակույթի, գիտության, ռազմական հայազգի գործիչները ևս պիտի խարանվեն թէ ոչ․․․Ասենք, սովետական և հայ և, անշուշտ, կոմունիստ, մարշալ Բաղրամյանի անվան պողոտան պիտի վերանվանվի թե ոչ։ Եվ, ասենք, արձանը պիտի ջարդուփշուր արվի հենց տեղում, թե մի թաքուն վայրում։
    Ստեփանակերտ այցելության մասին էլ ավելորդ է խոսել․ քաղաքը կրում է կատաղի բոլշևիկ Ստեփան Շահումյանի անունը։
    Որպես հայրենասիրության երկրորդ ակտ, կարելի է զարգացնել նաև ոչ հայկական արմատ ունեցող ազգանունների կրողների դեմ արշավանքի թեման, թե չէ ստացվում է կիսատ-պռատ հայրենասիրություն։
    Սարսափելի է պատկերացնել, ասենք, բոլշևիկ Բաղրամյանի պողոտայով ամեն օր հարյուրավոր Բարխուդարյաններ, Ալավերդյաններ կամ Աղաջանյաններ են ճեմում՝ Շիրինյաններին, Յուզբաշյաններին կամ Բախշյաններին թևանցուկ արած։ Իսկական Հայրենասերի համար մի իսկական սարսափի ֆիլմ, ոչ պակաս։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031