Նկարիչների միության ցուցասրահում բացվել է ճանաչված գեղանկարիչ Կարեն Սմբատյանի ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է ԱՐՏ PR ընկերությունը, աջակիցը ՀՀ մշակույթի նախարարությունը: Ցուցահանդեսը նվիրված է վարպետի ծննդյան 85-ամյակին, ներկայացված է շուրջ 60 աշխատանք:
Aravot.am-ի հետ զրույցում ԱՐՏ PR-ի նախագահ Գայանե Դավթյանը նշեց, որ ամենակարեւոր ուղերձը, որ արվում է արվեստասերների եւ հատկապես նոր սերնդի համար, հետեւյալն է. «Տեսեք, ծանոթացեք արվեստագետի հետ, որը բազմաշերտ է` աբստարկցիա, գեղանկար, գրաֆիկա…Մի պահ կթվա, թե տարբեր նկարիչներ են, բայց այդ ամենը մեկ մարդու գործեր են: Ցուցահանդեսի մեխն այն է, որ ունենք մի քանի կտավ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում: Սմբատյանի արվեստի գիտակներն ուղղակի ապշեցին, որովհետեւ եւս մեկ շերտ նրանք վեր հանեցին այդ աշխատանքները դիտելիս: Իմիջիայլոց, մեծ դժվարության առաջ էինք կանգնել, որովհետեւ արվեստանոցում կային անսահմանափակ թվով կտավներ: Ընտրեցինք իր գլուխգործոցները եւ այն գործերը, որոնք երբեք ցուցադրված չեն եղել, ինչպես «Ողջույն ծերուկ» գործը: Արվեստաբանների կարծիքով՝ Կարեն Սմբատյանը մեծ ձգողականություն ունեցող արվեստագետ է, անընդհատ դուրս ես գալիս սրահից եւ ուզում ես վերադառնալ»:
Գայանե Դավթյանը վկայակոչեց արվեստաբան Մարտին Միքայելյանի խոսքերը, որը ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է. «Կարեն Սմբատյանի պես արվեստագետների շունչը պետք է անընդհատ լինի Հայաստանում, նման ցուցահանդեսները պետք է տանել հեռավոր գյուղեր, որ այդ կրակները այնտեղ էլ բոցավառվեն, որովհետեւ այս աշխատանքները սրբապատկերների նման են»:
Մի առիթով Կարեն Սմբատյանն ասել է. «Գեղանկարչական փայլատակումները, վիրտուոզ տեխնիկան, զարմանալի պլաստիկան և վերջապես տաղանդը դեռևս քիչ են արվեստի կատարյալ գործ ստեղծելու համար։ Կարևորը արվեստագետի ասելիքն է»:
Հավելենք, որ Կարեն Սմբատյանի կտավները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Վաշինգտոնի «Կանոն» ժամանակակից արվեստի ինստիտուտ թանգարանում, Դետրոյթի «Ռիչարդ Մանուկյան» ցուցասրահում, Փարիզի «Արշիլ Գորկի» և «Գալրի Դրաուն» ցուցասրահներում, Նյու Ջերսիի «Զիմերլի» ժամանակակից արվեստի թանգարանում և աշխարհի բազմաթիվ երկրների մասնավոր հավաքածուներում։
Ինչ վերաբերում է երեւանյան ցուցահանդեսին, այն կգործի մինչեւ օգոստոսի 15-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ