Ս.թ. օգոստոսի 18-ին ՀՀ նկարիչների միությունում կբացվի ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ստեփան Անդրանիկյանի անհատական հետահայաց ցուցահանդեսը` նվիրված նկարչի 90-ամյակին: Ցուցահանդեսը ընդգրկում է 1940-2016 թթ. ընկած ժամանակահատվածը և ներկայացնում է նկարչի ստեղծագործական ուղին` կինոարվեստում, որին նա նվիրել է իր կյանքի ավելի քան քառասուն տարիները:
Ցուցադրությունը արտացոլում է Ստ. Անդրանիկյանի ստեղծագործության բազմաբովանդակ բնույթը: Այստեղ ներկայացված են նկարչի կինոյի, թատրոնի և հեռուստատեսության համար կատարած էսքիզները, ճեպանկարները, մանրակերտները` այն ամենը, ինչ մնում է բեմադրական կադրից դուրս և սովորական հանդիսատեսի համար տեսանելի չէ: Ցուցադրությունը լրացված է գեղանկարչական ու գրաֆիկական գործերով, որոնք ներկայացնում են մշակույթի գործիչների, նկարչի ժամանակակիցների դիմանկարներն ու ճեպանկարները: Լինելով հարազատ վայրերի յուրօրինակ տարեգրություն`հատուկ տրամադրություն են ստեղծում բնանկարները, իսկ նատյուրմորտները պատկերում են իրային-առարկայական աշխարհը, որի հետ քաջածանոթ է թատրոնի ու կինոյի նկարիչը: Գեղանկարչության մեջ այս աշխարհը դառնում է մետաֆոր-փոխաբերություն և խորհրդանիշ-նշան:
Այցելուին կներկայացվի նաև Ստեփան Անդրանիկյանի անձնական լուսանկարների մի շարք, ինչպես նաև տեղի կունենան նկարչի մասին ֆիլմի ցուցադրում, նրա հետ ունեցած հարցազրույցների և նրա մասնակցությամբ ստեղծված կինոնկարների դիտում: