«Այս պատժամիջոցների հետեւանքները դեռ շատ երկար ժամանակ զգալի կլինեն Ռուսաստանի համար, որի հնարավորությունները տնտեսական ոլորտում մեծապես կսահմանափակվեն: Պետք է սպասել, որ Ռուսաստանը չի համակերպվի դրա հետ եւ կփորձի որոշակի հակապատժամիջոցներ կիրառել: Ու պարտադիր չէ, որ դրանք լինեն տնտեսական ոլորտում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի դեմ ուղղված նոր պատժամիջոցներին, ասաց արեւելագետ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա բնորոշմամբ՝ այդ պատժամիջոցները տնտեսական պատերազմի հայտարարություն են ՌԴ-ին. «Ի պատասխան նա կփորձի ակտիվացնել քաղաքականությունն աշխարհում եւ նոր դաշնակիցներ ձեռք բերել: Բացառված չէ, որ կուժեղացնի իր ռազմականացման գործընթացը եւ կփորձի ձերբազատվել դոլարից՝ որպես առեւտրային գործարքներ իրականացնելու միջոց»:
Ինչ վերաբերում է ՌԴ բարեկամ Հայաստանին, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ մեր պես երկրին ձեռնտու է, որպեսզի գերտերությունների հարաբերությունները հնարավորինս կարգավորված լինեն:
Մանրամասները` տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ