Իր ծննդյան հերթական տարեդարձին սևանցի կապիտան Վահե Խաչատրյանը ստացավ անսպասելի ու լավագույն նվերներից մեկը` գիրք իր մասին` Վարդուհի Գասպարյանի հեղինակությամբ:
«Երբ կանչում է հողը հայրենի» գրքի շնորհանդեսը կայացավ Վահեի հայրենի քաղաքում: Սևանում այդ օրը հյուրընկալվել էին նրա հարազատներն ու մտերիմները, զինակից ընկերներն ու հերոսների մայրեր:
Ոչ վաղ անցյալի հերոսական էջերն ու դրվագները հաջորդում էին միմյանց` ներկաներին տեղափոխելով 2016թ. ապրիլ ամիսը: Ապրիլյան քառօրյա պատերազմը մեր ոգու փորձության հերթական մարտադաշտն էր, որն այս անգամ էլ պսակվեց պատվով ու հաղթանակով: Այդ հաղթանակի համար շատերն իրենց կյանքը դրեցին հայրենիքի փրկության զոհասեղանին: Ինչպես գրքում է ասվում. «Վահե Խաչատրյանն էլ, մարդ, ով հետևեց իր հոգու կանչին, մարդ, ով անցյալում թողնելով իր ապրած ու հաղթանակած օրերը, գնաց գիտակցված մահվան, սակայն մահից ուժեղ գտնվեց»:
Ռազմական համալսարանի շրջանավարտն իր ծառայությունն սկսեց որպես դասակի հրամանատար: Առաջին անգամ զորամաս մտավ ու 20 զինվոր ուներ: Սիրեց իր զինվորներին ու նրանցից յուրաքանչյուրին իրենը համարեց: Քառօրյա պատերազմից հետո էլ հասկացավ, թե ինչ է երջանկությունը. «Երջանկությունն այն է, երբ զորքդ տանում ես մարտի ու ամբողջ կազմով դուրս ես բերում մարտից: Առանց զոհերի և հաղթանակած»:
Վահեի քաջության և նվիրումի մասին պատմում են նաև 2014թ-ին և 2016թ-ին ստացած «Արիության մեդալ»-ները:
Պատմում էին, հիշում, ներկայացնում, ապրում հպարտության անկրկնելի պահեր. այս ինքնատիպ միջոցառման մասնակիցներին միավորել էին նույն զգացողություններն ու ապրումները:
Վահեին, գրքին հեղինակին, մեր բոլոր ժամանակների հերոսներին ու նահատակներին ուղղված խոսքերը ջերմ էին ու սրտառուչ, անմիջական և սրտաբուխ:
Ներկա էին նաև զոհված տղաների մայրեր, որոնք թեև սևազգեստ էին, սակայն լուսավոր ու անկոտրուն հոգով եկել էին շնորհավորելու հերոս քաջորդուն, եկել էին իրենց զավակների կարոտն առնելու:
Շնորհավորանքները, բարեմաղթանքները, հիշողությունները մի քանի ժամ եկել-մեկտեղվել էին` դառնալով բանաստեղծություն, երգ, սրտի խոսք:
Օրը լիարժեք դարձնելու համար արվել էր հնարավորը. հուզմունքն ու հպարտությունը կողք կողքի էին, իսկ Վահեն պատմում էր. «Քառօրյա պատերազմը փոխել է իմ աշխարհայացքը և պատկերացումները կյանքի հանդեպ: Այժմ ոչ միայն ես, այլ իմ բազմաթիվ զինակից ընկերներ կարող են վստահաբար ասել, որ չկա վեհ ու ազնվագույն առաքելություն, քան հայրենիքի պաշտպանությունն է, քեզ վստահված սահմանագիծն աննկուն պաշտպանելը, քո հայրենակիցների վստահությունն արդարացնելը: Մենք հաղթել ենք մեր զինվորների ոգու ուժի շնորհիվ»:
Ինչպես նշեց արձակագիր Սիրանուշ Դադյանը, այս գիրքը ոչ միայն պատմություն է, այլ հոգեվիճակ է, որ տիրում է սահմանում, զինվորի հոգում: Կարդալով այս` հասկանում ես, որ քանի դեռ կան Վահեներ, մենք կարող ենք վայելել սրտով ուրախություն, կյանքով ջերմություն և հոգով խաղաղություն:
Գրքի հեղինակ Վարդուհի Գասպարյանն էլ իր գրքի վերջում, որպես հետգրություն` նշում է. «Անուններ կան, որոնք պետք է չմոռացվեն ու հավերժ հիշվեն, իսկ դու մեր կողքին ապրող հերոս ես, որի համար շնորհակալ եմ քո ընտանիքին…»:
Վահե Խաչատրյանի, իր հյուրերի, մտերիմների ու հարազատների համար անակնկալներով լի ու հագեցած օրը դեռ երկար կհիշվի:
Մինչ շատերը վայելում էին Վահեի ներկայությունը, նա շտապում էր ծառայության, որը նաև իր կենսագրությունն է, իր ապրելու կերպը, որովհետև այլ կերպ նա չի էլ պատկերացնում իր այսօրն ու վաղը:
ԱՐՄԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ