Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի կա ՀՀԿ-ի այդ համակարգը, միեւնույն է, թե ով կլինի վարչապետի դերում»

Օգոստոս 14,2017 14:30

Գեւորգ Գորգիսյանը կասկածում է, որ ժողովուրդը կընդվզի Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու դեմ, որովհետեւ, ըստ նրա, բնակչության մեծամասնությունը 5 տարով ծախել է իր բողոքելու իրավունքը:

«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը օրերս «Ազատությանը» տված հարցազրույցում ասել էր, որ իշխող կուսակցությունը ցանկանում է պառակտել իրենց ընդդիմադիր ուժը, որպեսզի «Ելքը» չկարողանա պայքարել 2018 թվականից հետո վարչապետի պաշտոնը ստանձնելու Սերժ Սարգսյանի ծրագրի դեմ: Նրա խոսքով՝ երբ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո ստանձնի վարչապետի պաշտոնը՝ «ակնհայտ է, որ դա հիասթափության ալիք է բարձրացնելու: Ու ո՞վ է դրա դեմ բողոքելու, «Սասնա ծռերը» բանտում են, մնում է «Ելք» դաշինքը: Պետք է «Ելք» դաշինքը պառակտել, այնպես, ինչպես ՀԱԿ-ը պառակտեցին»:

«Առավոտը» «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին հարցրեց՝ կհաջողվի՞ իշխանությանը «Ելքը» պառակտել, դրա համար հիմքեր կա՞ն, հնարավո՞ր է, նա պատասխանեց. «Գործնականում «Ելքի» ներսում որեւէ տարաձայնություն բնավ գոյություն չունի, այսինքն՝ որեւէ նախանշան, որ կարող է կանխորոշել կամ հուշել, որ երբեւէ «Ելքը» կարող է քանդվել, այս պահի դրությամբ նման ոչինչ գոյություն չունի»: Թե ինչու են իշխանությունները ծրագրել հենց «Ելքը» պառակտել, էլ ուրիշ ընդդիմադիր գոյություն չունի՞, Գեւորգ Գորգիսյանի խոսքերով՝ «Հայաստանի գաղութային վիճակի իրենց գլոբալ տեսլականի հետ հակադրվում է միայն «Ելք» դաշինքը: Մյուս բոլոր խորհրդարանական եւ նույնիսկ արտախորհրդարանական ուժերի մեծամասնությունը, երբ ժամանակին հնարավորություն են ունեցել դեմ արտահայտվելու կամ որեւէ քայլ ձեռնարկելու ԵԱՏՄ չմտնելու ուղղությամբ, օրինակ, ոչինչ չեն արել: Միայն «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն են, որ ժամանակին ինչ-որ բան են արել դրա դեմ եւ հիմա էլ խոսում են Հայաստանի անկախության, շահերի, էներգետիկ անկախության, անվտանգության այլընտրանքների փնտրտուքի, այն ամենի մասին, ինչը Հայաստանի շահերից է բխում եւ միգուցե դեմ է մեր որոշ գործընկերների շահերին: Բայց մենք անկախ պետություն ենք եւ պետք է առաջնորդվենք մեր երկրի շահերով»:

Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի վարչապետ լինելուն մյուս ուժերը կո՞ղմ են, միայն «Ե՞լքն» է դեմ, որ իշխանությունները «Ելքն» ուզում են պառակտել, Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա: Իրականում եթե չլինի լրջագույն ժողովրդական մի ընդվզում, քաղաքացիների կողմից չլինի այդ պահանջը Սերժ Սարգսյանի՝ վարչապետ չդառնալու, որեւէ քաղաքական ուժ ոչինչ չի կարող անել: Փոփոխություններ բերելու, իշխանափոխություն անելու ցիկլը մենք արդեն անցանք, դա խորհրդարանական ընտրություններն էին: Հաջորդը հինգ տարի հետո է: Եվ քանի որ ժողովուրդը գնաց եւ ընտրեց ՀՀԿ-ին ինչ-ինչ ձեւով, գիտեք՝ երբ ընտրակաշառքի մասին խոսում ենք, քաղաքական ուժերը ոչ թե քաղաքացուց գնում են ձայնը, այլ գնում են առաջիկա 5 տարիներին բողոքելու իրավունքը: Բոլոր այն մարդիկ, որոնք վերցրել են ընտրակաշառք, այլեւս իրավունք չեն ունենալու բողոքել եւ դժվար թե ընդվզեն ՀՀԿ-ի որեւէ որոշման դեմ: Քանի կա ՀՀԿ-ի այդ համակարգը, միեւնույն է, թե ով կլինի վարչապետի դերում՝ դա կլինի Սերժ Սարգսյանը, թե որեւէ մեկը, ում հերթական անգամ Սերժ Սարգսյանը կարող է բերել, հետո քավության նոխազ սարքելով հանել, ինչպես վերջին տարիներին մենք տեսել ենք»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն՝ էական էլ չի՞ ըստ էության, թե ով կլինի վարչապետ, քանի որ միեւնույն է՝ ՀՀԿ-ի կողմից է լինելու, Գեւորգ Գորգիսյանը պատասխանեց. «Հա, եթե ՀՀԿ-ն է նշանակելու, ենթադրենք, Սերժ Սարգսյանը չեղավ, ուրիշ մարդ եղավ, եւ Սերժ Սարգսյանը շարունակեց մնալ կուսակցության ղեկավար եւ, այսպես ասած, ստվերային ղեկավարել երկիրը, ի՞նչ տարբերություն: Ի՞նչ տարբերություն, եթե նորից բոլոր լծակներն իր ձեռքում են մնալու: Առաջիկայում միակ տարբերակը, եթե որեւէ քաղաքական ուժ փորձի որեւէ բան անել, դա կլինի այն պարագայում միայն, եթե լինի ժողովրդական պահանջ: Իսկ ես կասկածում եմ, որ այդ պահանջը կլինի, որովհետեւ բնակչության գերակշիռ մեծամասնությունը իր բողոքի իրավունքը արդեն իսկ վաճառել է»:

Երբ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանն ասել էր՝ «Ավելի ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ», սա մամուլում եւ սոցցանցերում բուռն քննադատության ալիք բարձրացրեց առ այն, որ «Ելքը» ծախվել է: Մեր հարցին՝ հիմա, փաստորեն, նման մոտեցում էլ Դո՞ւք ունեք Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու մասին, Գորգիսյանը պատասխանեց. «Սասուն Միքայելյանն ասել է, որ ավելի լավ է ինքը գա, եւ ինքն էլ պատասխանատվությունը կրի, ոչ թե բերի խամաճիկի: Այս առումով ես համամիտ եմ: Գիտե՞ք, իրականում ինչ կատարվեց Սասուն Միքայելյանի հարցազրույցից հետո, մեր դեմ, ինչպես միշտ, սկսեց աշխատել քարոզչամեքենան: Վերնագիրը չէր բացում այն, ինչ ասել էր Սասուն Միքայելյանը, կոնտեքստն էր նույնիսկ խեղաթյուրվել: Վերնագիրը գնաց, որ «Ելքը» սատարում է Սերժ Սարգսյանին: Կոնկրետ ուղղորդված քարոզչություն սկսվեց մեր դեմ»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

12.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031