Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ընտանեկան բռնության մասին օրենք չկա, բայց սա չի նշանակում, որ ընտանիքի անդամներն իրար պետք է ծեծեն, խոշտանգեն»

Օգոստոս 14,2017 14:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը եւ ոստիկանության քրեական հետախուզության եւ գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը:

Լուսինե Բուդաղյան.– Կարծես ընտանեկան բռնությունների «մեկամսյակ» է մեկնարկել մեր հանրապետությունում. վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրար հետեւից միջադեպեր արձանագրվեցին` օգոստոսի 3-ին ամուսնու կողմից սպանվեց 34-ամյա Մելինե Աղաջանյանը, օգոստոսի 6-ին ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ հայրն աթոռով հարվածել է աղջկան, ամենադաժան սպանություններից մեկն էլ, որի մասին խոսակցությունները ոչ մի կերպ չեն հանդարտվում, Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքն է: Կինը քնած ժամանակ կացնահարել էր ամուսնուն: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա տարիներ շարունակ բռնության է ենթարկվել ամուսնու կողմից:

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի ընդունումը հետաձգվում է, ընտանեկան բռնությունների դեպքերի թիվն, ըստ պաշտոնական տվյալների, ավելանում:
Տիկին Դուրյան, Հայաստանում չկա ընտանեկան բռնության համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենք: Ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները, իրավապաշտպանները պնդում են, որ համապատասխան օրենքի բացակայությունը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ եւ նպաստում տնային բռնությանը: Ի՞նչ կասեք:

Նելլի Դուրյան.– Այո, Հայաստանի Հանրապետությունը օրենք չունի ընտանեկան բռնության մասին, բայց սա չի նշանակում, որ անպատիժ են մնում այն անձինք, տվյալ դեպքում՝ ընտանիքի անդամները, որոնք կատարում են հանցանք` ձեռք են բարձրացնում, ծեծում են, խոշտանգում են, մարմնական վնասվածք են հասցնում, կամ տեղի է ունենում սպանություն: Բոլորն էլ պատասխանատվության են ենթարկվում ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն: Այո, օրենք չկա, բայց սա չի նշանակում, որ պետք է մեկը մյուսի վրա ձեռք բարձրացնի, ընտանիքի անդամներն իրար չհարգեն, չգնահատեն, իրար ծեծեն, երեխաներին թիրախ դարձնեն:

Լ. Բ.– Տիկին Հովհաննիսյան, այ, ոստիկանության պատասխանատուները, երբ այս հարցը բարձրացվում է, հակադարձում են, որ ՀՀ Քրեական օրենսգրքում կան ընդհանուր հոդվածներ, որոնք քրեական պատասխանատվություն են նախատեսում ծեծի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ սեռական բռնության համար: Արդյոք սա բավարա՞ր է, որպեսզի ընտանեկան բռնության ենթարկվող անձանց թիվը մեր երկրում պակասի:

Զարուհի Հովհաննիսյան.– Ես ավելի խորքից կգամ: Մեր Սահմանադրությունն ասում է, որ մենք ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն ենք: Առաջին երկու բաղադրիչների մասին այսօր չեմ խոսի, բայց իրավական եւ սոցիալական բաղադրիչների մասին կխոսեմ: Մենք ոստիկանական պետություն չենք, որ անընդհատ ասում ենք` ոստիկաններն այս չարեցին, այն չարեցին, բայց մենք սոցիալական պետություն ենք մեզ հռչակել, իսկ սոցիալական ինստիտուտները Հայաստանում զարգացած չեն: Եթե մենք խոսում ենք ընտանեկան բռնության մասին, մենք պետք է հստակորեն պատկերացնենք, որ այստեղ կանխարգելումն առավել մեծ նշանակություն ունի, քան պատժիչ գործողությունները: Որովհետեւ մարդը չի կարող փոխվել անգամ, եթե նրան ամենախիստ պատիժը տան: Ես ինքս մտնում դուրս եմ գալիս քրեակատարողական հիմնարկներ, այնտեղ էլ ավելի կբարդանա նրա վիճակը, եթե նրան փակեն եւ չկատարեն բավարար սոցիալական աշխատանք նրա հետ: Հիմա մենք չունենք կանխարգելիչ օրենսդրություն: Պատժիչը կա ինչ-որ չափով, ճիշտ է, քրեականացված չէ ընտանեկան բռնությունը՝ որպես այդպիսին, ուղղակի Քրեական օրենսգրքով կան քրեական պատասխանատվություն ենթադրող հոդվածներ: Իսկ կանխարգելիչ օրենսդրություն ընդհանրապես չունենք: Իսկ դա ենթադրում է այսպիսի իրավիճակ. ընտանիքում վիճակը թեժանում է, ո՞ւր զանգահարել՝ ոստիկանությո՞ւն, ոստիկանությունը գալիս է ինչ անի, եթե կա մարմնական վնասվածք, եթե կա քրեական պատասխանատվության ենթակա ինչ-որ իրավիճակ, գրանցում է, եթե դա չկա, որեւէ աշխատանք ոստիկանությունը չի կարող, որպես այդպիսին, կատարել, իսկ սոցիալական աշխատողը, որը կկարողանա այս օրենսդրության միջոցով մտնել ընտանիքի հետ աշխատել, արդեն կարող է իրավիճակ փոխվել եւ չհասնել քրեական հանցագործության: Բուն այս օրենսդրությունը նախատեսում է ե՛ւ առողջապահության համակարգ, ե՛ւ կրթական ու, ամենակարեւորը, զանգվածային լրատվամիջոցները:

Եթե այդ օրենսդրությունը մտնում է, նշանակում է` մենք ունենում ենք քաղաքական մոտեցում այս խնդրին, եւ նաեւ այդ արկղը եւս մտնում է ընտանիք: Միասին պետք է աշխատանք տարվի այդ ընտանիքների հետ: Ես կարծում եմ, որ նմանատիպ քաղաքականության մշակումը բավական լուրջ փոփոխություն կմտցնի:

Ն. Դ.- Այո, շատ մեծ անելիք ունի սոցիալական ոլորտը, սոցիալական աշխատողները, որոնք կանխարգելման աշխատանքներում շատ մեծ դերակատարություն ունեն: Պարզապես մեկ դիտարկում. այնպես չէ, որ ոչ մի կանխարգելիչ աշխատանք չկա, կա, անհաշտ ընտանիքներին հաշվառման վերցնելը կանխարգելման ձեւ է, որը որ իրականացնում է ոստիկանությունը: Հաշվառված ընտանիքների թիվն էլ ավելացել է, շուրջ 500 ընտանիք է արդեն իսկ հաշվառման վերցված՝ որպես անհաշտ ընտանիք: Մեկ տարի այդ ընտանիքները հաշվառման մեջ են գտնվում, նրանց հետ հանդիպումներ են տեղի ունենում, զրույցներ են տեղի ունենում, թե որքանով արդյունավետ կարող են լինել, որոշ դեպքերում, միանշանակ, արդյունավետ է լինում, դրական արդյունքը տեսնում ենք, որոշ դեպքերում, օրինակ` Թագուհի Մանսուրյանի դեպքում` ոչ: Նրանց ընտանիքը նույնպես հաշվառված էր: Այո, շատ մեծ անելիք ունենք, խոսում ենք օրենքի մասին, ասում ենք` օրենքը չկա` դեպքերը շատ են, մենք կունենանք օրենք` էլի դեպքերը շատ կլինեն, ուրիշ հարց, որ այստեղ ոստիկանները կունենան գործառույթներ, որոնցով կկարողանան պաշտպանել բռնության ենթարկված զոհին: Բայց որ բռնություն չենք ունենա, այդպիսի բան չի լինում, ցավոք սրտի: Ամբողջ աշխարհում բոլոր ժամանակներում եղել է, բոլոր պետություններում կա, լինելու է, բայց խոսում ենք նրա մասին, որ պետք է նվազեցնենք, պաշտպանենք մեր զոհերին, կարողանանք մեխանիզմներ ստեղծել` հնարավորինս պաշտպանելու, օգնելու ու աջակցելու, աշխատելու բռնարարների հետ: Օրինակ` զարգացած երկրներում կան հոգեբանական կենտրոններ, որտեղ հոգեբաններն աշխատում են բռնարարների հետ, աշխատում են նաեւ բռնության զոհերի հետ, որովհետեւ այստեղ երկուստեք աշխատանք է պետք: Ոչ միայն բռնարարն է այստեղ խնդիրը, նաեւ բռնության զոհն է լինում շատ դեպքերում խնդիր: Այս աշխատանքը տարվում է, որպեսզի կարողանան պահպանել ընտանիքը:

Մենք էլի կունենանք ընտանեկան բռնության դեպքեր, բայց մենք պետք է կրթենք մեր երեխաներին, մենք պետք է չզլանանք խոսել մեր երեխաների հետ, շատ խոսել: Մենք պետք է սկսենք մեզնից, մեր երեխաներից, նրանց կրթելուց ու դաստիարակելուց:

Քննարկումն ամբողջությամբ`

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

12.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031