Սիրանույշ Գալոյանն ասում է՝ 10 տարուց ավելի իրեն
բռնության է ենթարկել, ամուսինն էլ պնդում է՝ երբեք կնոջը չի ծեծել
«Լավ կհիշեմ գը առաջին ծեծս». ամուսնությունից 16 տարի անց էլ Սիրանույշ Գալոյանը չի մոռացել, թե ինչպես էր ամուսինը պարբերաբար բռնության ենթարկում:
Շիրակի մարզի Հայրենյաց գյուղում 16 տարեկանում ամուսնացած 32-ամյա Սիրանույշն ասում է՝ ամուսնական երջանկություն չի տեսել. «Ընձի ազատ չէի կըրնա զգայի, անընդհատ ընձի կճնշեին: Առաջին էրեխեն օր ծնվավ, հլը քառասունքի մեջ էր՝ առաջին ծեծս կերա. լվացքի պարզաջուրը լցրեցի ծառների տակ, սկեսուրս ըսավ սապնաջուր է, ըդոր համար ծեծել տըվավ ընձի: Ամուսինս հարվածեց գլխիս, տղամարդու զարգ էր, ընպես ուժեղ զարգավ, լաց էղա, ես էլ կերակրող մայր էի, շատ վատ գզացի: Բայց խասյաթ չունեի երկար խռով մնալու, հանդուրժեի գը»:
Այս ընտանիքում ծեծ ու կռիվը մշտապես կենցաղային հողի վրա էին լինում, Սիրանույշն ասում է՝ չնչին առիթն էլ բավական էր, որ ամուսինը բռնություն գործադրեր, նույնիսկ դասերը չպատրաստելու համար երեխաներին նախատելն էր հանդիսանում կնոջը ծեծելու հիմք. «Երեւի, որ առանց սիրել ամուսնացանք… մերս ըսավ՝ սերը հետո կգա: Կյանքս խիստ ռեժիմային բանտի պես էր: Սկզբից հանդուրժեի գը, ոստիկանոթյուն չէի դիմում, էդ խուլ տեղերը ինչ ոստիկանություն, էդի խայտառակություն է՝ ընդեղ ոստիկանություն դիմես: Հետո տղես ծնվեց, կյանքս ինչ դարձավ, չըսեմ: Դաժե ջուխտ նասկու հըմար շան օրը կգցեին: Իմ ամուսին կըսեր՝ տղեն ծնվավ՝ դուխ վերցիր: Ես սեր ու ջիգյար չեմ տեսել, մա՞րդ էլ իրա էրեխեքի մորն էդքան կատեր, կկապտուցցներ: Անընդհատ ծեծում էր, գլուխս անընդհատ ցավում էր, միշտ հիվանդ, տկար կեղնեի, ատամս որ ցավում էր, բանի տեղ չէին դնում, մինչեւ էնքան կցավար՝ ձենով կճվայի, որ նոր տանեին քաշեին»:
Սիրանույշն ասում է՝ 2001 թվականից ամուսնացած է, այս ընթացքում ծեծն անպակաս է եղել, բայց, իր խոսքերով ասած՝ առաջին անգամ հանդգնել է դիմել ոստիկանություն 2009-ին. «Ամուսինս էլի ընպես զարգեց գլխիս, ուռավ, մեռնում էի ցավից, զանգեց ախպորս, թե՝ եկեք ձեր դիակը տարեք: Ոստիկանությունում էլ ասացին՝ քու մարդն ա էլի, դիմում չվերցրին, գյուղապետին կանչին, տարան միացրին էլի: Մի անգամ 2011-ին էլ «պեչկի» երկաթի շշով էնպես էր ընձի զարգել, էնպես էր զարգել՝ ջանս կապտել էր»:
Սիրանույշը պատմում է, որ այդ տարիների ընթացքում բռնությունների ականատես էին լինում նաեւ 2 երեխաները, նրանք անգամ սկսել էին կրկնօրինակել հորն ու տատիկ-պապիկին, որոնք էլ իր նկատմամբ անհարգալից էին վերաբերվում:
Սիրանույշն ասում է՝ երբ մետաղյա ձողով ծեծից հետո ապաքինվել էր, տանն էլի խոսք ու զրույց, էլի կռիվ, ամուսինը որոշել էր ամուսնալուծվել, թեեւ պաշտոնապես որպես ամուսիններ գրանցված չէին: Բայց էլի գյուղապետարանը գործին խառնվեց, էլի հաշտվեցին, ու էլի նույն կյանքը շարունակվեց:
«Հետո լավ-վատ, ապրինք էլի 5 տարի, բայց 2016-ին համբերությունս հատավ, ու պապաս էլ, որը հոգեկան խնդիրներ ուներ, մամայիս խփել սպանել էր, ես էլ որոշեցի, էլ չեմ կըրնա դիմանալ: Մի անգամ գոմից եկա տուն, տղես կամպյուտորի մոտ նստած էր, ջղայնացա, ըսի՝ դասերդ արա, նեղվեց, լացեց: Ամուսինս, որ տուն եկավ տղիս տեսավ տենց նեղված, իմացավ, որ ես եմ ջղայնացել, մեկ էլ անբնական ձենով կանչեց ինձ՝ աղջի, արի ստե: Ես արդեն պատկերցրի, որ էլի ծեծ պըտի ուտեմ, ու էլի ամբողջ ուժով զարգեց գլխիս: Կողքով անցնում էի՝ էլի զարգեր գը, գլուխս պատով էր տալիս: Ու էլի զանգին ախպորս ըսին՝ արի ձեր ջանդակը տար»:
Սիրանույշը պատմում է, որ այս դեպքից հետո շտապօգնություն էին կանչել, որից հետո նաեւ ոստիկաններն էին այցելել: Ծեծի առնչությամբ Սիրանույշը դիմում էր գրել իրավապահ մարմիններին: Սակայն հետո դատաբժշկական փորձաքննությունը եզրակացություն է տվել, ըստ որի՝ Սիրանույշի մարմնի վրա բռնության հետքեր չկան. «Ըսեցի՝ «սպեցիալնի» գլխիս ա զարգել, որ հետք չմնա: Գնացի հիվանդանոց, որ գլուխս նկարեին, ըսին՝ 10 հազար դրամ պիտի մուծես, անվճար չի հասնում, տենց էլ չնկարին: Վերջում գրին՝ պաթոլոգիական խնդիրներ չկան»: Բայց 32-ամյա կինը պնդում է՝ ամուսնության տարիներին բազմաթիվ բռնությունների ընթացքում առողջական խնդիրներ է ձեռք բերել:
Հիմա այս կինը ապրում է երեխաներից հեռու, ամուսինը թույլ չի տալիս տեսակցել. մայրը որքան էլ փորձում է հանդիպել երեխաներին՝ ապարդյուն, երեխաներն էլ՝ մեկը՝ 14, մյուսը՝ 13 տարեկան, չեն ցանկանում մորը տեսնել:
Գյուղապետարանի աշխատակազմի հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողովի նախագահն էլ մեզ հետ զրույցում վստահեցնում է՝ փորձել են Սիրանույշի երեխաների հետ զրուցել, համոզել, որ մոր հետ հանդիպեն, զրուցեն, բայց նրանք կտրականապես մերժել են, առանց բացատրություն տալու, պարզապես ասել են՝ չենք ուզում:
Սիրանույշի ամուսնու ընտանիք մեր այցելության ժամանակ Սիրանույշը կրկին փորձեց տեսնել երեխաներին, սակայն ամուսինը՝ Վոլոդյա Մնացականյանը, թույլ չտվեց:
Հոգեբաններն ասում են՝ ընտանեկան բռնության զոհ են դառնում ոչ միայն կանայք, նաեւ այդ ընտանիքի երեխաները: Սիրանույշի երեխաների պարագայում էլ, ակնհայտ էր, այս ընտանեկան բռնությունից եւ ամուսինների նման վարքագծից մեծապես տուժում են երեխաները: Մեր այս այցելության պահին Սիրանույշը փորձում էր գրկել երեխաներին, եւ թեեւ դուստրը դեմ չէր, սակայն ամուսնու սպառնալիքներից հավանաբար վախեցավ, չկարողացավ գգվել մորը:
Վոլոդյա Մնացականյանը մեզ հետ զրույցում պնդում էր, որ ինքը երբեք չի ծեծել կնոջը. «Հեչ մէ պատասխան չունիմ, լավ է ըրե, ըսել է, թե ծեծել եմ, ինչ ձեւ կըրցավ՝ արեց, բայց ես մաքուր եմ, ես իրան չեմ խփել, դատ ու դատարան եմ տվել»:
Վոլոդյայի մայրն էլ մեզ հետ զրույցում ասում էր. «Նա միշտ էլ խաբում էր, թե իրան ծեծել են: Էդ անգամ կռիվ էղավ էրեխեքի պատճառով: Դա մտել ա բաղնիք էմալա կըճվա, էմալ ա կըճվա, ու էդ մոմենտին տղես եկավ, թոռս էլ՝ պապա, մաման ընձի ծեծում ա, նա էլ մարդու վրա սկսեց գոռգոռալ: Ըսի՝ Վալոդ ջան, չսպանես դրան, գործ չունես: Էտի էս տան հարս չի կըրնա էղնի, լեզուն իրան չի քաշում»:
Վոլոդյա Մնացականյանը հայցով դիմել է դատարան՝ երեխաների խնամակալությունն իրեն հանձնելու եւ նրանց բնակության վայրը որոշելու պահանջով: Հակընդդեմ հայցով Սիրանույշն էլ է դիմել դատարան՝ նույն պահանջով:
Օրերս Մնացականյանի հայցով առաջին նիստն էր, որը, սակայն, հետաձգվեց, քանի որ հայցվորը հակընդդեմ հայցը չէր ստացել, ինչպես նաեւ խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը ներկայացված չի եղել:
Հիմա Սիրանույշը փորձում է կյանքը կարգավորել, աշխատում է, վարձով է բնակվում, ասում է՝ հասցնում է նաեւ գումար տնտեսել, որպեսզի երեխաների ապրելու համար հարմար պայմաններ ստեղծի. հույսը չի կտրում, որ երեխաները մի օր կհասկանան՝ իրականում ինչ է կատարվել:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
Հ.Գ. Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ի «Արագ արձագանքման խմբի» աջակցությամբ:
«Առավոտ»
12.07.2017